Բաժիններ՝

8 սովորություն, որոնք թույլ են տալիս երկարացնել կյանքը 24 տարով

Ամերիկացի հետազոտողները խոսել են լավ սովորությունների մասին, որոնք կարող են երկարացնել կյանքը գրեթե քառորդ դարով։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Գիտնականները նշել են կյանքի երկարացման ամենաարդյունավետ սովորություններից ութը, համաձայն Million Veteran Program-ի հետազոտության, որը ներկայացված է NUTRITION 2023՝ Ամերիկյան սնուցման ընկերության առաջատար ամենամյա հանդիպման ժամանակ:

Ըստ shantnews-ի՝  հետազոտությանը մասնակցել են 40-ից 99 տարեկան պատերազմի 720 հազար վետերաններ: Մասնագետներն ուսումնասիրել են մասնակիցներից յուրաքանչյուրի ապրելակերպը եւ պարզել, թե որ սովորություններն են դրականորեն ազդում կյանքի տեւողության վրա։ Նրանց տվյալներով՝ այս ութ սովորությունների իրականացումը 24 տարով կավելացնի արդեն 40 տարեկանների կյանքը, 50-ից բարձր տարիք ունեցողների համար՝ 21 տարով, իսկ 60-ն անց մարդկանցը՝ 18 տարով։

Այսպիսով, կյանքը երկարացնելու ամենաարդյունավետ միջոցը ֆիզիկական վարժություններն են։ Հետազոտության գլխավոր հեղինակ Սուան Մայ Նգուենի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր կանոնավոր և շատ են մարզվում, կյանքի տեւողությունը մեծացնում են 46 տոկոսով՝ համեմատած չմարզվողների հետ:

Կյանքի տևողության ցուցանիշով երկրորդը հետազոտության այն մասնակիցներն էին, ովքեր կախվածություն չունեն ափիոնային դեղամիջոցներից՝ և՛ բժշկի նշանակած ուժեղ ցավազրկողներից, և՛ արգելված դեղամիջոցներից: Օփիոիդների կանոնավոր օգտագործումը 34 տոկոսով նվազեցնում է կյանքի տեւողությունը, ասվում է հետազոտության մեջ: Այսպես կոչված օփիոիդային ճգնաժամը ներկայումս հանդիսանում է ԱՄՆ-ում հանրային առողջության արտակարգ իրավիճակ:

Ծխելը թողնելը նույնպես օգնում է ավելացնել կյանքի տեւողությունը: Մասնագետները նշում են, որ չծխողները միջինը 29 տոկոսով ավելի երկար են ապրում, քան ծխողները։ Նրանք հավելել են, որ ցանկացած տարիքում վատ սովորությունից հրաժարվելը մեծ օգուտներ է բերում առողջությանը։

Ավելի երկար ապրելու չորրորդ միջոցը գիտնականներն անվանել են «կյանք առանց սթրեսի»։ Ըստ գիտնականների՝ այսօր ԱՄՆ-ի շատ բնակիչներ տառապում են սթրեսից, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց առողջության վրա։ Սակայն, նրանց կարծիքով, յուրաքանչյուր մարդ կարող է փոխել իր վերաբերմունքը ներքին լարվածություն առաջացնող իրավիճակների նկատմամբ և «վատ» սթրեսը վերածել «լավի»։ Առանց սթրեսի ապրելը կարող է 22 տոկոսով մեծացնել կյանքի տեւողությունը:

Մեկ այլ առողջ սովորություն, ըստ հետազոտության, հիմնականում բուսական սննդակարգն է: Նման դիետան հիմնականում բաղկացած է բուսական մթերքներից՝ բանջարեղենից, հացահատիկից, ընկույզից ու սերմերից, ինչպես նաև հատիկեղենից և մրգերից։ Նգուենն ընդգծել է, որ նման դիետան չի ենթադրում կենդանական ծագման մթերքների ամբողջական մերժում։ Մարդիկ, ովքեր հետևում են այս սննդակարգին, ապրում են 21 տոկոսով ավելի երկար։

Ալկոհոլի չափից ավելի օգտագործումից խուսափելը նույնպես բարենպաստ ազդեցություն է ունենում կյանքի տեւողության վրա: Ըստ Նգուենի՝ մարդիկ, ովքեր կանոնավոր կերպով ալկոհոլ չեն օգտագործում, ապրում են 19 տոկոսով ավելի երկար, քան նրանք, ովքեր ալկոհոլ են օգտագործում:

Յոթերորդ օգտակար սովորությունը գիտնականներն անվանել են երկար քունը՝ օրական առնվազն յոթից ինը ժամ: Հետազոտությունը ցույց է տվել, որ բավարար քունը 18 տոկոսով ավելացնում է կյանքի տեւողությունը:

Գիտնականները նաև պարզել են, որ մարդիկ, ովքեր իրենց շրջապատում են սիրելիներով, հինգ տոկոսով ավելի երկար են ապրում, քան նրանք, ովքեր կանոնավոր մենակ են մնում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս