«100.000 հայ պետք է հրապարակ գա՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը». Հարութ Սասունյան
«Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը Արցախի ապաշրջափակման հարցով մեկնարկած համաժողովրդական շարժումը թեև համարում է ուշացած, այդուհանդերձ, անհրաժեշտ՝ հանրային համախմբման տեսանկյունից:
168.am-ի հետ զրույցում Հարութ Սասունյանը խոսեց առավել կոշտ քայլերի դիմելու անհրաժեշտության մասին՝ պարզաբանելով.
«Այս բոլոր միջոցառումները պետք է անեին ոչ թե շուրջ 200 օր սպասելուց հետո, այլ առաջին մի քանի օրերին, և գուցե ինչ-որ արդյունքի հասնեին: Այժմ որ անում են, դա էլ լավ է, բայց այսօր արդեն շատ ավելի կոշտ միջոցառումների պետք է դիմեն. ամբողջ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, և 100 հազար հայ Հայաստանում պետք է հրապարակ գա՝ պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Դա պետք է լինի ամենաառաջին քայլը, ինչը մեր ժողովուրդը չի անում:
Պետք է ավելի կոշտ մեթոդների դիմել, ու ոչ թե կանգնել ՄԱԿ-ի գրասենյակի առջև, դեսպանատների առջև. պետք է գնալ դեպի Լաչին՝ թե՛ Արցախի, և թե՛ Հայաստանի կողմից, ու ստիպել, որ միջանցքը բացեն»:
Ի պատասխան հարցին՝ արդյո՞ք Արցախի ապաշրջափակման պահանջով ինչ-ինչ գործողություններ իրականացնում է Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը և, մասնավորապես, այս իշխանության մաս կազմող դեսպան Լիլիթ Մակունցը, ամերիկահայ գործիչը ցավով արձանագրեց այս ճգնաժամային փուլում դեսպանի ոչ բավարար աշխատանքը և նույնիսկ անգործությունը:
«Ինձ ոչ մի բան չի զարմացնում: Երբ Փաշինյանն աշխարհի ամենահզորագույն երկրի մայրաքաղաք մի դեսպանի է ուղարկում, որը գաղափար իսկ չունի իր աշխատանքից, դրանից կոպիտ սխալ չէր կարող արվել: Նույնիսկ ամենահետամնաց երկրները, երբ ուզում են դեսպան ուղարկել Վաշինգտոն, ընտրում են ամենակարող անձին:
Հայաստանը Միացյալ Նահանգների նման գերհզոր պետություն պետք է ուղարկեր իր ամենափորձառու դիվանագետին, ոչ թե՝ ամենաանկարող, անփորձ: Այս կինը շուրջ երկու տարի է այստեղ է՝ ոչ մի աշխատանք չենք տեսնում. ժամանակ առ ժամանակ գուցե ինչ-որ փոքր քայլեր անում է, բայց Վաշինգտոնում մարդը կարող է 24 ժամ աշխատել ու դեռ չհասցնել բոլոր գործերն անել, և ոչ թե ամիսը մեկ անգամ 1 հանդիպում ունենաս:
Այս կինը աշխատանք չի տանում ո՛չ Արցախի համար, ո՛չ Հայաստանի»,- մանրամասնեց Հարութ Սասունյանը:
Ամփոփելով իր խոսքը՝ սփյուռքահայ գործիչը առկա իրավիճակից միակ ելքը համարեց բանակցողի փոփոխությունը:
«Մեր թիվ մեկ առաջնահերթությունը վարչապետի հեռացումն է, և նրան պետք է փոխարինի մի նոր մարդ՝ հուսալով, որ նա կարող մարդ կլինի: Բայց նույնիսկ ամենակարող մարդը չի կարող կարճ ժամանակում Հայաստանը դարձնել դրախտ, որովհետև Փաշինյանը մեր ազգը այնքան խորը փոս է գցել, որ շատ դժվար է այդ փոսից դուրս գալը, բայց այդ նոր մարդը առնվազն երկու դրական քայլ կարող է անել՝ մեկը, որ կփորձի ինչ-որ չափով բարելավել մեր իրավիճակը, և երկրորդը՝ չի թողնի, որ ամեն օր արթնանանք ու տեսնենք, որ մեր երկիրը կանգնում է նոր փորձանքի առաջ։
Եթե վարչապետին տուն ուղարկենք, կնայենք՝ ով ունենք, ով է ամենակարողը»,- շեշտեց նա: