Ուռուցքաբանը մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը նվազեցնելու ուղիներ է անվանել

Ուռուցքաբան, ռուսական «Բժիշկ» հեռուստաալիքի փորձագետ Իգոր Ուտյաշևը նշել է մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը նվազեցնելու ուղիները և խորհուրդ տվել, թե ինչպես կարելի է պաշտպանվել արևի վտանգավոր ճառագայթներից։ Այդ մասին տեղեկացնում է «Lenta.ru»-ն։

Բժիշկը նշել է, որ արևից պաշտպանվելու համար անհրաժեշտ է քսուք օգտագործել 30 միավոր պաշտպանական չափաբաժնով։ Այնուամենայնիվ, լճերում, գետերում լողալու կամ ցնցուղ ընդունելու ժամանակ քսուքը լվացվում է, ուստի այն պետք է պարբերաբար նորից քսել չոր մաշկին, հավելել է Ուտյաշևը՝ նշելով, որ ավելի լավ է քսուք գնել դեղատներում, որտեղ վաճառվում է ամենաբարձր որակի արտադրանքը տարբեր տեսակի ճառագայթներից։

Ուռուցքաբանը զգուշացրել է, որ քսուքը պետք է պաշտպանի և՛ «Ա», և՛ «Բ» տիպի ճառագայթումից, քանի որ դրանցից յուրաքանչյուրը կարող է հրահրել մաշկի քաղցկեղի զարգացում։ Նաև ճառագայթների վնասակար ազդեցությունից պաշտպանվելու համար անհրաժեշտ է սահմանափակ ժամանակ մնալ արևի տակ։ Հատկապես բաց մաշկ և շեկ մազեր ունեցող մարդիկ պետք է խուսափեն արևից։

Մանկության տարիներին արևայրուքը մելանոմայի զարգացման հնարավոր նախադրյալներից է, ուստի երեխաների մաշկը պետք է պաշտպանված լինի արևից բոլոր հնարավոր եղանակներով։

«Անհրաժեշտության դեպքում երեխաների մաշկին քսեք պաշտպանիչ քսուքի հաստ շերտ։ Երեխայի մաշկի վրա կասկածելի գոյացությունների դեպքում անհապաղ դիմեք բժշկի օգնությանը»,- ասել է ուռուցքաբանը։

Տեսանյութեր

Լրահոս