«Վաղվանից հարևան համայնքից մեր մոտ հացը պետք է ձիով տեղափոխեմ՝ մի կերպ փորձում ենք հաղթահարել խնդիրները». Աշանի համայնքապետ

Արդեն 247-րդ օրն է՝ Արցախը գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ՝ 120 հազար խաղաղ բնակիչներ զրկված են կյանքի համար անհրաժեշտ տարրական պայմաններից։

Հազարավոր երեխաներ չունեն օրվա հաց, հաշմանդամություն ունեցող անձինք ու ծերերը զրկված են դեղորայքից և բուժօգնություն ստանալու հնարավորությունից։

168.am հետ զրույցում Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Աշան համայնքի ղեկավար Արմեն Բալասանյանն ասաց, որ շրջափակումն իր հետ շատ ու շատ խնդիրներ է բերել,  այնքան, որ դժվարանում է թվարկել։

«Իրականում մի կերպ փորձում ենք հաղթահարել դրանք, բնակիչներն էլ՝ մեզ հետ։ Ո՞ր խնդրի մասին խոսեմ, այդպիսի ոլորտ չկա, որ խնդիրներ չունենա, օր օրի իրավիճակը բարդանում է, ու խնդիրները սրվում են»,- նշեց Արմեն Բալասանյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ամբողջ համայնքը զբաղված է բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ և գոնե դրանով կարողանում են առօրյա սննդի հարցը լուծել։

«Ցորենի բերքի առումով, այս տարի այդքան էլ հաջող չէր։ 208 հեկտարից 138 հեկտար չի հնձվել, տարին բարենպաստ չէ՝ երաշտ էր։ 70 հեկտարը հնձվել է՝ միջին բերքատվությունը 3,7 տասնորդական է»,- նշեց Արմեն Բալասանյանը։

Ըստ նրա, այս պահին համայնքում կան երիտասարդ ընտանիքներ, որոնք պետք է բուժում ստանան և այդ բուժումը հնարավոր է  ստանալ միայն Երևանում, բայց չեն կարողանում գնալ, Հակարիի կամրջի փակումն էլ այդ առումով խնդիրն ավելի է  սրել։

«Արցախում մանուկները շաքարավազ ու մանկական կեր չունեն, մի քանի օրից սեպտեմբերի 1-ն է, գրենական պիտույքների ու հագուստի խնդիր ունեն երեխաները։ Մայրաքաղաքի հետ տրանսպորտ չի աշխատում, կարողանում են միայն մեկ տրանսպորտ տրամադրել, այն էլ՝ հիվանդներին ենք տեղափոխում Ստեփանակերտի «Հանրապետական» հիվանդանոց»,- հավելեց համայնքապետը և ընդգծեց, որ մինչև հունիսի վերջ ջրի հետ կապված խնդիրներ չեն ունեցել, սակայն հուլիսից արդեն ջուրը ժամով են ստանում։

«Մինչև հունիսի վերջը ժողովրդին կարողանում էինք ապահովել շուրջօրյա խմելու ջրով, բայց հուլիսից արդեն գրաֆիկով ենք ջուր ունենում՝ օրական մեկ ժամ։ Այդ խմելու ջուրը կարողանում են օգտագործել նաև ոռոգման համար, տնամերձերի բանջարաբոստանային կուլտուրաները ոռոգելու համար։

Վաղվանից հարևան համայնքից մեր մոտ հացը պետք է ձիով տեղափոխեմ։ Մեկ ամիս է, մեր անձնական միջոցներով ենք կարողացել այդ հարցը լուծել, բայց վաղվանից այլևս չենք կարողանալու, պետք է արդեն ձիով հացի տեղափոխումը կազմակերպեմ։

Կանխիկ գումարի խնդիր կա, երկու ամիս թոշակառուները թոշակ չեն ստացել»,- եզրափակեց Արմեն Բալասանյանը։

Հիշեցնենք՝  շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության 120.000 բնակչությունը 247 օր կտրված է  արտաքին աշխարհից: Ադրբեջանը փակելով դեպի Հայաստան տանող միակ ցամաքային ճանապարհը՝ Բերձորի միջանցքը, ապա անցակետ տեղադրելով Հակարիի կամրջի մոտ, թույլ չի տալիս որևէ հումանիտար բեռ մտցնել Արցախ, բազմաթիվ երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք պարզապես սովի են մատնված։

Տեսանյութեր

Լրահոս