Մահացել է ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Վիրաբյանը
Մահացել է ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Դավիթ Վիրաբյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արտաքին գործերի նախարարությունը:
«Խորը ցավով հայտնում ենք, որ 2023թ. հուլիսի 11-ին 45 տարեկան հասակում կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, փարձառու դիվանագետ Դավիթ Ալեքսանդրի Վիրաբյանը, ով երկար տարիներ անձնվիրաբար ծառայել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում՝ իր անգնահատելի ավանդը ներդնելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների առաջմղման գործում:
Դավիթ Վիրաբյանը ծնվել է 1977թ. Երևանում: 1999թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբերեն լեզու և գրականություն բաժինը: 1999-2002թթ. շարունակել է ուսումը Հայաստանի Հանրապետության ԳԱ արևելագիտության ինստիտուտում: 2002թ. ստացել է «պատմական գիտությունների թեկնածու» գիտական աստիճան:
2000-2002թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչությունում՝ որպես կցորդ:
2002-2005թթ. դիվանագիտական ծառայությունը շարունակել է Լիբանանում ՀՀ դեսպանությունում՝ որպես 3-րդ քարտուղար:
2005-2007թթ. աշխատել է ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչությունում՝ որպես 3-րդ, այնուհետև՝ 2-րդ քարտուղար:
2009-2010թթ. աշխատել է Բելառուսում ՀՀ դեսպանությունում և ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցչությունում՝ որպես 2-րդ, այնուհետև՝ 1-ին քարտուղար:
2010-2015թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ և ԱՊՀ վարչություններում՝ որպես բաժնի վարիչ:
2015-2018թթ. եղել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ:
2018թ. առ այսօր հանդիսանում էր ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ:
Դավիթ Վիրաբյանն իր ծառայության ընթացքում աշխատանքային պարտականությունները լավագույնս կատարելու համար պարգևատրվել է բազում շնորհակալագրերով, հուշամեդալներով, շքանշաններով.
Ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար պարգևատրվել է Ջոն Կիրակոսյանի անվան հուշամեդալով, ՀԱՊԿ կողմից պարգևատրվել է «За укрепление парламентского сотрудничества в ОДКБ» շքանշանով, պարգևատրվել է ՀԱՊԿ 2-րդ աստիճանի պատվո մեդալով, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի «МПА СНГ. 30 лет» մեդալով և այլն:
Գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Դավիթ Վիրաբյանի հիշատակը վառ կմնա բոլորիս հիշողություններում։
Խորին ցավակցությունն ենք հայտնում սիրելի գործընկերոջ ընտանիքի անդամներին, հարազատներին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը»,- նշված է հաղորդագրությունում: