«Լիովին սպասելի էր. դա երևում էր վարույթի ընթացքից». դատավոր Տիգրան Պետրոսյան

Առանց լրատվամիջոցների ներկայության, փակ դռների հետևում Կարեն Անդրեասյանը որոշեց դադարեցնել Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանի լիազորությունները՝ էական կարգապահական խախտման հիմքով։

Ավելի վաղ նշել էինք, որ ՄԻԵԴ վճռի հրապարակումից՝ շուրջ 4 տարի, իսկ բուն գործից՝ 15 տարի անց ՀՀ արդարադատության նախարարությունը որոշել էր կարգապահական վարույթ հարուցել 4 դատավորների նկատմամբ. Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանն ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել. Նրա մասով վարույթը կարճվեց:

Դատավոր Տիգրան Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում նկատեց՝ ԲԴԽ որոշումն իր համար անակնկալ չի եղել:

Կարդացեք նաև

 

«Դա արդեն երևում էր վարույթի ընթացքից. առաջինը, ինչ չստացանք, անաչառ դատարանն է»,- շեշտեց դատավորը:

Տիգրան Պետրոսյանը որոշում ստանալուց հետո կբողոքարկի այն:

«Ճիշտ է, ներպետական ատյաններում դրա արդյունավետ բողոքարկման ընթացակարգ նախատեսված չէ, բայց կան ընթացակարգեր. անպայման դրանք կօգտագործենք՝ հասնելու արդարության»,- նկատեց նա:

Հարցին՝ արդյո՞ք Գրիգոր Միանսյանի և Կարեն Անդրեասյանի հանրայնացված հանդիպումն ունեցել է  ազդեցություն ԲԴԽ այսօրվա որոշումների վրա, մեր զրուցակիցը պատասխանեց. «Կարծում եմ՝ եթե նման հանդիպումներ եղել են, ապա դրանք ազդած կլինեն:

Մեր դատական նիստը դռնբաց էր, և կարծում եմ՝ բոլորը տեսան, որ քննության ընթացքում որոշակի պրոբլեմներ առաջացան. ինձ թվում է՝ նրանց խոսակցության թեման այլ բան չէր լինի՝ պետք է լիներ այն, թե ինչպես հաղթահարեն այս վարույթներերի ընթացքում առաջացած խնդիրները»:

Դատավոր Տիգրան Պետրոսյանը կայացված դատական ակտը, այսօր լրագրողների հանդեպ կատարվածը որակեց «պարզապես իրավական բռնություն»:

Նշենք, որ դատավորների կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի՝ «Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» գործով՝ 2019 թվականին հրապարակված վճիռը։ Ըստ արդարադատության նախարարի միջնորդության՝ ՄԻԵԴ վճռի ուսումնասիրության արդյունքում առերևույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքներ են հայտնաբերվել։

Դատավոր Տիգրան Պետրոսյանն ավելի վաղ՝  ԲԴԽ նիստի ընթացքում անդրադառնալով արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի կողմից այս տարվա մարտի 27-ին չորս դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշմանը, ապա՝  արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Լևոն Բալյանի կողմից մայիսի 24-ին դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդությամբ ԲԴԽ-ին դիմելուն՝ նկատել էր. «Մենք համարում ենք, որ որոշումն անհիմն է, կայացվել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 5-րդ, 6-րդ, 61-րդ, 63-րդ, 73-րդ, 164-րդ հոդվածների, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետի, ՀՀ Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի մի շարք հոդվածների խախտումներով»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս