«Իրավական հիմքերը բավարար են, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը պարտավորեցնող որոշում կայացնի Ադրբեջանի նկատմամբ». Ալվինա Գյուլումյան

Այսօր տեղի կունենա ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստը, որը հրավիրվել է  Հայաստանի դիմումի հիման վրա և քննարկելու է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացման հարցը։ Ինչ ակնկալել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստից։

168.am հետ զրույցում ՀՀ Սահմանադրական և ԵԽ Մարդու իրավունքների եվրոպական դատարանների նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանը պատասխանելով այս հարցին՝ ասաց.

«Հաագայի դատարանի որոշումների ընդումից անմիջապես հետո եմ ասել, որ դրան մենք կարող ենք հասնել միայն Անվտանգության խորհրդին դիմելով։

Իմ էությամբ լավատես մարդ լինելով, ուզում եմ լավ սպասելիքներ ունենալ, բայց գիտեմ, որ դա քաղաքականություն է, մեծ քաղաքականություն, հետևաբար՝ այդ համատեքստում չեմ կարող կանխատեսումներ անել։ Ամեն դեպքում իրավական հիմքերը բավարար են, որ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը համապատասխան պարտավորեցնող ինչ-որ որոշում կայացնի Ադրբեջանի նկատմամբ»,- նշեց Ալվինա Գյուլումյանը։

Կարդացեք նաև

Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը չի ուշացրել Անվտանգության խորհրդի նիստին դիմելը, Ալվինա Գյուլումյանը պատասխանեց, որ Հաագայի դատարանի որոշումներին պետք է նախորդեին որոշակի դիվանագիտական աշխատանքներ։

«Հուսամ, մեր իշխանությունները նման աշխատանք կատարելուց հետո են փորձել դիմել»,- եզրափակեց Ալվինա Գյուլումյանը։

Հիշեցնենք, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանը ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի ներկայացրած հայցը մասնակի բավարարելով՝ որոշում էր  ընդունել՝ պարտավորեցնելով Ադրբեջանին իր ստանձնած պարտականությունների շրջանակներում ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան երկկողմանի տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Սակայն Ադրբեջանը չի շտապում կատարել միջազգային դատարանի որոշումը։ Միջազգային իրավական համագործակցության հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն  էլ դրանից հետո ասուլիսի ընթացքում ասել էր՝ չնայած որոշման կատարման վերաբերյալ ժամկետ նշված չէ, ինչը նշանակում է, որ այն պետք է կատարվի որոշման ընդունումից անմիջապես հետո։

Տեսանյութեր

Լրահոս