«Այդ մարդը կորցրել է ժամանակի զգացողությունը. հիմա իրեն ճնշո՞ւմ են, թե՞ սա իր ռեժիսուրայով բեմադրված հնարք է». Շուշեցի պատմաբանը՝ Փաշինյանին
Շուշիի պատմության թանգարանի վարիչ, պատմաբան Աշոտ Հարությունյանի կարծիքով՝ Վաշինգտոնում բանակցող ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը պետք է ականջալուր լիներ Արցախի ԱԺ հայտարարությանը և դադարեցներ բանակցությունները՝ հաշվի առնելով, որ այն լուրջ մեսիջ էր։
«Սակայն այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Արցախից։ Հայաստանի ղեկավարությունն առիթից օգտվելով, որ Ադրբեջանը հունիսի 28-ին նման միջադեպ է հրահրել սահմանին, կարող էր հայտարարել, որ այլևս չի վարելու բանակցություններ, նաև Արցախի հարցով չի խոսելու, ուստի Ադրբեջանը պետք է Արցախի հետ սկսի բանակցություններ վարել։ Այդ դեպքում հնարավոր էր՝ որևէ արդյունք ունենայինք, հատկապես, եթե նման հայտարարություն արվել է Միացյալ Նահանգներում»,-168.am–ի հետ զրույցում ասաց Աշոտ Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ Արցախի ԱԺ ընդունած հայտարարությանը, որով կոչ էին անում Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանին դադարեցնել բանակցությունները, պահանջելով, որպեսզի Ադրբեջանը Արցախի ու Հայաստանի սահմաններին պահպանի լիակատար զինադադար և միայն այդ պահանջի կատարումից հետո վերսկսի բանակցությունները։
Պատմաբանի խոսքով՝ որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի արցախահայության իրավունքների ու անվտանգության միջազգային մեխանիզմների մասին, միևնույն է՝ միջազգային որևէ մեխանիզմով անհնար է խաղաղ ապրել Ադրբեջանի կազմում. 1988 թվականը դրա լավագույն ապացույցն է եղել։
«Կարծում եմ՝ այդ մարդը կորցրել է ժամանակի զգացողությունը, եթե, օրինակ, նա նման բան ասեր 1988 թվականի փետրվարի 13-ին, երբ դեռ բողոքի ակցիաները չէին մեկնարկել Ստեփանակերտում, նրան ինչ-որ տեղ կհասկանայի, բայց երբ նա այդ մասին խոսում է 2023 թվականին, նշանակում է՝ իսկապես կորցրել է ժամանակի զգացողությունը։
Փաշինյանը նման բան է ասում այն ժամանակ, երբ Արցախը՝ որպես հանրապետություն, կայացած է իր բոլոր ինստիտուտներով, բնակչության 99,9 տոկոսը փաստորեն միացել է Արցախի անկախությանը, ելնելով այն բանից, որ դրանից մի քանի օր առաջ Ադրբեջանը հայտարարել էր Խորհրդային Միությունից դուրս գալու մասին՝ ավտոմատ ցանկանալով նաև իր հետ տանել Արցախը։ Հետևաբար, պետք է հայտարարություններն անեն ու ելնեն այն իրողությունից, որ դե ֆակտո գոյություն ունի Արցախի Հանրապետություն, ուստի Հայաստանը և՛ իր հայտարարություններով, և՛ իր քայլերով ցույց տա, որ չի միջամտում Արցախի հարցին»,- հավելեց նա։
Պատմաբանի բնորոշմամբ՝ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ՝ Արցախը, նշանակում է՝ չի ընդունում արցախահայության 30 տարիների պայքարը և չի ընդունում այն հերոսներին, որոնք զոհվել են հանուն Արցախի ազատության։
«Փաշինյանը ձեռնոց է նետում սրբության սրբոցի դեմ, որով փաստորեն նա ակնարկում է, որ իր վրա ինչ-ինչ ուժեր են ազդում։ Հետևաբար, եթե նման բան կա, թող հստակ ասի, որ իրեն ճնշում են կա՛մ Մոսկվայից, կա՛մ Վաշինգտոնից, կա՛մ էլ Բրյուսելից, այդ դեպքում մենք՝ որպես մտավորականներ, իրեն խորհուրդ կտանք, թե ինչ կարող է անել։ Հիմա իրեն ճնշո՞ւմ են, թե՞ սա իր ռեժիսուրայով բեմադրված հնարք է»,- հավելեց մեր զրուցակիցը։
Աշոտ Հարությունյանը նաև նշեց, որ որևէ արցախցի Նիկոլ Փաշինյանին լիազորություններ չի տվել, որպեսզի նա խոսի Արցախն Ադրբեջանի կազմում ներառելու մասին։ Ավելին, նա նույնիսկ իրավունք չունի հայտարարել, թե իր ժողովրդի խոսքն է ներկայացնում։
«Մենք ունենք Արցախի Հանրապետություն, որը ճանաչում է նաև Ադրբեջանը, դա է վկայում զինդադարի՝ 1994 թվականի փաստաթուղթը, որտեղ կա՝ ինչպես Հայաստանի ու Արցախի, այնպես էլ՝ Ադրբեջանի ստորագրությունը։ 1993 թվականին էլ ունենք նման փաստաթուղթ, երբ ադրբեջանական կողմը խնդրանքով դիմել է ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանին՝ 10 օր հրադադար տալու համար։ Արցախահայությունը պետք է համախմբվի հաղթանակ ապահոված հրամանատարության շուրջ և իրավիճակից դուրս գա, հակառակ դեպքում տեսնում ենք, որտեղ մտնում է ադրբեջանական զինուժը, այնտեղ հոսում է խաղաղ բնակիչների արյունը»,- եզրափակեց պատմաբանը։