Մենք մեր Արցախում ենք ապրելու

– Ես Լիանան եմ, 6 տարեկան, ես Արիանան եմ, 6 տարեկան, ես Մարիան եմ, 6 տարեկան:

Բա դուք որտեղի՞ց եք իրար ճանաչում (պա տուք շտեղան ը՞ք իրուր ճընաչըմ):

– Զրո դասարանից (Նոլյովկից)

Բա հիմա ո՞նց եք եկել այստեղ (բա հունց ը՞ք եկալ մըհենգ ստեղ):

Կարդացեք նաև

– Ոտքով, երթուղային չկար (վըննավ, մարշրուտկա չկար):

Ինչո՞ւ, այ բալա (Խե՞, պա բալաս):

– Բենզին չկա:

Բա ինչո՞ւ բենզին չկա (Բա հինչի հետի ա՞, վեր բենզինը կա վեչ):

– Գազ չկա:

Էլ ի՞նչ կկարողանաք պատմել ձեր առօրյայից: Ամեն օր, որ արթնանում եք, ի՞նչ եք անում (Էլ հի՞նչ կարիք պատմիք ձեր առօրյայից: Ամեն օր, վեր յերըք կենում, հի՞նչ ըք անում):

– Գնում ենք հացի, փռում հերթ ենք կանգնում, հացը վերցնում, գալիս տուն (քյամընք հացու հերթըմ վենը կենում փուռումը, հացը յորընք օնում, կյամ տոն):

Այդքան փոքր հացի ե՞ս գնում, մենա՞կ ես գնում: (Տի կուճիր, տու քյամըս հացի հե՞րթը, մինա՞կ ես քինըմ):

– Հա:

Բա դո՞ւ ի՞նչ ես անում, բալիկս (Պա տու հի՞նչ ըս անում, բալա՛ս):

– Ես արթնանում եմ, քրոջս հետ գնում ենք հաց առնում ու գալիս (Ես յեր ում կենում, ես ու քուրիկս քյամ ընք փուռը, հաց առնում, կյամ):

– Բա էլ ի՞նչ լավ բաներ կուզեիք խանութից առնեիք, որ չկա (Պա օրիշ, էլ լավ պեներ կա՞ն մագազինում, վերր կոզիք առնիք, բայց կա վեչ):

– Խանութները դատարկ են, գնելու բան չկա: Ուզում ենք պաղպաղակ գնենք, չկա: (Մագազիններումը տեռտակ ա, պեն չկա ըռնելի: Օզում ընք պաղպաղակ առնինք, կա վեչ):

– Բա դո՞ւ ինչ ես ուզում առնես, որ չկա (Պա տու հի՞նչ ըս օզում, վեր առնիս, կա վեչ):

– Չուպաչուպս, բայց չկա (Չուպաչուպս, բայց կա վեչ):

– Ես էլ ծամոն եմ ուզում, բայց չկա: (Ես էլ օզում ում ծամոն յոր ոնինք, կա վեչ):

Իսկ դուք արդեն դպրոցին պատրաստվե՞լ եք: (Իսկ տուք պըդրաստվա՞լ ըք շկոլին ուժե):

– Հաաա՜: Այո:

Ձեր մայրիկներն արդեն դպրոցի սիրուն շորերը գնե՞լ են: (Ծեր մաման առա՞լ ա ծեր ղյաշանգ շորերը շկոլի):

– Ոչ:

Բա ինչո՞ւ: (Պա ինչի հետի՞):

– Չկա: (Կա վեչ):

Դուք նախորդ տարի ամռանը ինչ-որ տեղ գնացե՞լ եք: (Տուք էն մի տարին ամառը հինչ-վեր մի տեղ քեցալը՞ք):

– Հա:

Կուզենայի՞ք էս տարի էլ գնաք: (Կոզի՞ք էս տարի էլ քինաք):

– Այո:

Բա ինչո՞ւ չեք գնում: (Պա հինչի՞ հետի չեք քինա):

– Ճանապարհը փակ ա:

Դու ո՞ւր կուզենաս գնաս: (Տու շտեղ կոզի՞ս քինաս):

– Շուշի:

Բա դու բալես (Պա տո՞ւ, բալաս):

– Շուշի:

Բա դո՞ւ (Պա տո՞ւ):

– Շուշի:

Բա ոչ մեկդ Երևան չի՞ ուզում գնա: (Պա վեչ մինըդ Երևան օզըմ չի՞ քինա):

– Չէ: Մենք մեր Արցախում ենք ապրելու, Արցախը շենացնելու ենք: (Չէ: Մունք մըր Արցախում ապրելու ընք, Արցախը շենացնըլ ընք):

ԱՆՆԱ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս