Առանց միջազգային հանրության ներգրավվածության դժվար է պատկերացնել ԼՂ կոնֆլիկտի հաղթահարումը․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդգծում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն, ընդհանուր առմամբ, երբեք տարածքային խնդիր չի եղել։ Նրա խոսքով՝ այն կոնցեպտը, որի շուրջ երկար ժամանակ բանակցում են, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգություն և իրավունքներ, տարածքի մասին չէ, այլ մարդկանց իրավունքների և անվտանգության մասին է։ Արմեն Գրիգորյանն այս մասին ասել է «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում։
«Այս առումով Հայաստանը, բնականաբար, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունտը, գործնականում էլ է դա այդպես։ Քննարկումը, որը մենք ցանկանում ենք, որ տեղի ունենա, դա Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումներն են Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ։ Կարծում եմ, որ եթե այս հարցով առաջընթաց գրանցվի, որևէ տարածքային խնդիր չի եղել, չկա և չի էլ լինի»,- ասել է Գրիգորյանը։
Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարն այն կարծիքին է, որ Ստեփանակերտի և Բաքվի միջև բանակցությունների միջազգային մեխանիզմ ստեղծելու հնարավորություն կա, սակայն դրա համար ավելի շատ ջանքեր պետք է գործադրեն միջազգային հանրությունը, ինչպես նաև Ստեփանակերտն ու Բաքուն։ Նրա խոսքով՝ այդ տարբերակը միակն է, որը կարող է կայունության հանգեցնել։ «Միջազգային հանրությունը պետք է ներգրավված լինի կոենֆլիկտի հաղթահարմանը, որովհետև առանց միջազգային մեխանիզմի դժվար է դա պատկերացնել»,- ասել է Արմեն Գրիգորյանը։
Նա կարևորել է նաև Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում միջազգային ներկայությունը, քանի որ անվտանգության և իրավունքների երաշխիքների ստեղծումն առանց միջազգային ներկայության շատ դժվար կլինի։