Բաժիններ՝

Հայաստանի հավաքականը պետք է լինի բասկետբոլի շարժիչ ուժը. Արթուր Նազարյան

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը տարեցտարի բարձրացնում է իր նշաձողը` նոր մարտահրավերներ նետելով ինքն իրեն: ԱՄՆ-ում տեղի ունեցած ուսումնամարզական հավաքի շրջանակներում Հայաստանի բասկետբոլի ընտրանին երկու խաղ անցկացրեց Եվրոպայի փոխչեմպիոն Ֆրանսիայի հետ: Թեպետ ընտրանին երկու հանդիպումներում պարտություն կրեց, բայց այս խաղերում ի հայտ եկան նոր անուններ, որոնք կարող են դառնալ Հայաստանի բասկետբոլի հավաքականի ապագան: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը խոսեց հավաքականից, գրանցած արդյունքներից ու ապագայի տեսլականից:

-Արթուր, ի՞նչ տվեցին Ֆրանսիայի հետ երկու ընկերական հանդիպումները մեր հավաքականին:

-Ֆրանսիայի հետ երկու հանդիպումները ուսումնամարզական հավաքի մի մասն էին: Այս տարի այն անցկացրեցինք ԱՄՆ-ում, քանի որ նոր խաղացողների փորձարկելու կարիք կար: Ֆրանսիայի հավաքականի հետ խաղերում մենք տեսանք հավաքականի ուժեղ և թույլ կողմերը: Նոր խաղացողնե ունեինք, և նրանք էլ տեսան, որ եվրոպական բասկետբոլը շատ է առաջադիմել, և ԱՄՆ-ում հանդես գալը դեռ հաջողության գրավական չէ:

-Ի՞նչ տպավորություն թողեցին թիմի նորեկները:

-Նորեկները լավն էին: Նրանց հետ վաղուց ենք կապի մեջ: 16-18 տարեկան տղաներ են:Ամենակրտսերն Անտո Բալյանն է, ով Լոս Անջելեսի հայկական դպրոցում է հանդես գալիս: Քիչ խաղաժամանակ ստացավ, բայց ինչպես մարզումներին, այնպես էլ խաղի ժամանակ իրեն լավ դրսևորեց: Կառանձնացնեմ նաև Քոնոր Էսսեջյանին, ով հրաշալի է հանդես գալիս ուսանողական լիգայում: Ռայան Կիաչյանը՝ որպես կենտրոնական խաղացող, լավ տպավորություն թողեց: Այս երիտասարդներն առաջին անգամ էին խաղում նման հզոր հավաքականի հետ, և նրանց համար էլ էր բարդ:

-Արդյոք իրեն արդարացնո՞ւմ է արտերկրում հանդես եկող բասկետբոլիստների ի հայտ բերելու և նրանց միավորելու քաղաքականությունը, թե՞ սա ճանապարհի մի կետն է:

-Այս հավաքին մասնակցում էին նաև բասկետբոլիստներ Հայաստանից: Բայց գիտենք, որ մեր Սփյուռքը մեծ է, և, պահպանելով այն հայերի ցանկությունը, որոնք ուզում են խաղալ հավաքականում, մենք տալիս ենք նրանց այդ հնարավորությունը: Միայն մենք չէ, որ գտնում ենք նրանց, կան բասկետբոլիստներ, որոնք ուզում են հանդես գալ ընտրանու կազմում: Մենք էլ լուրջ խնդրի առաջ ենք կանգնած` կապված բասկետբոլիստների՝ բանակ զորակոչվելու հետ, ինչի արդյունքում մեր ընտրությունը խիստ սահմանափակ է: Նույնիսկ եղավ տարի, երբ 20 տարեկանների հավաքականի ձևավորման խնդիր ունեինք: Միայն երեք բասկետբոլիստ ունեինք: Հիմա էլ 18 տարեկանների լավ սերունդ ունենք, բայց նրանք էլ քիչ-քիչ զորակոչվում են բանակ, և հարցը մնում է բաց:

-Ֆրանսիայի դեմ խաղերի ընթացքում նկատելի էր թիմի և մարզիչ Ռեքս Կալամյանի ոգևորությունը: Ինչի՞ մասին է սա խոսում:

-Ոգևորությունը գալիս էր մթնոլորտից, քանի որ մեր հայրենակիցներից շատեր էին եկել հավաքականին աջակցելու: Առաջին անգամն էր, և սպասվածից ավելի մեծ էր ոգևորությունը: Կալամյանի տեսլականն այն է, որ տարեցտարի պետք է հավաքականի խաղը բարելավել: Հայաստանի հավաքականը պետք է լինի բասկետբոլի շարժիչ ուժը: Բայց մենք էլ լավ հասկանում ենք, որ միայն Կալամյանով ամեն ինչ չէ, որ կարող հաջողվել: Ընդհանուր համակարգային աշխատանք է պետք կատարել` սկսած կառավարությունից, մինչև ֆեդերացիայի աշխատակիցներ: Բոլորս պետք է մեկ ընդհանուր տեսլական ունենանք: Հավաքականը կարևոր է, բայց մեր հիմնական նպատակը բասկետբոլի զարգացումն է: Հիմա երկարամյա ռազմավարություն ենք մշակում, որն առանց կառավարության աջակցության չենք կարող կյանքի կոչել:

-Եվ վերջապես առաջին անգամ աշխարհի առաջնության ընտրական փուլերին մասնակցելու փորձ կկատարենք: Ինչպիսի՞ հեռանկար եք տեսնում և ի՞նչ փուլեր պետք է անցնեք:

-Օգոստոսի 8-ին կկայանա աշխարհի առաջնության վիճակահանությունը, որից հետո էլ նախընտրական փուլը: Եթե անկեղծ լինենք, մենք պետք է մասնակցությունն արդեն իսկ մեծ ձեռքբերում համարենք հավաքականի համար: Պետք է նաև հաշվի առնենք, որ Հայաստանի հավաքականը որպես այդպիսին ձևավորվել է միայն 2016 թվականին: Մեզ պետք է նախ կայուն մասնակցություն և հետո միայն՝ հաղթանակների ձգտում։ Լուրջ փաստ կլինի նաև այն, որ մասնակցում ենք աշխարհի առաջնության ընտրական փուլերին:

Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս