Չհիասթափվել, եթե նույնիսկ ասում են՝ հաղթելը քիչ հավանական է․ «Սլավյանսկի բազար 2023» մրցույթի արդյունքների ամփոփում
«Սլավյանսկի բազար 2023» երգի միջազգային մրցույթում Հայաստանի մասնակցությունը նշանավորվեց կարևոր արդյունքներով։ Նախ «Սլավյանսկի բազար 2023»-ի մանկական կատարողների մրցույթում 2-րդ տեղը զբաղեցրեց Անահիտ Գալստյանը, իսկ ահա «Սլավյանսկի բազար 2023» երիտասարդ կատարողների մրցույթում գլխավոր մրցանակը՝ Գրան Պրին, երգչուհի Մաշա Մնջոյանի շնորհիվ բերվեց Հայաստան։ «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Սլավյանսկի բազար 2023» մրցույթի հայաստանյան պատվիրակության ղեկավար Վրեժ Կիրակոսյանը նշեց, որ արդյունքները բավական գոհացուցիչ են։
«Անահիտ Գալստյանը հենց սկզբից առաջատար էր։ Ժյուրիի բոլոր անդամների կողմից ստացել էր 10 միավոր, այսինքն՝ հավակնում էր Գրան Պրի մրցանակին։ Մրցույթի երկրորդ օրը ժյուրիի անդամներից մեկի կողմից ստացավ 8 միավոր։ Ճիշտն ասած չհասկացանք, թե ինչու ամեն դեպքում դրա հետևանքով Անահիտը զիջեց առաջատարի դիրքը։ Այնուհետև 2-րդ հորիզոնականը կիսեցինք ՌԴ-ի մասնակցի հետ, թեպետ մենք առաջատար ենք եղել։ Ինչևէ, այս արդյունքը ևս գոհացուցիչ է, բավական ուժեղ մրցակցային մրցույթում Անահիտը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը»,-ասաց Վրեժ Կիրակոսյանը։
Անահիտ Գալստյանը տպավորված է մրցույթով։ Նա մեծ ոգևորությամբ է ներկայացրել Հայաստանը։
«Առաջին օրը հանդես եմ եկել «It’s My Time» կատարումով և ստացա առավելագույն գնահատականները։ Երկրորդ օրը կատարել եմ երգ Սոնա Շահգելդյանի երգացանկից։ Առաջին օրն այդքան վախ չունեի, երկրորդ օրը մի քիչ հուզված էի, թեպետ դա ինձ չխանգարեց և 18 երկրների ցանկում մեր երկիրը 2-րդ հորիզոնականը զբաղեցրեց։ Այսպիսի արդյունքներ չէի ակնկալում»,-ասաց Անահիտ Գալստյանը։
Մրցույթի գլխավոր մրցանակը Հայաստան բերած երգչուհի Մաշա Մնջոյանը մասնակցության հենց սկզբից տրամադրված էր հաղթանակի։ Առաջին օրը ժյուրիի կողմից տրված միավորներով Մաշան 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում, երկրորդ օրն ունեցած ելույթով փոխում է մրցույթի ելքը։
«Երկրորդ օրը ելույթից առաջ ինձ ասում են՝ Մաշա ջան, դու շատ լավն ես, բայց այստեղ Հայաստանին մրցանակ չեն տա։ Ես ասացի՝ այդ ինչպե՞ս։ Հավաքվեցի ու շատ ավելի լավ հանդես եկա՝ նոր երգով ու նոր կերպարով։ Այդքան ճանապարհ եմ կտրել անցել, իմ երկիրն եմ ներկայացնում, ինչպե՞ս կարող եմ չհաղթել։ Իմ ելույթից հետո ընկերներս, ծանոթներս, որոնք այդ ընթացքում միավորների արագ հաշվարկ էին կատարում, սկսեցին գրել, որ հաղթանակն իմն է։ Ուզում եմ ընդգծել, որ որքան էլ կողքից խոսեն, որքան էլ սկզբում արդյունքները գոհացուցիչ չլինեն, պետք չէ հիասթափվել, թևաթափ լինել, անհրաժեշտ է պայքարել»,-ասաց Մաշա Մնջոյանը։
Մաշայի կատարումները չէին գնահատվում միայն ժյուրիի միավորներով։ Շատ մասնագետներ, մրցույթի մասնակիցներ, երաժշտասերներ մոտենում էին ու իրենց հիացմունքի, գովեստի խոսքերն էին արտահայտում։
Վրեժ Կիրակոսյանը տեղեկացրեց, որ քննարկվում է «Սլավյանսկի բազար» երգի միջազգային մրցույթի հաջորդ տարվա ծրագիրը։ Քանի որ հաջորդ տարի աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 100-ամյակն է, քննարկվում է մրցույթի մեկ օրը նվիրել Շառլ Ազնավուրին։ Նախատեսվում է բացմանը հրավիրել նաև Մաշա Մնջոյանին։ Դրանից բացի քննարկվում է նաև «Սլավյանսկի բազար 2023»-ի մանկական կատարողների մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկել նաև Մաշա Մնջոյանին։