Լիբիայում բախումների զոհերի թիվը հասել է 27-ի
Տրիպոլիի հարավային ծայրամասերում զինված խմբավորումների միջև օգոստոսի 14-ին տեղի ունեցած բախումների զոհերի թիվը հասել է 27-ի: Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով առողջապահական ոլորտի իշխանություններին։
Բժիշկները նաև հայտնել են, որ 106 մարդ վիրավորվել է: Ավելի վաղ հաղորդվել էր 9 զոհվածի և տասնյակ վիրավորների մասին:
Բախումները տեղի էին ունեցել այն բանից հետո, երբ հատուկ զսպման ուժերի կողմից ձերբակալվել էր Տրիպոլիի մի մասը վերահսկող 444-րդ բրիգադի հրամանատար Մահմուդ Համզան: Օգոստոսի 15-ին Համզան ազատ է արձակվել: Ըստ տեղի բնակիչների՝ Համզայի ազատ արձակումից հետո մարտերը փոքր-ինչ հանդարտվել են:
Ներկայումս Լիբիայում, ըստ էության, գոյություն ունի երկու կառավարություն՝ նախարարների կաբինետը երկրի արևելքում, որը կազմվել է խորհրդարանի կողմից, և Ազգային միասնության կառավարությունը՝ Աբդել Համիդ Դբեյբայի գլխավորությամբ, որի կենտրոնակայանը Տրիպոլիում է։ Անցյալ տարվա հունիսի 22-ին լրացել է Ժնևի համաձայնությունների արդյունքներով ՄԱԿ-ի սահմանած անցումային շրջանի ժամկետը, որի ավարտին Լիբիան պետք է ունենար ընտրված նախագահ և խորհրդարան։ 2021 թվականի դեկտեմբերին նշանակված ընտրությունները չեղարկվել էին անհրաժեշտ սահմանադրական հիմքի բացակայության պատճառով։
Լիբիայի զինված կազմավորումները, որոնք կապված են հակամարտող քաղաքական ուժերի հետ, հաճախ են դիմում բացահայտ առճակատման, որի հետևանքով լինում են բազմաթիվ զոհեր: