Ինքնության ոչնչացումը, կամ՝ ինչպես զրկել հայությանը դիմադրողականության կոդից

«Մեզանից ցանկանում են խլել մեր միասնությունը, մեր պատմական հիշողությունը, մեր ստեղծագործ միտքը, իսկ այդ ամենը միավորում է մեր մշակույթը». Համո Սահյան (1993թ.)

Երբ մեծն պոետ Համո Սահյանն ասում էր այս խոսքերը, նա այնուամենայնիվ վստահ էր, որ կոտրել հայերի միասնությունն անհնար է, չէ՞ որ մենք մեկ ազգ ենք, նույն պատմական անցյալով, նույն ճակատագրով ու միևնույն արժեհամակարգով։ Մենք այն յուրահատուկ ազգն ենք, որն առաջինն ընդունելով քրիստոնեությունը՝ հետագայում այդ վարդապետության հիման վրա ստեղծեց միայն հային հատուկ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին։

Իսկ եկեղեցին մեզ միավորելու ու հայ պահելու գերկարևոր գործունեություն է իրականացրել՝ մեզ ուսուցանելով Աստվածաշնչյան իմաստնություն, Հայ ժողովրդի պատմություն և հայոց լեզու։ Մենք համոզված էինք, որ հայը որպես ազգը՝ ձևավորված է՝ իր պատմական անցյալով, հիշողությամբ, ճակատագրով, հավատքի միասնությամբ, մշակույթով և միասնական պայքարի պատմությամբ։

Մեզ թվում էր, որ հայապահպանությունը մեր գենի մեջ է, ու դրա համար մեզ ոչինչ անել պետք չէ, մեզ թվում էր, որ Ցեղասպանությունից հետո մեզ այլևս թուրքը չի կարող խաբել՝ երկու անգամ խաբվելն արդեն մտավոր տհասության նշան է, մեզ թվում էր, որ հայ դավաճանն այլևս տեղ չունի մեր մեջ, որովհետև Նեմեսիս գործողության ժամանակ ոչ միայն թուրք մարդասպաներ էինք ոչնչացնում, այլև հայ դավաճաններ, ու մենք վստահ էինք, որ այդ ամենն արդեն անցյալում է։

Մենք համոզված էինք, որ հային հայի դեմ հանելն անհնար է, քանի որ մենք մի ազգ ենք, մենք համոզված էինք, որ քաղաքական հակասություններն ընդամենը ժամանակավոր, բայց լուծելի խնդիրներ են, որոնք մենք կհաղթահարենք, մենք համոզված էինք, որ դրսից մեզ ոչ ոք չի կարող պառակտել, քանի որ մենք ձևավորված ազգ ենք, մենք համոզված էինք, որ վտանգի պահին միասնական ենք լինելու, քանի որ այդպես էր եղել նախկինում, և, որ այդպես կլինի միշտ։

Սակայն եկավ նիկոլիզմը և ապացուցեց հայության իբր թե ձևավորված ազգ և միասնական լինելու մասին միֆի կեղծ լինելը։

Ես չգիտեմ, թե ով է ասել, իբրև թե մենք խելոք ազգ ենք, սակայն դա միանշանակ այդպես չէ, նիկոլիզմը ցույց տվեց նաև մեր սնապարծ ու գոռոզամիտ տեսակը, եկավ ապացուցելու մեր կարճամիտ ու անխելք փառասիրությունը։ Մենք ուղակի մեծամիտ ենք ու կորցնելով ստեղծագործելու մեր ունակություններ, չկարողանալով ներկայումս ոչինչ ստեղծել, հիանում ենք մեր հնադարյան անցյալով՝ պատմությամբ ու նրա հերոսներով, փորձում առաջ շարժվել՝ հետ-հետ նայելով, միաժամանակ չփորձելով անգամ իսկ դասեր քաղել մեր պատմությունից։

Միաժամանակ մենք նաև ամենամիամիտ ժողովուրդն ենք, որին հեշտ է խաբել, հատկապես՝ հայախոս թուրքերի կողմից՝ ամեն անգամ համոզելով, որ մեզ սպանել ցանկացող թուրքերը նոր տիպի թուրքեր են։ Միայն միամիտ մարդկանց է հնարավոր համոզել, որ մենք կարող ենք խաղաղության մեջ ապրել մեր դարավոր թշնամու հետ, ամեն անգամ նույն թեզն առաջ տանելով, թե սա ինչ-որ նոր բան է։ Միայն միամիտ ժողովուրդը կարող է հավատալ, որ իբր ինչ-որ միջազգայնորեն ճանաչված թղթի կտոր մեզ կփրկի կոտորածներից ու հայրենազրկումից։

Մենք միամիտ ազգ ենք՝ հիվանդ մեծամտության սինդրոմով։

Բրիտանացի հայտնի պատմաբան-հայագետ Դեյվիդ Լանգը պնդում էր, որ հայի համար առավել վտանգավորը դա Սորբոնի և Քեմբրիջի համալսարաններում կրթություն ստացած թուրքն է։ Լանգից շատ ավելի առաջ դրա մասին գրում էր Րաֆֆին՝ «բարբարոս թուրքը կկրթվի և կդառնա կրթյալ ավազակ», բայց դե ո՞վ է սեփական երկրում իր մարգարեին լսում։

Մենք փաստացի զոհ ենք մեր իսկ միամիտ-մեծամտությանը, սիրում ենք հիշել Տիգրան Մեծի ու նրա ստեղծած կայսրության, մեր առաջին քրիստոնյա լինելու հանգամանքը, հպարտանալ մեծ մշակույթ ունենալու փաստով, սակայն շարունակել լսել կլկլան ռաբիս ու թուրքաքոչվորական մուղամ։ Մեր այս հակասությունների մեջ էլ թաքնված է մեր դժբախտությունների կոդը, երբ մեկ ազգի մեջ միավորվում է միամիտն ու մեծամիտը, երբ միաժամանակ թե այնքան գոռոզամիտ ենք՝ պատրաստ մեզ հայտարարելու աշխարհի տերը, և թե մանկան նման միամիտ, պատրաստ խաբվելու առաջին իսկ ճարտարախոս թուրքին։

Մեր մեծամիտ-միամտությունը սնվում է մեր թերարժեքության բարդույթից, որը թելադրված է թե մեր անցյալի փառահեղ պատմությամբ, և թե հետագայում մեր նկատմամբ իրականացված ցեղասպան գործողությունների իրականությամբ։ Պատմական իրողության ընկալման այս երկկվությունն էլ ծնում է այն խնդիրները, որոնք մեր դժբախտությունների պատճառն են հանդիսանում։

Մեր պատմական անցյալը՝ իր երկվությամբ հանդերձ, մեզ թե ոգևորում է, և թե հիասթափեցնում, մի մասին հզորացնում է, իսկ մի հսկայական զանգվածին՝ սարսափեցնում, մեկին մղում է հերոսության, իսկ շատերին՝ վախկոտության։ Մեկն ապրում է «Մահ կամ ազատություն» սկզբունքով, մյուսը՝ «ով էշ՝ ես փալան» կարգախոսով, մեկը՝ «Չգիտակցված մահը մահ է, գիտակցվածը՝ անմահությունը», մյուսը՝ «Որտեղ հաց, այնտեղ կաց» փիլիսոփայությամբ։

Այսօր փալան դարձած, ստամոքսի համար ապրող երկոտանիների ժամանակն է, նրանք են եկել իշխանության և խրախուսում են իրենց նմաններին։ Հերոսներն այլևս տեղ չունեն մեր կյանքում Մոնթեի, Թաթուլի ու Ջիվանի փոխարեն՝ այսօր անսեռ ու անանուն առանձնյակների ժամանակն է, որոնք ոչինչ չունեն ներդնելու մեր հասարակության մեջ, սակայն միաժամանակ ցանկանում են կառավարել և խրախուսել իրենց «տեսակի» մարդկանց, որոնք չունեն կարծիք, հավատք, քաջություն ու խելք, ազգի ինքնության պահպանման և իրավունքների համար պայքարելու գիտակցություն։

Մարդկանց հեշտ է կառավարել, երբ նրանք վախեցած են և բարոյալքված։

Վախեցնել և բարոյալքել. սա է այսօրվա գործող իշխանության միակ ռազմավարությունը, ու հենց այս հարցի շուրջ են նրանք համագործակցում մեր դարավոր թշնամիների՝ թուրքերի հետ։ Սա նրանց իշխանության պահելու հիմնական գրավականն է, ու այս հարցում նրանք դիմում են Բաքվի օգնությանը, որը պարբերաբար պատերազմով է սպառնում Հայաստանին՝ վախեցնելով բնակչության մի հսկայական հատվածին, և հիմք ստեղծում գործող դավաճան վարչակազմի շարունակական զիջողականության և միաժամանակ՝ իշխող ռեժիմի պահպանման համար։

Որպեսզի պահպանի սեփական իշխանությունը, գործող վարչակազմը ստեղծել է ներքաղաքական ծուղակ, որի հիմքում դրսի հնչող շարունակական սպառնալիքն է պատերազմ սկսելու մասին, ինչի ֆոնին էլ որևիցե ներքաղաքական ակտիվություն փորձում են պիտակավորել՝ որպես ռևանշիստական-պատերազմական։

Այսինքն՝ գործող քաղաքական ռեժիմը մի կողմից՝ սկզբունքորեն ոչնչացնում է մեր պատմամշակութային հիշողությունը, օգտվելով պատմականորեն ձևավորված երկվությունից և վախերից, մյուս կողմից՝ ավելացնում է արտաքին սպառնալիքները, բնակչության մի հսկայական հատվածի ենթագիտակցության վրա ազդելու՝ բարոյալքելու և կառավարելու համար։ Գործող քաղաքական ռեժիմը դարձել է Հայության դեմ հնարավոր պատերազմի հիմնական շահառուն, այսինքն՝ նա շահագրգռված է այդ պատերազմով, ավելի շուտ՝ դրա սպառնալիքով, իր պարտվողական և զիջողական քաղաքականությունն արդարացնելու, այն շարունակելու ու, ամենակարևորը, իր քաղաքական իշխանությունը պահպանելու համար։

(շարունակելի)

ԱՐՄԵՆ ՄԱՆՎԵԼՅԱՆ
պ․գ․թ․

Տեսանյութեր

Լրահոս