Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազը 7 օրում զեկույց կկազմի Արցախում Բաքվի ցեղասպան քաղաքականության վերաբերյալ

Միջազգային քրեական դատարանի հիմնադիր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտնել է, որ Արցախի նախագահի խնդրանքով 7 օրից զեկույց կկազմի Արցախում հայերի ցեղասպանության վերաբերյալ: Նա այս մասին հայտնել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Արցախի նախագահը հարցրել է՝ ադրբեջանական շրջափակումը նոր ցեղասպանությո՞ւն է հայերի դեմ։ Ինձ համար պատիվ է օգնելը», – գրել է Օկամպոն:

Նա նաև հռետորական հարց է հնչեցրել, թե արդյոք Ադրբեջանի նախագահն այսօր ցեղասպանությո՞ւն է իրականացնում:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը 2022–ի դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը: Ապրիլի 23-ին Ադրբեջանն ապօրինաբար անցակետ է տեղադրել միջանցքում` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախում օրեցօր վատթարանում է մարդասիրական ճգնաժամը: Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախն աղետի գոտի էր հայտարարել:

Տեսանյութեր

Լրահոս