Կասկածներ ունենք, որ այս գործի մեջ ներգրավված են ՔԿ Երևանի վարչության պետ Ազատ Գևորգյանը և ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը. Ժիրայր Ղարագյոզյան
168.am-ը հերթական ահազանգն է ստացել քաղաքացուց՝ քննչական մարմնի անգործության, նրանց կողմից կատարված հովանավորչության վերաբերյալ:
Ըստ քաղաքացի Աշոտ Խլղաթյանի՝ իր վերաբերյալ ակնհայտ հետապնդում է տեղի ունենում՝ իր բիզնեսը խլելու, իրեն սնանկացման տանելու միտումով, և Քննչական կոմիտեն, ինչ-որ անտեսանելի ձեռքի ուղղորդմամբ, նպաստում է դրան:
«Այս գործով խախտումներն այնքան շատ են, որ անկասկած է՝ քննչական մարմինն անկողմնակալ քննություն չի իրականացրել: Նախ նշեմ, որ տվյալ քրեական գործը հարուցվել է դեռևս 2021թ. սեպտեմբեր ամսին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում, ի սկզբանե քննվել ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, այնուհետև պաշտպանության կողմին անհայտ պատճառներով այդ քրեական գործը գրեթե մեկ տարի անց՝ 2022թ. օգոստոսի 26-ին, փոխանցվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների բաժնին և առ այսօր քննվում է տվյալ բաժնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Խլղաթյանի պաշտպան Ժիրայր Ղարագյոզյանը:
Ըստ նրա՝ շուրջ մեկ տարի ՀՀ ՔԿ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվելու ժամանակ իր պաշտպանյալ Աշոտ Խլղաթյանն այդ գործով նույնիսկ մեղադրյալի դատավարական կարգավիճակ չի ունեցել, այնինչ քրեական վարույթը հայտնվելով ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների բաժնում, անմիջապես որոշում է կայացվել նրա նկատմամբ երկու ծանր հոդվածներով մեղադրանք առաջադրելու մասին:
«Այսինքն՝ իմ պաշտպանյալը, շուրջ մեկ տարի չունենալով որևէ դատավարական կարգավիճակ, մի օրում նախ վարույթն է տեղափոխվում, ապա նոր մեղադրանքի առաջադրում, ձերբակալություն, կալանքի միջնորդություն, որը, սակայն, դատարանը մերժում է, ապա գույքն են ցանկանում դնել արգելանքի տակ, դատարանը կրկին մերժում է դրա հաստատումը: Պայքարում ենք մի ինչ-որ անտեսանելի ուժի դեմ: Կասկածներ ունենք, որ այս ապօրինության մեջ ներգրավված է ՔԿ Երևանի վարչության պետ Ազատ Գևորգյանը, ինչպես նաև ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, որովհետև վերջինս բոլոր այն գործերը, որոնցով միջամտություն է պահանջվում, ցանկացած քննչականից տեղափոխում ու քննում է քաղաքի վարչությունում»,- ասաց Աշոտ Խլղաթյանի պաշտպանը:
Իսկ գործը վերաբերում է միջազգային հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին («Բուլկի Արամին») պատկանող և վերջինիս հարազատ եղբոր անվամբ նախկինում ձևակերպված գազալցակայանի ձեռքբերման գործընթացին, որի շրջանակներում Աշոտ Խլղաթյանին վերագրվում է իբր գազալցակայանի ձեռք բերող Բաղդասար Ավետիսյանից խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով նշված գազալցակայանի սպասարկման տարածքը հափշտակելու մեջ՝ միաժամանակ Բաղդասար Ավետիսյանին տվյալ գործով դարձնելով տուժող:
«Մեղադրանքը վերաբերում է 3 դրվագ հափշտակությանը: Աշոտ Խլղաթյանին մեղադրում են այն բանում, որ նա շահագործել է տուժողներ Բաղդասար և Իրինա Ավետիսյաններին պատկանող գազալցակայանը և տարիներ շարունակ հափշտակել է նրանից ստացվող շահույթը ու այդ գումարները՝ 4 տարվա կտրվածքով մոտ 244 միլիոն դրան, չի փոխանցել տուժողներին: Մինչդեռ անկհայտ է, որ նրանք առհասարակ տվյալ ժամանակ գույքային որևէ իրավունք չեն ունեցել ոչ նշված գազալցակայանի, ոչ էլ դրա սպասարկման տարածքի նկատմամբ, որպիսի հանգամանքը բացառում է խարդախության հանցակազմը, իսկ վեճը ենթակա է քննության քաղաքացիաիրավական հարաբերությունների տիրույթում: Սակայն քննչական մարմնին ոչ միայն չի հետաքրքրում նշված հանգամանքը, այլև ևս մեկ ծանր հանցանքի կատարում են այժմ վերագրում ինձ, մասնավորապես այն, որ իբր ես ապօրինի եկամուտներ եմ ստացել գազալցակայանի շահագործումից: Իրականում, սակայն, նոտարական վավերացմամբ լիազորագրի հիման վրա օրինական հիմունքներով տարիներ շարունակ իմ ընտանիքի կողմից հիմնադրված ընկերության կողմից շահագործվել է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Աշոտ Խլղաթյանը:
Ըստ պաշտպանի՝ դրանից ևս չկաշկանդվելով՝ վարույթն իրականացնող քննիչը որոշում է կայացրել գազալցակայանն առգրավելու մասին, որն ակնհայտ ապօրինի լինելու հիմքով պաշտպանության կողմի բողոքի հիման վրա վերացվել է, սակայն գազալցակայանի շահագործումն առ այսօր չի վերականգնվել, քանզի քննիչն առանց որևէ իրավական հիմքի որոշել է այն հանձնել պահպանության տուժող կողմի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանին:
«Անկհայտ է, որ Աշոտ Խլղաթյանի կնոջը պատկանող «Համերաշխ ընտանիք» ՍՊ ընկերությունը 2018 թ. դեկտեմբեր ամսից մինչ 2023թ. հունվարի 17-ն օրինական հիմունքներով առևտրային գործունեություն է ծավալել Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Երևանյան 8 հասցեում գտնվող հողամասում և գազալցակայանում: Դրա մասին են վկայում թիվ 15963121 քրեական վարույթում առկա բազմաթիվ այն փաստաթղթերը, համաձայն որոնց՝ այդ հասցեում գտնվող հողամասը և գազալցակայանն անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրի հիման վրա անժամկետ հանձնվել է «Համերաշխ ընտանիք» ՍՊ ընկերության օրինական տիրապետմանն ու օգտագործմանը:
Ավելին՝ նշված անհատույց օգտագործման պայմանագիրը միակողմանի լուծվել է սույն քրեական վարույթով տուժող Բաղդասար Ավետիսյանի կողմից, և այդ հանգամանքը այժմ վիճարկվում է դատական կարգով»,- ասաց պաշտպան Ժիրայր Ղարագյոզյանը՝ հավելելով՝ հիմա տուժողն ասում է՝ նոտարի մոտ ստորագրելու ժամանակ ուշադիր չեմ եղել, չեմ տեսել, որ Աշոտ Խլղաթյանի կողմից գազալցակայանն անհատույց օգտագործելու վերաբերյալ կետ կա լիազորագրի մեջ:
Ժիրայր Ղարագյոզյանի դիտարկմամբ, սակայն, դա թյուր ու թույլ փաստարկ է, որովհետև եթե անգամ լիազորագրում չլիներ անհատույց Աշոտ Խլղաթյանին հանձնելու հանգամանքը, այլ միայն վարձակալության դրույթը լիներ, միևնույն է, տուժողները որևէ այլ ակնկալիք չէին կարող ունենալ, քան ամսական ստաբիլ վարձավճարը:
«Այսինքն՝ ենթադրենք մեկը սրճարանի տարածք է վերցնում աշխատեցնելու համար: Ի՞նչ է ստացվում՝ և՛ ամսական վարձավճարը պետք է տա վարձակալին, և՛ նրա հետ իր ստացած շահո՞ւյթը կիսի: Պատկերացրե՛ք, դատարանում 4-5 տարվա շահագործումից ստացած իրենց հաշվարկով 244 միլիոն դրամի չափով էլ դատարանից պահանջում են արգելանք դնել իմ պաշտպանյալի գույքի վրա: Դատարանը մերժեց, 3 օր անց կրկին նույն միջնորդությունը տարան, այնքան տարան, մինչև մակագրվեց իրենց ուզած դատավորին, որ բավարարվի արգելանքի՝ ակնհայտ ապօրինի միջնորդությունը: Իրենք ուզում են, որ շահույթ բաշխվի, բայց շրջանցվի «ՍՊԸ-ների մասին» օրենքը: Ինչպե՞ս է հնարավոր շահույթ պահանջել մեկից, ով տվյալ ընկերության մեջ չունի անգամ 1% բաժնեմաս, քանի որ ընկերությունն ամբողջությամբ պատկանում է Աշոտ Խլղաթյանի կնոջը»,- տարակուսում է Ժիրայր Ղարագյոզյանը:
Ավելին, պաշտպանի խոսքով, դեռևս 2021թ. հոկտեմբերի 6-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԵԴ/36341/02/21 գործով արձակած կատարողական թերթի համաձայն կիրառվել է հայցի ապահովման միջոց, որն առ այսօր գործում է: Այն արգելում է պատասխանողներ Բաղդասար Ավետիսյանին և (կամ) Իրինա Ավետիսյանին նշված գազալցման կայան հասցեի նկատմամբ կնքել օտարման, գրավի, վարձակալության կամ գույքի անհատույց օգտագործման հետ կապված գործարքներ:
«Սակայն դատարանի որոշումը չի խանգարել, որ Բաղդասար և Իրինա Ավետիսյանները Կոտայքի մարզի, ք. Եղվարդ, Երևանյան 8 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ «ԷՎՌ» ՍՊ ընկերության անհատույց օգտագործման իրավունքը գրանցեն 12.10.2021թ.: Այսինքն՝ իրավունք չունենալով գույքն օտարել, վարձակալության տալ կամ դրա հետ կապված այլ գործարքներ անել, այս մարդիկ այն այլ ընկերության տվել են անհատույց օգտագործման: Այս հանգամանքը ներկայումս արդեն «Համերաշխ ընտանիք» ՍՊԸ-ի կողմից վիճարկվում է ՀՀ վարչական դատարանում»,- ասաց պաշտպանը:
Վերոնշյալը, ըստ նրա, վկայում է այն մասին, որ քննիչի կողմից միաժամանակ անտեսվել են նաև դատական գործող ակտերը, ինչը պետք է անվերապահորեն համապատասխան գնահատականի արժանանա:
«Հարկ է փաստել, որ դա վարույթն իրականացնող քննիչ Հայկ Սարիբեկյանի միակ ապօրինի որոշումը չէ, նրա կողմնակալ և ոչ անաչառ լինելը փաստվել է նաև այն ժամանակ, երբ վերջինս կոպտորեն խախտելով քրեադատավարական կառուցակարգերը, գազալցակայանն առգրավելու որոշում է կայացրել, ինչն աննախադեպ է և չլսված հայրենի օրենսդրության մեջ: Սակայն զավեշտալին այն է, որ թեև պաշտպանության կողմի բողոքի հիման վրա հսկող դատախազի որոշմամբ բավարարվել է մեր բողոքը, որի հետևանքով վերացվել է քննիչի ակնհայտ ապօրինի որոշումը, ինչպես նաև դրանից հետո քննիչ Հ. Սարիբեկյանը հեռացվել է վարույթից, սակայն ապօրինի որոշման հետևանքները չեն չեզոքացվել, քանի որ գազալցակայանը չի վերադարձվել օրինական տիրապետողին»,- նշեց Ժիրայր Ղարագյոզյանը:
Վերջինս շեշտում է՝ դրանով չեն ավարտվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների բաժնի կողմից կատարվող ապօրինությունները: Մասնավորապես, խոսքն այն մասին է, որ պաշտպանության կողմը օրերս շատ հանկարծակի տեղեկացել է, որ 2023թ. հունիսի 7-ի վարույթը ստանձնած քննիչի կողմից որոշում է կայացվել մեղադրյալ Աշոտ Խլղաթյանին սեփականության իրավունքով պատկանող ամբողջ գույքի վրա արգելանք կիրառելու մասին այն դեպքում, երբ այդ որոշումը ուղարկվել է ՀՀ կադաստրի պետական կոմիտե ի կատար ածելու, սակայն ոչ միայն քննիչն այդ որոշումը չի ներկայացրել պաշտպանության կողմի ծանոթացմանը, այլ առհասարակ գույքի նկատմամբ փաստացի արգելանք կիրառելուց հետո օրենքով սահմանված կարգով չի միջնորդել դատարանին այն հաստատելու պահանջով:
Հարցին՝ ի՞նչ կապ ունի ներկայումս հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանն այս գործի հետ, Ժիրայր Ղարագյոզյանը պատասխանեց՝ կապ ունի այնքանով, որ ժամանակին այդ գազալցակայանը նրա եղբայրը՝ Անդրանիկ Հարությունյանը, վաճառել է Բաղդասար և Իրինա Ավետիսյաններին:
«Գազալցակայանը պատկանել է եղբայրներին, սակայն գրանցված է եղել Անդրանիկ Հարությունյանի անվամբ: Անդրանիկ Հարությունյանը վաճառել է իր գազալցակայանը, ստացել փողը, ու թվում է՝ այս թեմայի հետ կապ չպետք է ունենա, սակայն նա հիմա ասում է՝ «Հա, 100%, Աշոտը Բաղդասարին «գցել է»»,- ասաց Ժիրայր Ղարագյոզյանը:
«Առ այսօր Աշոտ Խլղաթյանի սեփականության, ինչպես նաև դրա անձեռնմխելիության իրավունքը կոպտորեն շարունակվում է ոտնահարվել ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնի կողմից, իսկ որևէ մեկը դրա համար պատասխանատվություն չի կրում, քանի որ ոչ ոքի համար գաղտնիք չէ քննչական մարմիններում տիրող ամենաթողությունը»,- ասաց պաշտպանը: