«Կա մեկ մեղավոր՝ Նիկոլ Փաշինյանը. ուրիշ մեղավորներ փնտրել պետք չէ». Հակոբ Հակոբյան

«Արցախում օր օրի սրվում է այն հումանիտար աղետը, որն սկսվել է արդեն 2022թ. դեկտեմբերի 12-ից, և գնալով էլ ավելի է խորանում, խնդիրները դառնում են գրեթե անլուծելի: Ունենք մասսայական դեղորայքային, սննդային խնդիրներ, սեզոնով պայմանավորված՝ նաև ջրի հետ կապված խնդիրներ, էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման մասին խոսելն ընդհանրապես ավելորդ է: Վառելիքի բացակայությունը բերում է նրան, որ չնայած առկա գյուղատնտեսական մթերքին, հնարավոր չէ դա ո՛չ հավաքել, ո՛չ տեղափոխել սպառողին: Խոսել, որ այս իրավիճակը վերածվել է աղետի, ավելորդ է, որովհետև վաղուց հումանիտար աղետ է Արցախում»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր Հակոբ Հակոբյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը փորձում է այսպիսի խնդիրներ առաջացնելով՝ իր հանցագործ նկրտումները վերջնական լուծման հասցնել. «Գրեթե ամենօրյա ռեժիմով Ադրբեջանի ղեկավարը հայտարարում է, որ իր գերնպատակը եղել է ԼՂ հակամարտությունը պատերազմի միջոցով լուծելը, և այսօր էլ իր գերնպատակն է՝ կոտրել ԼՂ-ում ապրող հայերի կամքը, որպեսզի նրանք ենթարկվեն իր պահանջներին: Ալիևը բազմիցս ինքնախոստովանել է, որ այդ ամենին հասնելու համար նույնիսկ պատրաստ է ռազմական հանցագործությունների գնալ, որովհետև երբ մարդ խոսում է հումանիտար աղետի, հումանիտար օգնություն տրամադրելու մասին, նշանակում է՝ ընդունում է, որ ինքն առաջացրել է ԼՂ-ում հումանիտար աղետ»:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, թե ինչ է կատարվել և ինչի հետևանքով է կատարվել. «Նա համարվում է ՀՀ միակ ղեկավարը, որը ճանաչել է Արցախը՝ Ադրբեջանի կազմում: Գիտեք, կարելի է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել, բայց ոչ ոք Փաշինյանից չի պահանջում,  նախ՝ տարածքային ամբողջականությունը նշելիս ինչ-որ թվեր հայտարարել, երկրորդ՝ Փաշինյանը պետք է շատ լավ հասկանար և իրականացներ այն գործառույթը, որ ԼՂ գոյությունը որևէ կապ չունի անկախ Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության հետ: Այսինքն՝ այն պնդումը, թե ինչպես նա կարող էր չճանաչել որևէ երկրի տարածքային ամբողջականություն, սին է, մանիպուլյացիա է»:

Հակոբ Հակոբյանի դիտարկմամբ՝ որևէ միջազգային դերակատար չի կարող հօգուտ հայերի ավելի շատ բան անել, քան պահանջում է բանակցությունների մեջ գտնվող հայկական կողմը. «Այսինքն, եթե հայկական կողմը բանակցությունների ընթացքում ընդունում է, որ ԼՂ-ն համարվում է Ադրբեջանի մաս, և ուղղակի հարց է դնում, որպեսզի պաշտպանվեն այնտեղ ապրող բնակիչների իրավունքները, ապա ո՛չ միջազգային հանրությունը, ընդհանրապես ո՛չ մի երկիր դրանից ավելին չի կարող բանակցությունների ընթացքում տրամադրել հայկական կողմին: Ադրբեջանը ցանկացած հանդիպման ժամանակ ներկայացնում է իր ողջ առավելապաշտական ցանկությունները և դրա դիմաց ստանում է հայկական կողմից զրոյական նշաձողի ցանկությունները: Միջնորդ պետությունները հայտնվում են մի իրավիճակում, որ եթե նույնիսկ ցանկություն էլ ունենան հօգուտ հայկական կողմի, իր ինքնորոշման համար պայքարող ժողովրդի ինչ-որ մի որոշում կամ գործողություն կատարել, ապա հենց այս իրավիճակը մեզ կաշկանդում է: Ուրիշ մեղավորներ փնտրելն ավելորդ է. այս ամբողջ պրոցեսի մեջ կա մեկ մեղավոր՝ Նիկոլ Փաշինյանը»:

Կարդացեք նաև

Հարցին՝ ինչո՞ւ նույն արձանագրումները չի անում նաև Արցախի նախագահը, նա պատասխանեց. «Երևի տեսած կլինեք, որ արդեն Արցախի իշխանությունները փոքր-ինչ փոխել են իրենց հռետորաբանությունը, սակայն, երեք տարի շարունակ, գրեթե ամենօրյա ռեժիմով հենց Արցախի Հանրապետության իշխանություններից պահանջում էինք, որպեսզի այս արձանագրումները նրանք նույնպես փաստեն:

Լինելով մեծ ճնշման տակ ՀՀ իշխանությունների կողմից, երևի թե համարձակությունը, կամքը չի հերիքել, որ այդ արձանագրումներն անեն: Սակայն, հենց Արցախի իշխանությունները հասել են մի եզրագծի, որից անդին արդեն «Արցախի Հանրապետության իշխանություն» եզրույթն է դառնում անիմաստ՝ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքում: Ուստի, վերջին մեկ-երկու ուղերձները կամ հարցազրույցները միտված են սլաքներն ուղղելու նաև ՀՀ իշխանություններին: Կկարողանա՞ն Արցախի իշխանությունները վեր կանգնել այդ ճնշումներից և իրական սուբյեկտ հանդիսացողի քաղաքականություն վարել, հնարավորություն կլինի Արցախն այս իրավիճակից հանել: Չե՞ն կարողանա, ապա մենք գտնվելու ենք Նիկոլ Փաշինյանի՝ դեպի կործանում տանող հորձանուտի մեջ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս