Պատվարժան մարդը չի կարող վարակվել․ բժիշկը ցրել է հեպատիտ C-ի մասին հայտնի առասպելները
Այն կարծիքը, որ հեպատիտ C-ն անբուժելի է, սուտ է, ասել է Ելենա Նուրմուխամետովան՝ Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի ինֆեկցիոն հիվանդությունների գծով գլխավոր մասնագետ Ելենա Նուրմուխամետովան։ Նա, ըստ shantnews-ի՝ Lenta.ru-ին տված հարցազրույցում ցրել է հիվանդության մասին այս և այլ առասպելներ:
Պատվարժան մարդը չի կարող վարակվել
Բժշկի խոսքով՝ երկար ժամանակ համարվում էր, որ հեպատիտ C-ն ներերակային հոգեակտիվ նյութեր օգտագործողների հակասոցիալական վարքագծի մարկեր է կամ հանդիպում է անբարո կյանք վարողի մոտ։ Այնուամենայնիվ, դա այդպես չէ: Այս մարդիկ, իհարկե, վտանգի տակ են, ինչպես և մատնահարդարման, դաջվածքի կամ պիրսինգի սրահների «արժանապատիվ» այցելուները։
«Բժշկական ոլորտի աշխատողները նույնպես վտանգի տակ են, քանի որ նրանք աշխատում են հիվանդների հետ, որոնց թվում կան վարակվածներ, խոսքը հատկապես վիրաբույժների մասին է, որոնք կարող են վնասվել վիրահատության ընթացքում, բացի այդ լաբորատոր ախտորոշման մասնագետները, ովքեր աշխատում են արյան հետ և այլն», – նշել է նա:
Վարակումից խուսափելու համար Մոսկվայի բժշկական կազմակերպություններում հաշվի են առնվել բոլոր անհրաժեշտ նախազգուշական միջոցները, քանի որ այս վիրուսի դեմ պատվաստանյութ չկա, բայց կա արդյունավետ բուժում, ուշադրություն է հրավիրել Lenta.ru-ի զրուցակիցը։
Մոծակները հեպատիտ C-ի կրողներ են
Այս վարկածը լիովին անհիմն է և երբեք չի հաստատվել որևէ ուսումնասիրությամբ:
Հիվանդությունը ժառանգական է
Այս հիվանդությունը գենետիկ չէ, ընդգծել է բժիշկը։
«Դա վարակ է: Որպեսզի մարդը հիվանդանա, արտաքին միջավայրից վիրուսը պետք է մտնի արյուն, այնուհետև նոր վարակ է առաջանում։ Եվ այս հիվանդությունը երբեք ժառանգական չէ»,- հավելել է Նուրմուխամետովան։
Հեպատիտ C-ն կարող է հայտնաբերվել վարակվելուց անմիջապես հետո
Հեպատիտ C-ի հայտնաբերման դժվարությունն այն է, որ հիվանդության ինկուբացիոն շրջանը երբեմն հասնում է 6 ամսվա։ Բացի այդ, վարակված մարդը երկար տարիներ կարող է իրեն լիովին առողջ զգալ։ Որոշ մարդիկ զգում են ստամոքս-աղիքային անհանգստություն կամ գրիպանման ախտանշաններ:
Հեպատիտ C-ով հիվանդի հետ բնակվողները նույնպես կհիվանդանան
«Եթե կանխարգելիչ միջոցներ ձեռնարկվեն, ապա վարակը չի փոխանցվի», – զգուշացրել է Նուրմուխամետովան:
Բավական է, որ վարակվածն ու դրա մասին իմացողը օգտվեն զուտ անհատական հիգիենայի պարագաներից, այսինքն՝ ունենան սեփական մատնահարդարման հավաքածու, ատամի խոզանակ և այլն։
Հեպատիտ C-ն անբուժելի է
Բժիշկը նշել է, որ հեպատիտ C-ն բուժվում է։ Ժամանակակից դեղամիջոցների արդյունավետությունը հասնում է 97-98 տոկոսի։ Բուժման կուրսերը, ըստ նրա, տևում են 8-12 շաբաթ։