Հրեա գործիչները դիմել են Իսրայելի նախագահին՝ Արցախի շրջափակումը դադարեցնելու համար ջանքեր գործադրելու պահանջով

Իսրայելում բնակվող մի շարք ակադեմիկոսներ, հոգևոր, մշակութային ոլորտի գործիչներ դիմել են Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգին՝ Արցախում հումանիտար ճգնաժամի լուծմանն օգնելու և 120.000 մարդկանց ապահովելու նպատակով։

«Իսրայել պետությունը սերտ կապեր ունի Ադրբեջանի հետ՝ պետության, որը պատասխանատու է այս ճգնաժամի համար և ունի այն լուծելու կարողություն։ Այս կապերը պարտավորեցնում են Իսրայել պետությանը հստակ դիրքորոշում ունենալ և ձեռքերը ծալած չմնալ»,-ասված է նամակում։

Նամակում նաև նշվում է, որ Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը՝ ստեղծելով լուրջ հումանիտար ճգնաժամ։

«Մենք չենք կարող լռել, հատկապես հայ ժողովրդի հետ մեր պատմական ու բազմաշերտ կապի լույսի ներքո։ Ինչպես հրեական պատմությունը, այնպես էլ Հայաստանի պատմությունը կարող են վկայել քաղաքական արդարացումների մասին, որոնք օգտագործվում են անգործությունն ու ապատիան արդարացնելու համար»,- ասված է նամակում:

Նրանք երկրի նախագահ Իցհակ Հերցոգին կոչ են արել դիմել Ադրբեջանի գործընկերներին՝ պահանջելով վերացնել միջանցքի շրջափակումը։

«Սա ոչ թե Ադրբեջանի և Հայաստանի միջև շարունակվող հակամարտության մեջ որևէ կողմ ընդունելու խնդրանք է, այլ պարզապես մարդասիրական կոչ ՝ փրկելու վտանգի մեջ գտնվող կյանքեր և ապահովելու տեղաշարժի տարրական ազատություն և կյանքի համար բավարար պաշարներ»,- ընդգծել են նամակի հեղինակները։

Տեսանյութեր

Լրահոս