«Ըստ էության՝ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ նպատակը ոչ թե Թուրքիայի հետ ճանապարհների բացումն էր կամ տնտեսական կապերը, այլ Հայաստանի անվտանգությունն ապահովելը»

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նախագահ Սերժ Սարգսյանի կառավարաման տարիների ձեռքբերումների շարքում թերևս առանձին ուշադրության առարկա է հայ-թուրքական հարաբերությունների թեման, որի մասին բավական շատ հակասական մեկնաբանություններ են շրջանառվել՝ այդ թվում ՀՀ-ում վերջին 5 տարիներին իշխանությունը բռնազավթածների կողմից։

Ինչպես հայտնի է` 2008թ․-ին, երբ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը, դրանք փակուղում էին գտնվում։ Դրանց պատճառներից մեկը թուրքական կողմի առաջ քաշած նախապայմաններն էին՝ որոնք էլ գրեթե անհնար էին դարձնում լուրջ բանակցությունների անցկացումը։ Հատկանշական է շեշտել, որ նախքան 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, նախագահ Սարգսյանը այցելեց Սփյուռքի մի քանի համայնքներ՝ լսելու նրանց տեսակետները ևս։

Ավելի ուշ՝ 2009թ. հոկտեմբերի 10-ին, Ցյուրիխում երկու երկրների արտգործնախարարները երկու արձանագրություն ստորագրեցին Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման և կապերի զարգացման մասին: Ընդ որում` հայկական կողմի նախաձեռնությամբ և մեծ ջանքերի շնորհիվ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ի նշան լիակատար թափանցիկության, ստորագրումից վեց շաբաթ առաջ արձանագրությունների նախաստորագրված տեքստերը հրապարակվեցին։

Երկկողմ արձանագրությունները նախատեսում էին դիվանագիտական հարաբերությունների հաստատում և բարիդրացիական հարաբերությունների զարգացում։ Սակայն իրադարձությունների հետագա զարգացումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Անկարայի հայտարարությունները Երևանի հետ պատմական հաշտեցման իբր պատրաստակամության մասին իրականության հետ որևէ աղերս չունեն։ Թուրքական կողմը փաստացի հրաժարվեց իր իսկ ստորագրած արձանագրությունների վավերացումից և իրականացումից` այդպիսով ոտնահարելով միջազգային իրավունքի կարևորագույն սկզբունքներից մեկը՝ «pacta sunt servanda» (պայմանագրերը պետք է կատարվեն)։

Բանը հասավ նրան, որ Ցյուրիխից հետո Անկարան կրկին անցավ նախապայմանների լեզվին, ինչը ոչ միայն չէր համապատասխանում ստորագրված արձանագրությունների տառին ու ոգուն, այլև հակասում էր դրանց և կոպտորեն խախտում ձեռք բերված պայմանավորվածությունները։

Թուրքական կողմը արձանագրությունների վավերացման պայմանների թվում առաջ քաշեց ղարաբաղյան հակամարտության կարգավորումը և շարունակեց աջակցել ՀՀ և Արցախի դեմ Բաքվի սադրիչ հայտարարություններին ու գործողություններին։

Երբ Թուրքիան սկսեց պնդել, որ ԼՂ խնդրի կարգավորումը կամ այդ ուղղությամբ առաջընթացը հանդիսանում են նախադրյալ Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման համար, դա փոխեց ստեղծված պայմանները։ Հայաստանը, որը մինչ այդ պահը կարծում էր, որ Թուրքիան իսկապես ցանկանում է հարաբերությունների նորմալացում, այդ պայմանների առաջադրումից հետո կորցրեց հավատը Թուրքիայի անկեղծության նկատմամբ։ Հայաստանը, հասկացնել տալով, որ չի վավերացնի երկկողմ արձանագրություններն այնքան ժամանակ, քանի դեռ դա չի անի Թուրքիան, նաև կարողացավ մեղադրել Թուրքիային նորմալացման գործընթացի խոչընդոտման մեջ։

Այստեղ շատ կարևոր է հիշել 2017-ին ՄԱԿ ԳԽ-ում Սարգսյանի հետևյալ ասված միտքը․ «Թուրքիան սխալվում է, եթե կարծում է, որ կարող է անվերջ պատանդ պահել այդ արձանագրությունները և վավերացել դրանք, երբ իրեն հարմար լինի»։

Կարևոր է ընդգծել, որ այդ արձանագրությունները երկու երկրների միջև ստորագրված միակ համատեղ փաստաթուղթն են 1921 թվականին Կարսի պայմանագրի ստորագրման ժամանակներից ի վեր։

Հավելենք նաև, որ հայ-թուրքական հարաբերությունների առանցքային մեխերից մեկը տարածաշրջանում համագործակցությունն ու անվտանգությունը նոր մակարդակի բարձրացումն էր։ Սարգսյանը միանշանակ փայլուն գիտակցում էր, թե ում հետ գործ ունի և ինչպիսի ծանր խնդիր է փորձում լուծել, և գործընթացի ընթացքում պարզ դարձավ, որ դժվար է թուրքերին գործընկերներ ասել, քանի որ փորձ արվեց նախապայմաններ առաջադրել և յուրովի մեկնաբանել որոշ գործընթացներ, այնուհետև նաև փաստաթղթի որոշակի կետեր:

Ըստ էության՝ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ նպատակը ոչ թե Թուրքիայի հետ ճանապարհների բացումն էր կամ տնտեսական կապերը, այլ Հայաստանի անվտանգությունն ապահովելը։ Այդ կերպ օրվա իշխանությունը նպատակ ուներ Թուրքիային հեռու պահել Ադրբեջանին բացահայտ ռազմական աջակցություն ցույց տալուց։ Այդ քայլով նախագահ Սարգսյանը միջազգային հանրությանը փաստացի համոզեց, որ հայ-թուրքական հարաբերությունների բացակայության պատճառը հայկական կողմը չէ։ Սա կարևոր է, որովհետև նույնիսկ մեր բարեկամները մերթընդմերթ կշտամբում էին հայկական կողմին, թե իբր կառուցողական չենք, որ մենք նախապայմանների լեզվով ենք փորձում խոսել Թուրքիայի հետ, և այդ հարաբերությունների բացակայության մեջ Սարգսյանն իր մեղքի բաժինն ունի։

Այս քայլով Սարգսյանը փաստացի մի նոր մշակույթի հիմք դրեց՝ այդպիսի կարևորության բարդ խնդիրը լայն քննարկումների թեմա դարձնելով և մեկ անգամ ևս ցույց տալով, որ պատրաստ ենք մեր հասարակության հետ, տարբեր շերտերի հետ, մեր հայրենակիցների հետ քննարկել ամենաբարդ ու ամենադժվարին խնդիրները: Սա ինչ խոսք բավական ծանր ու բարդ թեմա էր, այդ փուլում, որը օրվա ղեկավարը վերցրեց իր ուսերին։ Ըստ էության՝ հայ-թուրքական արձանագրությունները ոչ միայն չեն վնասել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, այլ հակառակը՝ այդ արձանագրություններով ուղղակի երրորդ նախագահը փորձում էր փոխզիջումների հիմք ստեղծել։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում, այսպես կոչված, հայ-թուրքական հարաբերություններում, հիշեցնում է ֆեոդալ-վասալ հարաբերությունները, երբ ֆեոդալի դիրքերում հանդես եկող Թուրքիան բացահայ ու անթաքույց իր կամքն ու ցանկություններն է թելադրում ՀՀ-ին՝ ի դեմս Նիկոլի։

Էրդողանի երդմնակալության ժամանակ տեղի ուենցած թատերական ներկայացումը, որով Փաշինյանը հերթական անգամ ստորացվեց ու խայտառակվեց, վկայում է ասվածի մասին։

Սեփական երկրի շահերը չսպասարկող ու թուրք-ադրբեջանական խամաճիկ հանդիսացողը փորձում է հարաբերություն կարգավորել, ինչը ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում և բուն գործընթացի հետ ընդհանրապես ոչ մի աղերս չունի»։

Տեսանյութեր

Լրահոս