Մարտի 1-ի գործով տուժող ճանաչված Սարգիս Քլոյանի դուստրը մանդատ կստանա. «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում, պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահով պայմանավորված՝ դատարկ աթոռ չի մնա: Թեպետ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի վերջին փոփոխությունները հարթ չեն, եւ առնվազն տեխնիկական առումով հարցեր են առաջացնում, քանի որ համապատասխան հոդվածում նախատեսված չէ պատգամավորի մահը՝ որպես նրա լիազորությունների դադարման հիմք, այդուհանդերձ, ակնհայտ է, շուտով ականատես կլինենք, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կկազմի պատգամավորի լիազորությունների դադարման մասին արձանագրություն եւ մեկ շաբաթվա ընթացքում կուղարկի Կենտրոնական ընտրական հանձնաժողով, որտեղից մանդատ կտան ՔՊ համամասնական ցուցակի հաջորդ համարին:

Իսկ թե ով է հաջորդ ՔՊ-ականը, որը մանդատ կստանա, «Իրավունքը» մանրամասներ է պարզել: Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ցուցակը հուշում է, որ հերթը 93-րդ համարինն է՝ Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Անուշ Քլոյանինը:

Հիշեցնենք, որ նա Մարտի 1-ի գործով տուժած ճանաչված, տնով տեղով ՔՊ-ական դարձած Սարգիս Քլոյանի դուստրն է: Երեւանի ավագանու 2018թ.-ի ընտրությունների «Իմ քայլը» դաշինքի ցուցակում ներկայացված էր որպես աշխատանք չունեցող ՔՊ անդամ:

Մինչդեռ, այսպես ասած, նախկինների օրոք՝ 1998-2017թթ. աշխատել է Երեւանի Գ.Գյուլբենկյանի անվան 190 ավագ դպրոցում՝ որպես մանկավարժ: Ավարտել է Երեւանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի պատմաաշխարհագրական ֆակուլտետը»:

Տեսանյութեր

Լրահոս