Քանի՞ ՔՊ-ական կտեղավորի Նիկոլ Փաշինյանի օդապարիկը
2018 թվականի իշխանափոխությունը, լայն իմաստով, ոչ այնքան քաղաքական գործընթաց էր, որքան քարոզչական մասշտաբային ֆլեշմոբ։ Հետևանքները, իհարկե, քաղաքական էին, բայց հեղափոխություն հորջորջվող գործընթացն ինքնին քաղաքական չէր այն պարզ պատճառով, որ դրա գոնե գլխավոր դերակատարներն այն ժամանակ հեռու էին քաղաքականությունից այնքան, որքան մոտ են հակապետականությանն այս օրերին։
Նիկոլ Փաշինյանն ինքը՝ որպես գործիչ, քաղաքական չէ՝ բառի բովանդակային իմաստով։ Այո, նա տարիներ շարունակ զբաղվել է քաղաքականությամբ։ Բայց քաղաքականությամբ զբաղվելը բավարար չէ զբաղվողի՝ քաղաքական լինելու համար։ Քաղաքականությամբ կարելի է զբաղվել, և շատերը զբաղվում են՝ իրականում հեռու լինելով քաղաքական գործունեության ներքին տրամաբանությունից ու այն իրացնելու կարողությունից։
Բայց քաղաքականության կամ մեր նման երկրներում որպես քաղաքականություն ներկայացվողի առանձնահատկությունն այն է, որ դրանով ավելի հաճախ զբաղվում են և էլ ավելի հաճախ հաջողություն են ունենում ոչ քաղաքական, իսկ սովորաբար՝ հակաքաղաքական մարդիկ, որոնց արածը պսեվդոքաղաքականություն է կամ քաղաքականության իմիտացիա։ Այլ հավասար պայմաններում դա գուցե անշառ զբաղմունք է, բայց դրա հետևանքները դառնում են ողբերգական, երբ քաղաքականության իմիտացիայով զբաղվողները հայտնվում են իշխանության մեջ։ Արդյունքը լինում է այն, որ նրանք պետությունը վերածում են պսեվդոպետության՝ դրանից բխող բոլոր այն կործանարար հետևանքներով, որոնցում այսօր ապրում է Հայաստանը։
Նիկոլ Փաշինյանի քաղաքական կարիերայի հաջողությունը պայմանավորված է ոչ թե քաղաքականությանը, այլ քարոզչությանն ու մանիպուլյացիաներին կատարելապես տիրապետելու նրա կարողությամբ։ Այսօր էլ՝ անգամ պետության ղեկավարի կարգավիճակում, նա զբաղվում է ոչ թե պետական քաղաքականությամբ, այլ քարոզչությամբ։ Պատահական չէ, որ անգամ այնպիսի նուրբ ու զգայուն ոլորտում, ինչպիսին արտաքին քաղաքականությունն է, Նիկոլ Փաշինյանն առաջնորդվում է քարոզչական էֆեկտներով՝ ի հաշիվ պետության շահերի ու անվտանգության։ Դա նրա քարոզչական և ոչ քաղաքական գործիչ լինելու հետևանքն է։ Նույնը, բնականաբար, ավելի մեծ չափաբաժիններով, վերաբերում է նաև նրա վարած ներքին քաղաքականությանը, որն ամբողջությամբ խարսխված է քարոզչության վրա։ Իսկ երբ դրան ծառայում են ոչ միայն սեփական ուղեղի մանիպուլյատիվ հնարավորություններն ու գավառական խորամանկությունը, այլ նաև ողջ պետական համակարգն ու ռեսուրսները, քարոզչությունը տալիս է բազմապատիկ մեծ էֆեկտ։
Խնդիրն այն է, սակայն, որ քարոզչությամբ երկիր ղեկավարելը ծառայում է միայն իշխանության շահերին և, որպես կանոն, այդ էֆեկտն ապահովվում է ի հաշիվ պետության շահերի։ Սա է նաև պոպուլիզմի գինը, որը հասարակությունները վճարում են ինչ-որ ժամանակ քարոզչության ազդեցության տակ գտնվելու ու դրա բերումով՝ ոչ թե քաղաքական, այլ քարոզչական գործիչներին իշխանության բերելու համար։
Նիկոլ Փաշինյանի դեմ պայքարը հաջողության չի հասնում՝ ի թիվս այլ գործոնների, նաև այն պատճառով, որ պայքարողները՝ լավ կամ վատ, դա փորձում են անել հիմնականում քաղաքական մեթոդներով. այդ դեպքում դիմացինը հարձակվում և պաշտպանվում է միայն քարոզչությամբ։ Դա, սակայն, չի նշանակում, որ քաղաքական պայքարը պետք է դարձնել քարոզչական միայն այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե քաղաքական գործիչ է, այլ մանիպուլյատոր։ Հակառակը՝ պայքարը թեկուզ և ավելի դժվար ճանապարհով, կարող է արդյունավետ դառնալ ոչ թե Նիկոլ Փաշինյանի քարոզչական հարթությունում դիրքավորվելու, այլ նրան քաղաքական դաշտ բերելու միջոցով։ Հակառակ դեպքում՝ նրա քարոզչական կանոններով առաջնորդվելու պարագայում, շատ ավելի վտանգավոր հետևանքներ կլինեն պետության համար, որն այսօր ապրում է քարոզչական մեծ փուչիկի տրամաբանությամբ։
Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ այդ քարոզչական փուչիկն իր համար մի օր փախչելու օդապարիկի դեր կխաղա։ Բայց բոլոր փուչիկները պայթելու սովորություն ունեն։
Հարություն Ավետիսյան