«Ես նման հարց չեմ քննարկել». Փաշինյանը՝ Աղդամից Ստեփանակերտ օգնություն հասցնելու Միշելի առաջարկի մասին
Այսօր Բաղրամյան 26-ում տրված ասուլիսի ժամանակ Factor.am-ը երկու հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին:
– Բրյուսելյան վերջին հանդիպումից հետո Շառլ Միշելն իր հայտարարության մեջ խոսեց Ստեփանակերտին Աղդամով օգնություն տրամադրելու՝ Ադրբեջանի առաջարկի մասին, և ասաց, որ դա կարևոր առաջարկ է: Ենթադրվում է, որ այդ հարցը քննարկվել է նաև բանակցային սեղանի շուրջ: Եթե այո, ապա ինչպիսի՞ դիրքորոշում եք դուք արտահայտել այդ օրակարգի առնչությամբ, և ընդհանուր առմամբ ինչպիսի՞ն է ձեր դիրքորոշումն Ադրբեջանի այդ առաջարկի հետ կապված:
Ավելի քան 1.5 տարի անցել է նշաձողն իջեցնելու Ձեր հայտարարությունից հետո: Այդ ժամանակ, երբ դուք այդ մասին հայտարարում էիք, ասում էիք, որ միջազգային հանրությունը լայն կոնսոլիդացիա է խոստանում Հայաստանի և հատկապես Արցախի շուրջ: Այժմ Արցախում ծայրահեղ ծանր իրավիճակ է, և այդ կոնսոլիդացիան ամեն դեպքում, առնվազն հրապարակային, կարծես թե տեսանելի չէ: Հնարավո՞ր է, որ միջազգային հանրությունն այդքան էլ լայն կոնսոլիդացիա չէր խոստանում, և դա ավելի շատ ձեր ընկալումն էր, որի վրա հիմնվելով էլ՝ դուք իջեցրեցիք նշաձողը:
– Նախ եկեք մի բան արձանագրենք: Իրադրությունը, որը մենք ունենք, և այդ իրադրության հասցեագրումը, կարգավորումը ոչ թե միջազգային հանրությանն է հարկավոր, այլ ՀՀ-ին և Լեռնային Ղարաբաղին: Ես ուզում եմ, որ սա մենք հստակ արձանագրենք, ինչը միշտ չէ, որ անում ենք: Որովհետև ըստ էության միջազգային հանրությունը չի տառապում: Այո՛, ունի որոշակի պատասխանատվություն, բայց մյուս կողմից՝ իսկ ո՞վ է ասել, որ միջազգային հանությանը ավելի շատ է հարկավոր պրոբլեմների լուծումը, քան ՀՀ-ին: Հարց՝ արդյո՞ք միջազգային հանրությունը դիրքորոշումներ արտահայտում է ԼՂ շուրջ ստեղծված իրադրության հասցեագրման ուղղությամբ: Այո՛… Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական խորհրդարանը միանշանակ բանաձևեր են ընդունել այդ թեմայով:
ԵԱՀԿ մշտական խորհրդի վերջին նիստում բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վերջին նիստում բազմաթիվ երկրներ միանշանակ դիրքորոշումներ են հայտնել այդ թեմայով: Արդարադատության միջազգային դատարանը փետրվարի 22-ին և հունիսի 16-ին հստակ դիրքորոշում է արտահայտել այդ թեմայով: Արդյո՞ք այդ ջանքերը բավարար են… Ո՛չ, այդ ջանքերը բավարար չեն, և ես դա արձանագրում եմ և պետք է շարունակեմ արձանագրել: Բայց էլի եմ ասում. Մենք մեր ընկալումներում մի փոքր մոլորության մեջ ենք, թե միջազգային հանրությանն է պետք էն, ինչ որ մենք կարող ենք անել խնդրի կարգավորման ուղղությամբ: Ամենևին միջազգային հանրությանը պետք չի, այսինքն՝ ավելի շատ ՀՀ-ին է պետք, քան միջազգային հանրությանը:
Ինչ վերաբերում է Ձեր հարցի 1-ին հատվածին, ո՛չ, ես նման հարց չեմ քննարկել, որովհետև չեմ կարծում, թե ընդհանրապես նման հարց քննարկելու որևէ մանդատ ունեմ, որովհետև Լաչինի միջանցքը ստեղծվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, որ ստորագրողներից մեկը ես եմ: Հետևաբար՝ այդ հարթակներում մենք քննարկում ենք միայն Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման և դրա բացման հետ կապված հարցերը: Այլ հարցեր ես չեմ քննարկում:
– Այսինքն՝ Միշելի հայտարարության այդ կետն անակնկա՞լ էր ձեզ համար:
– Անակնկալ չէր ինձ համար, բայց ես նման հարց չեմ քննարկել:
– Քննարկվել է բանակցությունների ընթացքում, ու դուք չե՞ք մտել դրա մեջ:
– Ո՛չ, չեմ քննարկել, որովհետև ասել եմ, որ ես նման հարց քննարկելու ո՛չ անհրաժեշտություն, և ո՛չ էլ մանդատ ունեմ:
Մանրամասները՝ տեսանյութում: