Որևէ մեկը համաձա՞յն է, որ իր ընտանիքի անվտանգությունն ապահովի հարևանի ամուսինը ու գա, բնակվի իր տանը. Վարդան Ոսկանյան

 «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրանագետ Վարդան Ոսկանյանն է։

Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին օրեր առաջ հոդված էր գրել, որտեղ խոսել էր «Զանգեզուրի միջանցքի» ու դրա նպատակների մասին: Հոդվածում նա նաև ՌԴ-ին Հարավային Կովկասի հանդեպ ավելի զգոն լինելու կոչ է անում: Վելայաթին, մատնանշելով, թե որքան փոփոխական է ՌԴ նկատմամբ Թուրքիայի քաղաքականությունը (Սիրիայից մինչև Ուկրաինա), գրել էր.

«Դիրքորոշումների այս փոփոխությանը զուգահեռ՝ վերջին ամիսներին բարձրացվել է Զանգեզուրի միջանցքով Թուրքիան և Ադրբեջանը իրար կապելու հարցը, որին դեմ է Իրանը։ Այս նախագծին ընդդիմացողներն ասում են, որ եթե Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապը դյուրացնելու հարց կա, հարևանների կողմից Հայաստանից մի լայն տարածք օկուպացնելու կարիք չկա: Այս բոլոր հնարավորությունները, ինչպիսիք են գազի, էլեկտրաէներգիայի մատակարարումները, տարանցիկ երթուղին և այլն, հեշտությամբ կարելի է հասանելի դարձնել՝ չխախտելով Հայաստանի տարածքային ինքնիշխանությունը։ Շատ փորձագետներ զարմանում էին, թե ինչու են Թուրքիան և Ադրբեջանն այդքան համառ այս նախագծի հարցում։ Հետզհետե փաստերը բացահայտվեցին, և փորձագետների եզրակացությունն այն է, որ Նախիջևանն Ադրբեջանին կապող այս նախագծի նպատակն այն է, որ նախ Հայաստանը բաժանվի երկու մասի, և երկրորդ՝ կտրվի Իրանի և Հայաստան միջև կապը, որը հասնում է մինչև Աքեմենյանների ու Արշակունիների ժամանակաշրջան, և երրորդ՝ սահմանափակվի Իրանի արտաքին հաղորդակցությունը։ Այսպիսով, Իրանը տասնհինգ հարևան երկրների փոխարեն կունենա տասնչորս հարևան, հետևաբար կտուժի Հյուսիսային Կովկասի, Ռուսաստանի և Եվրոպայի հետ Իրանի ազատ հաղորդակցությունը։ Տարածաշրջանում սահմանային ցանկացած փոփոխություն ավելի երկարաժամկետ լարվածության պատճառ է դառնալու, իսկ ամենամտահոգիչը սահմաններին օտար երկրների ներկայությունն է»:

Վելայաթին նաև լուրջ մտահոգություն էր հայտնել, որ ՆԱՏՕ-ն կարող է ընդլայնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում՝ շրջափակելով Իրանը և Ռուսաստանը:

Կարդացեք նաև

«Ցավոք, ուկրաինական հակամարտության հետևանքով առաջացած խնդիրները պատճառ դարձան, որ կովկասյան տարածաշրջանը որոշ չափով անտեսվի, և հիմա Հարավային Կովկասը դառնում է Եվրամիության, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի ու սիոնիստական ռեժիմի միջամտության և անօրինական ներկայության վայրը, և եթե այս միտումը շարունակվի, ապա Կովկասը կդառնա ամբողջ տարածաշրջանի անվտանգության սպառնալիք: Մեր ռուս ընկերները պետք է ուշադրություն դարձնեն, որ Կովկասի խնդիրների ամենաաննշան անտեսման դեպքում այն կդառնա տարբեր երկրների համար մրցակցության վայր, որը ոտնահարելու է Ռուսաստանի և Իրանի շահերը»,- ընդգծել էր նա:

Վարդան Ոսկանյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին ժամանակին եղել է նաև Իրանի արտգործնախարարը, նա շատ կարևոր պաշտոնյա է և հիմա էլ Իրանի քաղաքական համակարգում կարևոր դերակատարում ունեցող անձանցից է։ Տվյալ մարդու հրապարակումը  չափազանց կարևոր է։ Ակնհայտ է, որ խոսքը Թուրանական միջանցքի մասին է, որը Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են պոկել։ Վելայաթին ներկայացնում է Իրանի պաշտոնական դիրքորոշումը, այն է՝ Հայաստան-Իրան սահմանը փոփոխության չպետք է ենթարկվի։
  • Եթե Հայաստան-Իրան սահմանը դադարի գոյություն ունենալ, և դա էլ դառնա ադրբեջանական տարածք, կնշանակի, որ Իրանի հյուսիս-արևմուտքը լիակատար շրջափակման մեջ է հայտնվում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից։
  • Էրդողանի հայտարարությունը, որ Իրանն է խոչընդոտել միջանցքի բացմանը, նշանակում է, որ թուրքերը նպատակ են ունեցել ռազմական ճանապարհով ձեռք գցել միջանցքը։

(Լրագրողների հետ զրույցում Թուրքիայի նախագահ Էրդողանն անդրադարձել էր «Զանգեզուրի միջանցքին»՝ նշելով, թե իբր այդ հարցում խնդիրը Հայաստանի հետ չէ: ««Զանգեզուրի միջանցքի» հետ կապված խնդիրը Իրանի հետ է։ Իրանի նման դիրքորոշումը տխրեցնում է և՛ Ադրբեջանին, և՛ մեզ։ Հուսով եմ, որ այս դժվարությունն էլ ամենակարճ ժամանակում կհաղթահարենք։ Եթե դրան դրական մոտենային, այսօր թե՛ ցամաքային, թե՛ երկաթուղային ճանապարհով Թուրքիան, Ադրբեջանը, Իրանը միավորված կլինեին և գուցե Պեկին-Լոնդոն գիծն էլ բաց լիներ»,- ասել էր Էրդողանը):

  • Ակնհայտ է, որ ՀՀ տարածքից, հատկապես՝ Մեղրու տարածաշրջանից որևէ տարածքային զիջում բերելու է շատ կոշտ հակազդեցության նաև մեր բնակչության կողմից։ Հետևաբար՝ ՀՀ որևէ տարածք սակարկման առարկա չէ։
  • 3+3 ձևաչափով Իրանը հույս ուներ ընդգրկվել տարածաշրջանային գործընթացների մեջ։ Ես ի սկզբանե դեմ եմ եղել դրան՝ նախ Թուրքիայի լիակատար մասնակցության պատճառով։ Հետո Վրաստանը չմասնակցեց, ու ձևաչափն ըստ էության դարձավ 3+2։
  • Իրանցի շատ փորձագետներ ի սկզբանե Իրանի՝ պրագմատիկ քաղաքականություն վարելու կողմնակիցներին հիշեցրել են, որ ժամանակին այն ֆիասկոյի է ենթարկվել, և այժմ տողատակերով հասկացնում են, որ Հայաստանի հետ լայն դաշինք կազմելը շատ կարևոր է։ Իրանցիները շատ դժգոհ են, որ ահաբեկիչները հայտնվել են իրենց սահմանին, որ Թուրքիայի ներկայացվածությունը մեծացել է։

  • Ցավոք, ՀՀ-ում որոշումները կայացվում են՝ ելնելով տվյալ իրավիճակից։ Չկա երկարաժամկետ ծրագիր։ Նույնը վերաբերում է նաև Իրանի հետ իրավիճակին։
  • ՀՀ անվտանգությունն այսօր առաջնահերթություն է, հետևաբար՝ պետք է մտածել՝ ինչ քայլեր պետք է ձեռնարկվեն Իրանի հետ հարաբերություններում, որ Հայաստանի անվտանգությունը շահի։
  • Հայաստան-Իրան դաշինքը կարող է լինել լռելյայն, առանց փաստաթղթերի դաշինք։ Նման դաշինք մենք Իրանի հետ ունեցել ենք առաջին Արցախյան պատերազմի ժամանակ։
  • Որևէ մեկը չի կարող մեզ արգելել ապրել։ Եթե Իրանի հետ հարաբերությունները զարգացնելու վրա որևէ երրորդ կողմ ճնշում է գործադրում, դա նշանակում է ճնշում գործադրել մեր ապրելու իրավունքի իրացման վրա։ Մենք բոլորին պետք է բացատրենք, որ Իրանի հետ դաշինքը Հայաստանի համար ունի կենսական նշանակություն, բայց դա անելու համար նախ դու պետք է հասկանաս դա։
  • Մենք միջնադարյան խոջաներ չենք, որ Իրանից Հնդկաստան առևտուր կազմակերպենք։ Մենք պետականություն ունեցող ազգ ենք։ Նման ազգի առաջնորդը պետք է ունենա մի կարևոր առանձնահատկություն՝ անձնական շահը ստորադասել պետական շահին, և դա դառնա ընդօրինակման առարկա։
  • Մենք խնդիր ունենք մեր հասարակությունը վերադաստիարակելու՝ որպես պետական ազգի։
  • Ի՞նչ է նշանակում գոյատևել․ համայնքներն են գոյատևում, իսկ պետությունները պետք է զարգանան։
  • 2018 թվականից հետո Իրանի հետ ռազմավարական կարևորության որևէ պրոյեկտ չի իրականացվել։ Հյուսիս-Հարավը չկա, և դա շատ վատ է, որովհետև մենք չենք հասկացել, որ դա մեր ազգի, պետության համար կենսական նշանակություն ունեցող հարց է։ Հյուսիս-Հարավը պետք է հռչակվի համազգային ծրագիր։
  • Յուրաքանչյուր անձ պետք է երազի, որ ինքը քիչ գումար ունենա, բայց իր երեխան անվտանգ լինի։
  • Իրանը շահագրգիռ է Ռուսաստանի ու Հայաստանի հետ ձևավորել հակաահաբեկչական դաշինք։ Այսօր Իրանը շատերի համար միգուցե զարմանալիորեն կարողանում է ռազմատեխնիկական աջակցություն ցույց տալ այնպիսի գերհզոր երկրի, ինչպիսին ՌԴ-ն է։ Իրանական անօդաչուները լուրջ սպառնալիք են ուկրաինական կողմի համար։ Իրանը կարողանում է պտուտակից մինչև գլխիկ արտադրել գերձայնային հրթիռներ։
  • Պակիստանի նախագահը ժամանակին հայտարարեց, որ իր ժողովուրդը պատրաստ է սնվել խոտով, բայց Պակիստանը միջուկային զենք պետք է ունենա։ Պակիստանի ժողովուրդը, իհարկե, խոտ չի կերել ու չկերավ, բայց Պակիստանի նախագահի այդ պատկերավոր հայտարարությունը նշանակում էր՝ մենք ամեն ինչի ենք պատրաստ, միայն թե անվտանգ լինենք։ Այդ մտայնությունը նաև մեզանում պետք է լինի։

  • Յուրաքանչյուր գործարան, ծրագիր, որը նպաստելու է Հայաստանի տնտեսական զարգացմանը, հնարավորության դեպքում միշտ թիրախավորվելու է թշնամու կողմից։
  • Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ոչ մի իշխանություն հավերժ չէ։ Երասխում կառուցվելիք գործարանը մեր պետությանը հետագայում մեծ օգուտ կտա։ Դրա համար ադրբեջանցիները թույլ չեն տալիս դրա կառուցումը։
  • Ադրբեջանի նպատակն իր կազմում «Էրմենիստան» անվամբ ընդամենն ազգագրական խումբ ունենալն է։ Սա է նրանց ծրագիրը։ Մենք դա՞ ենք ուզում։
  • Իրանցիները կարողացան դիմանալ պատժամիջոցներին, կարողացան նման բարդ պայմաններում ստեղծել հզոր ռազմաարդյունաբերական համակարգ, ընդլայնել հարաբերությունները դաշնակիցների հետ։
  • Իրանն ու ԱՄՆ-ը պարբերաբար շփումներ ունենում են որոշակի մակարդակում, բայց այդ շփումները չեն բարձրաձայնվում։
  • Մենք պետք է կայացնենք մեր ինստիտուտների գործունեությունը, որովհետև անգամ ամենաիմաստուն մեկ անձի ուղեղում չի կարող ողջ պատկերը ձևավորվել։ Պետք է պետականության տեսլական, ծրագիր, դա իրականացնելու համար ռեսուրսների հաշվարկ։
  • Մինչև պատերազմը Հորադիզից անդին ադրբեջանական բեռնատարը հատել է իրանական սահմանը, հետո նոր հասել Նախիջևան։ Հիմա իրավիճակը փոխվել է։ Իրանցիները շահագրգիռ են, որ ադրբեջանական բեռնատարներն անցնեն իր տարածքով՝ լծակներ ունենալու համար։
  • Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորումը մշտապես Նախիջևանի հետ կապվել է Իրանի տարածքով։ Հիմա էլ է այդպես լինելու։ Ուղղակի Ադրբեջանի բռնապետը հիմա Արաքսյան գոտով կրճատել է այդ ճանապարհը՝ հաշվարկելով իր շահը։
  • Իրանական փորձագետները մինչև հիմա հնչեցնում են Նախիջևանի հետ կապված հավակնություններ, և դա ենթադրում է, որ, Աստված մի արասցե, եթե թուրք-ադրբեջանական տանդեմը կարողանա միջանցքը զավթել, Իրանը կկարողանա Հայաստանի հետ ճանապարհ բացել Սադարակի հատվածով։
  • Հայաստանի Հանրապետության տարածքում որևէ անկլավ չկա․ դա մեր հայրենիքն է։ Նույնը վերաբերում է Տիգրանաշենին: Բազմաթիվ ճանապարհներ կան, բայց ինչո՞ւ մենք պետք է զիջենք մեր արդյունավետ գործող ճանապարհները։
  • Ադրբեջանցիները շատ լավ հասկանում են, որ Հայաստանն իրենց համար անվտանգ կարող է լինել «ռեզերվացիայի» ճանապարհով, և նրանց բոլոր ջանքերը միտված են դրան։ Չի կարելի պատրանքներով ապրել ու պատրանքներով սնել ժողովրդին։

  • Վրաց իշխանություններն էլ Վրաստանում թուրքական ներկայությունից գոհ չեն։ Որևէ մեկը չի կարող գոհ լինել, որ Թբիլիսիում SOCAR-ին քննադատելը լինի անհնարին։ Մենք դա՞ ենք ուզում, որ այստե՞ղ էլ այդպես լինի։
  • Հայաստանի Հանրապետությունն իրավապայմանագրային տիրույթում չի դադարել Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը լինել։ Ուղերձը շատ հստակ պետք է լիներ այսօրվա հանրահավաքում Արցախի իշխանությունների կողմից՝ ՀՀ-ն չի կարող բանակցել 120.000 արցախցիների սովի մատնած բարբարոսների հետ։
  • Մենք վախենում ենք մեր ժողովրդին ասել ճշմարտությունը՝ Հայաստանը գտնվում է պատերազմի մեջ։ Հայաստանի Հանրապետությունը պետք է պատրաստվի պատերազմի, Բերձորի միջանցքը պետք է և կարող է բացվել միայն ուժի միջոցով։ Եթե ՀՀ-ն պատրաստ չէ դա անել, դա շատ պարսավելի է, որովհետև 44-օրյա պատերազմից հետո 3 տարի ժամանակը պետք էր օգտագործել պատրաստվելու, թշնամու համար խնդիրներ ստեղծելու համար։ Մենք երկու տարի ժամանակ ունենք, որովհետև 2025թ․լրանում է ռուս խաղաղապահների մանդատը, որի կապակցությամբ Էրդողանն իրեն հայտարարություններ է թույլ տալիս:
  • Մեր հասարակության տարբեր հատվածներ հավատացած են, որ ինչ-որ մեկը գալու է ու ապահովի մեր պետության անվտանգությունը։ Ո՛չ, նման բան չի կարող լինել։ Մեր տարածքի համար մենք պետք է կռվենք։ Որևէ մեկը համաձա՞յն է, որ իր ընտանիքի անվտանգությունն ապահովի հարևանի ամուսինը ու գա, բնակվի իր տանը։ Նույն իրավիճակն է։ Շատերն ասում են՝ Իրանը գա, Սյունիքը պաշտպանի: Եթե Իրանը գա, Սյունիքի համար կռվի, դա կդառնա Իրանի Իսլամական Հանրապետության տարածք: Եթե Ռուսաստանը գա, կռվի Շիրակի մարզի համար, Շիրակի մարզը կդառնա Ռուսաստանի գուբերնիա։ Եթե Սյունիքը պահելու համար Իրանը կռվի՝ այն արդեն կդառնա Իրանինը:
  • Հայաստանի Հանրապետությունը գոյություն չունենալու այլընտրանք չունի, այլապես պայմանական Ինդոնեզիայում ապրող որևէ հայի բաժին կհասնի իր բաժին թուրքը, որը նրան կհիշեցնի՝ ինքը գնչուի նման պետություն չունեցող թափառաշրջիկ է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս