Մահվան փայատերը
Ադրբեջանի կողմից մայիսի 26-ին առևանգված հայ զինծառայողներ Հարություն Հովակիմյանն ու Կարեն Ղազարյանը նախօրեին Ադրբեջանում ազատազրկման են դատապարտվել 11 տարի 6 ամիս ժամկետով։ Ադրբեջանը նրանց մեղադրում է «պետական սահմանը հատելու և ծանր հանցագործությունների նախապատրաստման մեջ», այն դեպքում, երբ նրանք առևանգվել են ադրբեջանցի դիվերսանտների կողմից դիրքեր սնունդ տանելուց հետո վերադարձի ճանապարհին։
Այս տեղեկատվությունը հայ հասարակության համար ամենօրյա լրահոսի հերթական, սովորական դարձած լուրն էր, իսկ իշխանությունն ընդհանրապես որևէ կերպ չարձագանքեց դրան։
Բայց խոսքը երկու երիտասարդների, երկու ընտանիքների, երկու գերդաստանների ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ մասին է։ Այդ ողբերգությունը տեղի է ունեցել այն պետության դիվերսանտների կողմից, որի հետ առևանգված ու դատապարտված զինծառայողների հայրենի երկրի իշխանությունը ցանկանում է խաղաղություն հաստատել և այնքան անհոգնել է ցանկանում, որ առաջնորդվում է «պլյուս-մինուս երկու գերի» հակամարդկային սկզբունքով։ Մինչդեռ այս ողբերգությունը հնարավոր է դարձել ոչ միայն թշնամական երկրի գործողությունների, այլ նաև Հայաստանի իշխանության կողմից վարվող քաղաքականության պատճառով։ Ու նաև այն պատճառով, որ Հայաստանի իշխանությունն Ադրբեջանին ցույց է տվել ու շարունակում է ցույց տալ ամեն ինչ հանձնելու պատրաստակամությունը՝ սկսած Արցախից ու Հայաստանի ինքնիշխան տարածքներից, մինչև այդ տարածքները պաշտպանող զինծառայողներ։
Երկու հայ զինծառայողների դատապարտումն Ադրբեջանում ու նրանց ճակատագրի խեղումը սոսկ փոքր կաթիլ է այն ողբերգական օվկիանոսում, որն անծով Հայաստանում գոյացել է Նիկոլ Փաշինյանի իշխանության պատճառով։ 44-օրյա պատերազմի հազարավոր զոհերի, նախորդ տարվա սեպտեմբերյան մարտերի հարյուրավոր նահատակների, տասնյակ անհետ կորածների ու ռազմագերիների համապատկերում երկու առևանգված զինծառայողների դատապարտումը շատերի, այդ թվում ու առաջին հերթին՝ իշխանության համար կարող է աննշան թվալ «խաղաղության դարաշրջանի պատմական ընթացքում»։ Բայց կրկին, խոսքը երկու մարդու, երկու երիտասարդ կյանքի խեղման մասին է, որի համար գործնականում որևէ մեկը պատասխանատվություն չի կրելու։
Երիտասարդներ, որոնք առևանգվել են ադրբեջանցի դիվերսանտների կողմից՝ դիրքեր, իրենց ծառայակից ընկերներին սնունդ տանելուց հետո վերադարձի ճանապարհին…
Նիկոլ Փաշինյանն անսահմանորեն շատ է սիրում փայատիրության ինստիտուտը։ Նա ամեն առիթով հպարտորեն հայտարարում է, թե Հայաստանի կառավարությունը դարձել է, օրինակ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի փայատեր, ինչն ապահովում է հսկայական եկամուտներ։ Բայց Նիկոլ Փաշինյանը չի հիշում ու չի հիշատակում, որ ինքը, Հայաստանի կառավարությունը, իշխանությունը փայատեր են նաև հազարավոր մարդկանց ու ընտանիքների ողբերգություններում։ Նա այդ մասին չի խոստովանում ոչ թե ամոթի բերումով, այլ որովհետև ողբերգության բաժնեմասը եկամուտներ չի ապահովում։ Իհարկե, դա հարաբերական է, քանի որ մահվան փայատիրությունը Նիկոլ Փաշինյանի համար դրամական եկամուտներ չբերելով, ապահովում է իշխանության պահպանումը, որը նրա համար ամենասիրելի փողի է կոնվերտացվում արդեն այլ մեխանիզմներով։
Հարություն Ավետիսյան