ԱՀԿ-ն հայտարարել է երիտասարդության հոգեկան առողջության վրա COVID-19 համավարակի զգալի ազդեցության մասին
Կորոնավիրուսի համավարակն էական ազդեցություն է գործել ամբողջ աշխարհում երեխաների և դեռահասների հոգեկան առողջության վրա, ընդ որում՝ իրենց վրա առավել շոշափելի հետևանքներ են զգացել բարձր տարիքի աշակերտուհիները։ Այդ մասին ասված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի հրապարակած հաշվետվություններում։
ԱՀԿ-ն ընդգծում է նպատակային միջամտության և աջակցության համակարգերի մշակման անհրաժեշտությունը՝ երիտասարդության խոցելի խմբերի համար երկարաժամկետ հետևանքների մեղմացման նպատակով:
Հետազոտությունները ներառում են 2021-2022 թվականներին անցկացված հարցումների տվյալները և արդյունքները լայն շրջանակի հարցերի շուրջ, ներառյալ՝ երիտասարդության վիճակի, առաջին հերթին՝ հոգեկան առողջության վրա տարիքի, սեռի, տնտեսական վիճակի, սոցիալական աջակցության կառույցների և համավարակի ժամանակ դպրոցների փակման ազդեցությունը:
«COVID-19-ը ոչ միատեսակ ազդեցություն է ունեցել երեխաների և դեռահասների վրա, հատկապես ավելի անբարեկեցիկ ընտանիքների երեխաների վրա, որոնց դպրոցները փակ են եղել երկար ժամանակ, և որոնց համար բավական չի եղել աջակցությունն ինչպես տանը, այնպես էլ դպրոցում, – մեկնաբանել է հետազոտությունն ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեն։ – Մեր նոր տվյալները ցույց են տալիս, որ բարձր տարիքի աշակերտուհիների, հատկապես՝ նրանց հոգեկան առողջության վրա դա ունեցել է ավելի լուրջ բացասական հետևանքներ»:
Հոգեկան առողջությանը նվիրված հետազոտություններում ասվում է, որ երիտասարդների 30%-ը հայտնել է իրենց վրա համավարակի բացասական ազդեցության մասին, իսկ դեռահասների 16%-ը հայտարարել է կյանքից բավարարվածության ցածր մակարդակի մասին, ընդ որում՝ ավելի շատ այդ մասին հայտնել են աղջիկները: