
ԲՏԱՆ-ն էլի ցուցահանդեսի է մասնակցելու․ այս անգամ տաղավարի կառուցապատումն արժեցել է 72.000 եվրո

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն էլի ցուցահանդեսի է պատրաստվում․ նկատենք՝ այս գունագեղ ցուցահանդեսների նախապատրաստումը պետական բյուջեի վրա կլորիկ գումար է արժենում։
Այս անգամ ԲՏԱ նախարարությունը մասնակցելու է հունիսի 11-14-ը Փարիզում կայանալիք «Վիվա Թեքնոլոջի 2025» (VIVA TECHNOLOGY 2025) միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին։ Սա հարթակ է, որն ամեն տարի միավորում է ստարտափներին, տեխնոլոգիական ոլորտի առաջատարներին, ներդրողներին աշխարհի տարբեր երկրներից:
Միջոցառման հայկական տաղավարի կառուցապատման աշխատանքների համար միայն՝ նախարարությունը վճարել է 72․000 եվրոյին համարժեք դրամ։
Նախօրեին կնքված պայմանագրից տեղեկանում ենք նաև, որ տաղավարը կառուցապատող մատակարարը Դուբայում գրանցված Mind Spirit Designs & Works LLC ընկերությունն է, որի հետ նախարարությունը, սկսած 2023 թվականից, արդեն շուրջ 10 պայմանագիր է կնքել՝ մեկ անձ ընթացակարգով։
Ի դեպ, վերջին պայմանագրերից մեկը կնքվել է հունվար ամսին։ Այդ պայմանագրով Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում՝ IDEX 2025 միջազգային պաշտպանական համաժողովի շրջանակում կազմակերպված ցուցահանդեսին, հայկական տաղավարի կառուցապատման աշխատանքները բյուջեին արժեցել են 34 միլիոն 250.000 դրամ՝ շուրջ 85.000 դոլար։