Բաժիններ՝

1.5 միլիարդ դրամ՝ ոստիկանության արտաքին ֆոնն ապահովող պարեկային ծառայությանը

Վահե Ղազարյանի ղեկավարած կառույցը` Ներքին գործերի նախարարությունը, շուրջ 1.5 միլիարդ դրամ է հատկացրել պարեկային ծառայության կատարելագործման համար։

Ուշագրավ է, որ պարեկների համար ծախսվելիք 1.5 միլիարդը վերցրել են 2023 թվականի բյուջեով ոստիկանության այլ կարիքների համար նախատեսված գումարից, ինչի հետևանքով ոստիկանության մի շարք կարիքները կա՛մ չեն բավարարվի, կա՛մ դրանց համար արդեն հավելյալ գումար կհատկացվի Կառավարության պահուստային ֆոնդից, իսկ սա նշանակում է, որ ոստիկանության այլ կարիքներ պարզապես ստորադասվում են ոստիկանության իմիջն ապահովող պարեկներին։

Եվ այսպես, Ներքին գործերի նախարարությունը 2023թ. պետական բյուջեով հատկացված ընդհանուր միջոցներից կատարել է վերաբաշխում 1,459,766.7 հազար դրամի չափով. այս գումարի մի մասը վերցրել են ոստիկանությանն անհրաժեշտ մեքենաների գնման համար նախատեսված գումարից՝ առանց հիմնավորելու, թե այդ դեպքում մեքենաների համար անհրաժեշտ գումարը որտեղի՞ց են հայթայթելու։

Գումարի մյուս մասը վերցրել են անհրաժեշտ վարչական սարքավորումների համար բյուջեով հատկացված գումարից՝ դարձյալ չնշելով, թե այդ դեպքում վարչական սարքավորումներն ի՞նչ գումարով են գնելու։

1.5 միլիարդ դրամի մեջ է ներառված նաև նոր ձեռք բերվելիք մեքենաների («Շկոդա Սուպեր» և «Շկոդա Կոդիակ») ԱՊՊԱ-ի համար անհրաժեշտ գումարը՝ 110 միլիոն դրամը, ինչին, ի դեպ, առարկել է ֆինանսների նախարարությունը՝ շեշտելով, որ այս դեպքում անհասկանալի է ձեռք բերվող մեքենաների ապահովագրման համար գումարի տրամադրման հրատապությունը, լրացուցիչ գումարի անհրաժեշտությունը կամ ծախսերը ամբողջությամբ չբյուջետավորելու պատճառները։

Չնայած ֆինանսների նախարարության այս ու այլ ծավալուն առարկություններին, չնայած այն հանգամանքին, որ պետական բյուջով նախատեսված գումարներն ավելանալու կամ չծախսվելու դեպքում ենթակա են վերադարձման պետական բյուջե, Ներքին գործերի նախարարությունը մնացել է անդրդրվելի և 1.5 միլիարդ դրամն ուղղել է պարեկային ծառայությանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս