«Ինչ ասեմ, թող Աստծուն աղոթեն». Դրմբոնի գյուղապետը՝ հայությանը

249-ր օրն է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ՝ զրկված արտաքին աշխարհ դուրս գալու բոլոր միջոցներից։ 8 ամիս շարունակ Ադրբեջանը գերության մեջ է պահում 120 հազար խաղաղ բնակիչների, անջատելով գազը, էլեկտրաէներգիան, իսկ Հակարիի կամրջի վրա տեղադրված ապօրինի անցակետից արդեն երկու տղամարդու են առևանգել և տեղափոխել Բաքու։ Ադրբեջանն այս պայմաններում շարունակում է խորացնել Արցախում հումանիտար աղետն ու անվտանգային խնդիրները։

Այս ամենին զուգահեռ՝ երեկ ՄԱԿ Անվտանգության խորհրդի հատուկ նիստում, որը ՀՀ դիմումի հիմքով հրավիրվել էր Արցախում ստեղծված իրավիճակը քննարկելու համար, Ադրբեջանի ներկայացուցիչն իր ելույթի ընթացքում ցույց էր տալիս լուսանկարներ ու հայտարարում, որ Արցախում շրջափակում ու հումանիտար խնդիր չկա, քանի որ այնտեղ մարդիկ ամուսնանում են, ծննդյան տոներ նշում: Մինչդեռ արդեն միջազգային մամուլն է  հստակորեն գրում Արցախում տիրող աղետալի իրավիճակի մասին։

168.am հետ զրույցում Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղի ղեկավար Աշոտ Հակոբյանն ասաց, որ, իհարկե, դժվարություններ կան, բայց ինչպես Արցախի մյուս գյուղերն, այնպես էլ Դրմբոնը նույն դժվարությամբ փորձում է  հաղթահարել ադրբեջանական շրջափակման հետևանքները։

«Այդ որ Ադրբեջանի ներկայացուցիչը լուսանկարներ է ցուցադրում ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստում, դա դեռ չի նշանակում, որ նա իրականության մասին է խոսում, ու նրան պիտի հավատան, գուցե 3 տարի առաջվա նկար է ցույց տալիս։

Կարդացեք նաև

Այս շրջափակման ամիսներին մեր գյուղում եղել է երեք ամուսնություն, բայց ոչ հարսանիք, ուղղակի այդ զույգերը գնացել են եկեղեցի ու հետո՝ իրենց տուն, նախապես պլանավորված է եղել հարսանիքի օրը՝ չամուսնանայի՞ն»,- նշեց Աշոտ Հակոբյանը։

Նա ընդգծեց, որ այս պահին գյուղում չկան անհետաձգելի բուժման կարիք ունեցող անձինք, հեմոդիալիզով մեկ մարդ կա, նրա մասին Կարմիր խաչին տեղյակ են պահել, որպեսզի կարողանան տեղափոխել Հայաստան, քանի որ Ստեփանակերտում նրանց բուժման համար այլևս հնարավորություններ չկան։

Թե ի՞նչ կարող է անել հայությունը, մասնավորապես՝ հայաստանաբնակներն Արցախի ու արցախահայության համար, Աշոտ Հակոբյանը պատասխանեց.

«Ինչ ասեմ, թող Աստծուն աղոթեն, այլ բան չեմ կարող ասել։

Ուզում եմ մեկ շեշտադրում անել, որ այստեղ էականը ոչ թե հումանիտար բեռների տեղափոխումն է, թեպետ Արցախում բնակչությունն աստիճանաբար գրեթե սովի է մատնվում, որքան որ շրջափակման վերացումը։ Եթե վերցնենք թռչնին ու գցենք ոսկե վանդակի մեջ և ամեն ձևով կերակրենք՝ անկախ այն հանգամանքից, թե նրա սնունդն ով է տալիս ու որտեղից է, այդ թռչունը գերադասում է, որ իր սնունդն իր ձեռքով հայթայթի։ Թող այս խնդրին չմոտենան միայն որպես հումանիտար խնդրի, պետք է Արցախն ապաշրջափակվի, և ովքեր եռակողմ պայմանագրի կողմ են, պետք է այդ մարդիկ հարցը լուծեն»։

Տեսանյութեր

Լրահոս