Մովսես Հակոբյանը ռազմական դրության ժամանակ իր աշխատավայրում չի գտնվել. Նիկոլ Փաշինյան

Այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին ԱԺ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում էր  և պատասխանում էր  հանձնաժողովի անդամների, ինչպես նաև հրավիրված երկու անձանց հարցերին։ Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանին հարց ուղղեց, որը վերաբերում էր պատերազմի ժամանակ հրամանատարական շտաբում անպիսի անձանց ներկայությանը, որոնք իրավունք չունեին լինելու այնտեղ։

«Ըստ սոցցանցերում տարածված նկարների՝ այնտեղ եղել են մարդիկ, որոնք իրավունք չունեին գտնվել այնտեղ։ Իհարկե, սա այն բանը չէր, որ պետք է քննարկենք, քանի որ այսօր հարցերի տրամաբանությունն այլ է, բայց քանի որ շատ է շահարկվել, հանձնաժողովում որոշեցինք այս հարցն այնուամենայնիվ հնչեցնել։ Եղել են մարդիկ, ովքեր իրավունք չունեին գտնվել այնտեղ, մասնավորապես՝ Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավոն, ինչպե՞ս կմեկնաբանեք գաղտնիության փաստաթուղթ չունեցող անձի ներկայությունը հրամանատարական կետում։

Պարոն Փաշինյան, նաև շատ է խոսվում Արցախում ձեր կնոջ՝ Աննա Հակոբյանի գտնվելու փաստից, ով շփումներ է  ունեցել ոչ միայն Արցախի Հանրապետության, ոչ միայն քաղաքական, այլև ռազմական ղեկավարության տարբեր պաշտոնյաների հետ։ Այս առումով ի՞նչ կարող եք ասել»,- հետաքրքրվեց Անդրանիկ Քոչարյանը։

Պատասխանելով, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ամենևին էլ փաստ չէ, որ այն մարդը, ով հրապարակել է այդ տեղեկությունը, խոսքը Մովսես Հակոբյանի մասին է, այդ բունկերում գտնվելու իրավունք ուներ։

Կարդացեք նաև

«Ինքն այդ ժամանակ եղել է Ռազմական վերահսկողության վարչության պետը և ինքն այդ ռազմական դրության պայմաններում իր աշխատավայրում չի գտնվել։ Այս հարցը պե՞տք է քննվի, թե՞ ոչ։ Երկրորդը՝ ինքը գտնվել է  այնտեղ, ես չգիտեմ՝ առիթ ունեցե՞լ եմ  ՊՆ-ին այս հարցով դիմելու, ասեմ՝ հիմնավորեք, որ ինքն այնտեղ գտնվելու իրավունք ուներ»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Հետո խոսքը հստակեցնելու համար ընդգծեց՝ հանկարծ սխալ կոնտեքստ չստացվի, թե անձնական բնույթի տեղեկատվության հետ կապված հետաքննություն է, որովհետև հոկտեմբերի 2-ին կամ 3-ին ինքը տեղեկություն է ստացել, որ որոշում է կայացվել, որ ԼՂ ՊԲ 7-րդ պաշտպանական շրջանը պետք է էվակուացնել։

«Այսինքն՝ պաշտպանական շրջանից զորքերն ամբողջովին դուրս բերել։ Միանգամից կապ հաստատեցի ԼՂ իմ գործընկերների հետ և ասացի՝ որքանո՞վ է ճիշտ, որ նման որոշում կա, ասացին, որ իսկապես այդ որոշումը կա։ Հետաքրքրվեցի, ԼՂ նախագահի հետ խոսեցի, հետո խոսեցի ՊԲ հրամանատարի հետ, ասացի՝ այդ ի՞նչ որոշում է։ Քննարկումների ժամանակ ասացին, որ դա շատ լուրջ վերլուծությունների արդյունքում կայացված որոշում է, հարցրեցի՝ ո՞վ է այդ որոշումը կայացրել։ Ինձ ՊԲ հրամանատարի կողմից ասվեց, որ Մովսես Գրանտիչն է այդ ռեկոմենդացիան տվել։ Ասացի՝ մի րոպե, Մովսես Գրանտիչն ի՞նչ գործ ունի այդտեղ, դա իր աշխատավայրը չէ։ Ես Արցախի նախագահի հետ խորհրդակցելով, քննարկելով՝ նրան խնդրեցի, ասացի՝ գիտե՞ք ինչ, պարզ է, որ տեղում չեմ, իրավիճակին անմիջապես չեմ տիրապետում, բայց այն տեղեկությունը, որ դուք ինձ տալիս եք, դա չի հիմնավորում, որ 7-րդ պաշտպանական շրջանը էվակուացվի։ ԼՂ նախագահի հետ խորհրդակցելով և ի պատիվ նրա, ինքը որոշում կայացրեց և մի խմբով գնաց տեղում իրադրությունը գնահատելու»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս