Բաժիններ՝

Արցախցի երեխաները շրջափակման պայմաններում շարունակում են ԱԹՍ-ներ և ռոբոտներ ստեղծել, համախմբվել տեխնոլոգիաների շուրջ

Արցախցի երեխաների համար դժվարությունները սկսվեցին դեկտեմբերի 12-ին, երբ նրանք եկել էին մասնակցելու «ԱրմՌոբոտիկս» մրցույթին։ Երեխաները մասնակցեցին մրցույթին, բայց Արցախ վերադառնալիս ճանապարհն արդեն փակվել էր, երեխաները մնացին Գորիսում մոտ մեկ ամիս։

Այս տարի ԱԹՍ-ների «Հաւք» մրցույթին արցախցի երեխաների մասնակցությունը շատ մեծ հարցականի տակ է։ Արցախում գործում է անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) 2 լաբորատորիա, որտեղ երեխաները լավ արդյունքներ են գրանցում, սակայն չեն կարողանա ներկայացնել իրենց աշխատանքները Հայաստանում։

Արցախցի երեխաներն այս տարի չեն կարողանա մասնակցել նաև «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների կազմակերպած ամենամյա ճամբարին։ Բայց Արցախում գտել են ելքը և տեխնոճամբար են նախաձեռնել Արցախի ներսում։

Կարդացեք նաև

«Արմաթ» լաբորատորիաների ծրագրեր համակարգող Անի Ղազարյանը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ թեև ճանապարհը երկկողմանի փակ է, բայց արմաթիկները շարունակում են Արցախում գործ անել. սարքաշինությամբ են զբաղվում։

«Երեխաների աշխատանքի արդյունքը լինելու է Արցախ-Հայաստան վերամիավորումը բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ։ Անգամ այս օրհասական պահին Արցախի մեր «Արմաթ» թիմն արմաթցիների համար նախաձեռնել է տեխնոլոգիական ճամբար, որպեսզի երեխաների գիտելիքը էլ ավելի խորանա։ Ճամբարի կազմակերպման գումարի 90%-ն առկա է, 5% հավաքվել է, պակասում է ընդամենը 400.000 ՀՀ դրամ։

2016 թվականից սկսած ԱՏՁՄ-ն կազմակերպում է «Արմաթ» լաբորատորիայի տեխնոճամբար։ Ամեն տարի Արցախից երեխաները եկել են Հայաստան, ռոբոտաշինություն են սովորել ու կատարելագործել են իրենց հմտությունները։ Անցյալ տարի Արցախից մեծ թվով երեխաներ են եկել, բայց այս տարի երեխաները չեն կարող մասնակցել ճամբարին։ Արցախի մեր թիմը՝ 24 աշխատակիցները, համակարգողի հետ միասին, որոշել են ճամբար կազմակերպել Արցախում՝ առանց մեզ որևէ բան ասելու։ Նրանք պարզապես գրել են մեզ, տեղեկացրել, որ ուզում են ճամբար կազմակերպել։ Մենք խոսեցինք, ուղղություն ցույց տվեցինք, իրենք արդեն ունեն գումարի մեծ մասը։ Ճամբարին մասնակցելու է 70 երեխա և 14 խմբավար։ Ճամբարը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի Ծմակահողում»։

Իր աշխատանքը շարունակում է նաև Ստեփանակերտում գործող «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը։

Շրջափակման ընթացքում, օրինակ, «Թումո» կենտրոնը ներկայացրել է Ստեփանակերտի կենտրոնի աշակերտների պատրաստած ռոբոտը։

«ԹՈՒՄՈ Ստեփանակերտի ուսանողները ցուցաբերում են ուշագրավ տոկունություն և ստեղծագործական ունակություններ Ադրբեջանի կողմից շրջափակման հետևանքով առաջացած դժվարին հանգամանքներում։

Արցախցի Արմանը, Դավիթը և Սվետլանան այս ռոբոտը ստեղծել են իրենց 2-րդ մակարդակի ռոբոտաշինության արհեստանոցում»,- նշվում է կենտրոնի Twitter-յան էջում:

Արցախում շուտով կգործի նաև Co-Working space, որտեղ տեխնոլոգիաներով (և ոչ միայն) հետաքրքրվող երեխաները, պատանիները կարող են հավաքվել մեկ գաղափարի շուրջ, աշխատել, ստեղծել իրենց նախագծերը և այլն։

Բիթթին Co-Working space է լինելու Մարակերտում (հետագայում՝ Մարտունիում ու Ասկերանում ևս), որն իր մեջ ներառելու է 2 կոմպոնենտ` համայնքային զարգացման ինկուբատոր և Co-Working տարածք։

168.am-ի հետ զրույցում Bitty-ի համահիմնադիրներից Մերի Հովհաննիսյանը պատմում է, որ Co-Working տարածքում աշխատելու են ինչպես տեղի, այնպես էլ Հայաստանից եկած startup թիմեր, անհատներ և կազմակերպություններ, որը հնարավորություն է տալու տեղի երիտասարդներին կապեր ստեղծել և փորձի փոխանակում անել։

«Համայնքային զարգացման ինկուբատորի շրջանակներում կազմակերպվելու են դասընթացներ, սեմինարներ, startup ինկուբատոր ծրագրեր, որոնց շնորհիվ համայնքում ստեղծվելու են startup նախագծեր և խթանելու են երիտասարդների համայնքում մնալուն և այստեղ աշխատելուն»։

Bitty թիմը կազմված է 4 երիտասարդներից` Մերի Հովհաննիսյան, Արշակ Հովհաննիսյան, Նարե Ղահրամանյան, Դիանա Ղահրամանյան, և թիմին կցված մենթորներ` Արա Հարությունյան և Մարինա Մալխասյան։

«Ծրագրի գաղափարը առաջին անգամ ներկայացրել ենք 2022թ. Artsakh STEM Expo-ի գաղափարների մրցույթում` գրավելով առաջին հորիզոնականը։ Մրցույթի արդյունքում ստացանք մենթորներ։ Մասնակցել ենք «Քաղաքացիական էքսպո», Tech Week Gyumri, Digicamp ծրագրերին և ձեռք բերել ներդրումներ։ Բլոկադայի ընթացքում սկսել ենք նոր ծրագիր` #բիթթիտանողճանապարհը, որի շրջանակներում ամեն շաբաթ կազմակերպել ենք տարբեր միջոցառումներ` ֆիլմդիտումներ, ինտելեկտուալ խաղ, «Թվային մարքետինգի ուղին» թեմայով դասընթաց։ Պլանավորված է կազմակերպել Bitty quest և նոր դասընթաց, որի մասին դեռ չենք խոսել։ Համայնքի երիտասարդներն ակտիվությամբ մասնակցել են միջոցառումների, ինչ-որ չափով ցրվել ներկա իրավիճակից։

Այս ընթացքում նախագիծ ենք սկսել նաև Մոխրաթաղ համայնքի երեխաների հետ` կայք ենք նախագծում, որտեղ ներառված են լինելու Մարտակերտի շրջանի տեսարժան վայրերը։ Շուտով նախագիծը ավարտին կհասցնենք, բայց երեխաների հետ աշխատանքմերը դեռ շարունակվելու են։ Բլոկադայից առաջ պլանավորված էր, որ դրամահավաք պիտի բացեինք reArmenia հարթակում, սակայն կիսատ ենք թողել։ Այս պահին շարունակվում են աշխատանքները, և հուսով ենք՝ շուտով կունենանք հարթակը, և դրամահավաքը հաջողությամբ կավարտենք»,- պատմեց Մերին։

Սիրարփի Աղաբաբյան

Տեսանյութեր

Լրահոս