
Թեհրանում կանցկացվի «Եվրասիա Էքսպո 2023» ցուցահանդեսը. Հայաստանը ևս ներկայացված կլինի

Թեհրանում դեկտեմբերի 4-7-ը կանցկացվի «Եվրասիա Էքսպո 2023» մասնագիտացված ցուցահանդեսը։ Այս մասին հաղորդում է իրանական Meher գործակալությունը։
Ըստ միջոցառման վարչական մենեջեր Ալիռեզա Ջաֆարիի` ցուցահանդեսը կայանալու է Թեհրանի Միջազգային ցուցահանդեսային կենտրոնում։
«Ցուցահանդեսն անցկացվում է Թեհրանում, քանի որ Իրանը գտնվում է Եվրասիական տնտեսական միության հետ համաձայնագրի կնքման ավարտական փուլում։ Ցուցահանդեսին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ երկրների՝ Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Իրանի ընկերությունները։ Հրավիրված են ԵԱՏՄ անդամ երկրների առևտրաարդյունաբերական պալատի ղեկավարները»,– տեղեկացնում է գործակալությունը։
Պաշտոնապես հրավիրված են տարածաշրջանի երկրների խոշոր ընկերությունները։ Ակնկալվում է 10․000+ այցելուների մասնակցություն ավելի քան 40 երկրից, այդ թվում՝ Չինաստանից, Ինդոնեզիայից, Կորեայից, Հնդկաստանից, Եգիպտոսից, Սերբիայից և Լատինական Ամերիկայի որոշ երկրներից։
Ցուցահանդեսի հիմնական բաժիններն են գյուղատնտեսությունը, սննդաարդյունաբերությունը, մեքենաշինությունը, շինարարությունը, նավթագազային ոլորտը, բժշկական սարքավորումները, դեղագործությունը և այլն։