«Ուզում եմ մեր հայրենիքին պատիվ բերեմ». Համլետ Մանուկյան
Հայկական մարմնամարզության վերջին հաջողությունը երկար տարիների համառ, նվիրված և ճիշտ աշխատանքի արդյունք է: Այս մարզաձևում աշխարհի և Եվրոպայի չեմպիոնների ավագ սերնդին փոխարինելու են գալիս երիտասարդ ոսկե մեդալակիրները: Մարմնամարզության հավաքականն ընտանիք է՝ միասնական, յուրաքանչյուր թիմակցի կատարած գործի նկատմամբ անսահման հավատով: Եվ այս ամենը խիստ ու պահանջկոտ մարզիչների վաստակն է, ովքեր հստակ գիտակցում են, որ ճիշտ ճանապարհին են` սպորտում հետք թողնելու ճանապարհին:
Աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր, բնույթով համեստ ու զուսպ Համլետ Մանուկյանի հետ մեր զրույցը կայացավ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում: Համլետը մարզվում էր՝ ինչպես ամեն օր՝ Էջմիածնից հասնելով Երևան:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիրը խոսեց մարմնամարզության ընտրության, մեծ նպատակների, մարզիչներին հետ աշխատանքի մասին:
– Համլետ, խնդրում եմ պատմեք մի քիչ Ձեր մասին:
– Ես Էջմիածնի Ապագա գյուղից եմ: Երբ ես 5 տարեկան էի, հայրս ինձ մարմնամարզության է տարել զուտ նրա համար, որ մի քիչ ճկունություն ձեռք բերեմ, հետո՝ գնամ ըմբշամարտի: Բայց մնացի մարմնամարզությունում, քանի որ մարզիչս` Հայկ Նազարյանը, տեսել էր, որ աճում եմ այս մարզաձևում: Հիմա չեմ էլ ափսոսում, որ չեմ շարունակել ըմբշամարտում: Մեր գյուղում գրեթե բոլորն են ըմբշամարտով զբաղվում: Երբ փոքր էի, ինձ Էջմիածին մարզումների տանում էր տատիկս, այժմ միայնակ գալիս եմ Երևան:
– Իսկ ընտանիքում սպորտով զբաղվողներ կա՞ն:
-Հայրիկս է ժամանակին զբաղվել, իսկ եղբայրս հիմա ըմբիշ է:
– Ինչպիսի՞ն էր ընտանիքի արձագանքը, երբ հասունացավ երկու մարզաձևերի մեջ Ձեր ընտրություն կատարելու պահը:
– Ծնողներս ու մարզիչներս են, որ օգնել են ինձ ընտրության պահին: Նրանք էին, որ ճիշտ ճանապարհն են ցույց տվել: Ես հիմա հենց նրանց եմ անչափ շնորհակալ:
– Սպորտային մարմնամարզությունն ամենաբարդ մարզաձևերից մեկն է, բայցև՝ ամենահեղինակավորներից մեկը: Որո՞նք են այն բարդությունները, որոնց բախվում եք դուք:
– Այո, բարդ է: Մարզումների ընթացքում շատ վնասվածքներն են լինում, որոնցից պետք է լիարժեք ապաքինվել: Եվ որ ամենակարևորն է՝ ոչնչից չպետք է ընկճվես: Ըստ իս՝ դա ամենակարևորն է, ու միայն քրտնաջան աշխատանք է, որ արդյունք է տալիս:
– Անդրադառնանք աշխարհի առաջնության Ձեր անթերի ելույթներին. տպավորություն էր, որ լարվածություն կար, թե՞ դուք պարզապես վայելում էիք պահը:
– Եթե անկեղծ, յուրաքանչյուր մարզիկ իր հոգու խորքում մրցաշարերի ընթացքում լարվածություն զգում է: Բայց այն կարծիքին եմ, որ ամեն ինչ կապված է այդ լարվածությունը ճիշտ հաղթահարելու հետ: Այդ ամենում ամենակարևորը մարզիչների և ընկերների աջակցությունն է: Վստահությունը գալիս է նաև մարզումներից. եթե վարժությունը մարզման ժամանակ անթերի ես անում, ուրեմն հետո էլ կարող ես: Եթե կարողանում ես ներաշխարհդ ճիշտ կառավարել, այդ ժամանակ գործիքի վրա էլ քիչ են լինում թերությունները:
– Համլետ, Հայաստանի մարմնամարզության հավաքականն, իսկապես, առանձնանում է: Կարծես մեկ ամբողջություն լինեք, մեկ ընտանիք:
– Այո, դուք ճիշտ եք: Մենք կարծես մեկ ընտանիք լինենք: Սկսած մեր մարզիչներից` Հակոբ Սերոբյանից, Հայկ Նազարյանից, Սոս Սարգսյանից, Արտակ Այդինյանից, բոլորից… հենց նրանցից է գալիս այս ընտանիք լինելը: Մեր հաջողությունները թիմային աշխատանքի արդյունք են: Կարևոր է նաև, որ մարզադահլիճում ունենք ավագ ընկերներ, որոնք մեզ ճիշտ ճանապարհն են ցույց տալիս: Հենց նրանց նայելով ենք սովորում:
– Ինչպիսի՞ հիշողություն ունեք Թուրքիայում կայացած աշխարհի առաջնությունից, որը «ոսկի» էր Ձեզ համար:
– Ուրիշ զգացողություն էր: Կյանքիս ամենալավ պահերից մեկն էր այնտեղ: Կարծում եմ՝ երբեք չեմ մոռանա: Մրցաշարն ավելի պարտավորեցնող էր, քանի որ Թուրքիայում էր: Պարտավորեցնող էր նաև նրանով, որ երիտասարդների աշխարհի առաջնությունն անցկացվում է երկու տարին մեկ անգամ: Մեծ պարտավորություն էր, որ արժանի արդյունքով հայրենիք վերադառնամ:
– Մարմնամարզության հավաքականի մարզումային պայմանները լավագույններից չեն: Բայց այստեղ, այս դահլիճում Դուք մարզվում եք աշխարհի, Եվրոպայի չեմպիոնների հետ: Սա Ձեզ մոտիվացնո՞ւմ է:
– Այո, իհարկե: Մեծ մոտիվացիա է, երբ նույն դահլիճում ենք աշխարհի, Եվրոպայի չեմպիոնների հետ: Երբ տեսնում ենք նրանց ամեն օր ու սովորում նրանցից: Եվ նրանք էլ շատ են օգնում մեզ խորհուրդներով: Ձգտում ենք ամեն ինչ անել՝ նրանց գրանցած արդյունքներին հասնելու համար:
-Դուք 15 տարեկան եք: Ինչի՞ մասին եք երազում:
– Հաջորդ նպատակս այն է, որ մինչև մեծահասակների տարիքային խումբ տեղափոխվելը, բոլոր հնարավոր մրցաշարերում մեդալներ նվաճեմ: Ուզում եմ մեր հայրենիքին պատիվ բերեմ: Հետագայում էլ՝ մեծահասակների պայքարում, նպատակներս կապված են աշխարհի առաջնության, Եվրոպայի առաջնության և, իհարկե, Օլիմպիական խաղերի հետ:
Հարցազրույցը` Վարվառա Հայրապետյանի