Նախարարի աշխատավարձը 150-160.000 դրամով է բարձրացել, իսկ թոշակ բարձրացնում են 3000 դրամով. Տնտեսագետ

Կառավարությունը հուլիսի 1-ից բարձրացրել է կենսաթոշակի և նպաստի չափը. նվազագույն կենսաթոշակի չափը 31.600 դրամից դարձել է 36.000 դրամ:

Ի դեպ, վերջին մեկ տարվա կտրվածքով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը շուրջ 2 անգամ ավելի է. փաստացի, միայն նվազագույն թոշակով՝ 36.000-ով ապրել փորձող կենսաթոշակառուն կմնա թերսնված:

ԱԺ պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը, 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով կառավարության այս «հումանիստական» քայլին՝ արձանագրեց.

«2021, 2022 թվականների և 2023 թվականի առաջին կիսամյակի գնաճը հանրագումարային առումով մի քանի անգամ գերազանցում է կենսաթոշակների և նպաստների բարձրացման տեմպին: Այսինքն՝ նպաստառուների, թոշակառուների, սոցիալական խոցելի խմբերի իրական եկամուտներն էապես նվազել են: Ճիշտ է, անվանական կենսաթոշակը երկու-երեք անգամ բարձրացրել է, բայց ոչ համարժեք գնաճին: Այս մի բարձրացմամբ ևս այդ խնդիրը չի լուծվում»:

Կարդացեք նաև

Այդուhանդերձ, տնտեսագետը չբացառեց, որ նույնիսկ այդչափով բարձրացումը որոշակիորեն կմեղմի սոցիալապես անապահով խավերի ինչ-ինչ խնդիրները, սակայն դա այն չէ, ինչ պահանջվում է պետության կողմից:

Հարցը դիտարկելով պետական բարձրաստիճան պաշտոնյաների շարունակական պարգևավճարների համատեքստում՝ Թադևոս Ավետիսյանը շեշտեց. «Պետական բարձրաստիճան պաշտոնյաները նվազագույն աշխատավարձի տասնապատիկն են ստանում, և, օրինակ, հունվարի 1-ից էլ ևս 25 տոկոսով բարձրացրել են իրենց աշխատավարձը:

Նախարարի աշխատավարձը 150-160 հազար դրամով է բարձրացել, իսկ, ասենք, թոշակ բարձրացնում են 3000 դրամով՝ կամ նվազագույն աշխատավարձը՝ 7000 դրամով: 8-9-10 տոկոսով բարձրացնում են աշխատող աղքատի, կամ անապահով խավի նպաստն ու թոշակը, 25 տոկոսով՝ իրենց աշխատավարձը, էլ չասեմ, որ պարբերաբար ստանում են պարգևատրումներ:

Իսկ այս դիտարկումներին իրենց միակ արձագանքը հետևյալն է, թե պաշտոնյաներին բարձր աշխատավարձեր և պրեմիաներ են տալիս, որ լավ աշխատեն, լուծեն սոցիալական խնդիրները, չթաթախվեն կոռուպցիոն երևույթների մեջ»:

Նա այս թեզը համարում է անընդունելի և սին՝ նկատելով, որ նրանք արդեն իսկ միջինից բարձր աշխատավարձ են ստանում, իսկ պարգևատրումները կապ չունեն իրենց աշխատանքի կատարողականի հետ, քանի որ ոլորտները պերմանենտ ձախողում են:

«Այդ ձախողակները, բացի աշխատավարձից, ստանում են կայուն պարգևատրումներ, որն իրենց աշխատանքի արդյունքի հետ որևէ կապ չունի,- շեշտեց նա՝ հիշեցմամբ,- Իրենք իրենց նախնտրական խոստումներում չէին ասել, որ՝ եկել ենք բարձր աշխատավարձեր ու պրեմիաներ ստանանք՝ հակառակ դեպքում կթաթախվենք կոռուպցիոն ռիսկերի մեջ: Իրենք ասում էին՝ սիրում են մարդկանց, խոստանում էին օրնիբուն աշխատել, ծառայել, որպեսզի լուծեն մարդկանց խնդիրները:

Եվ դեռ մեծ հարց է, թե հետագայում, երբ օբյեկտիվորեն վերլուծվի այս շրջանը, որքան կոռուպցիոն դրսևորումներ կհայտնաբերվեն: Մի փաստ ակնհայտ է՝ այս իշխանության օրոք մեկ անձից պետական գնումները թռիչքաձև աճում են ( խոսքը մասնավորապես վերաբերում է պետական կապիտալ շինարարությանը), և չգիտես ինչու՝ այդ գնումների մատակարարները` պետության գործընկերները, հանկարծ դառնում են նորելուկ կազմակերպություններ, կամ կազմակերպություններ, որոնք այս կամ այն կերպ, նաև ուղղակիորեն կապված են հենց իրենց շրջապատի հետ»:

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ ազդարարել էր կենսաթոշակի բարձրացման մասին՝ արձանագրմամբ, որ «2018 թվականի Հեղափոխության պահին Հայաստանում նվազագույն կենսաթոշակը եղել է 16 հազար դրամ: Այսինքն՝ վերջին հինգ տարում նվազագույն կենսաթոշակը ավելի քան կրկնապատկվել է», սակայն մոռանալով նշել, որ այդ ժամանակահատվածում ավելացել է պետական պարտքի բեռը, իսկ երկրում գնաճը հասել է երկնիշ ցուցանիշի:

Տեսանյութեր

Լրահոս