Կթույլատրվի՞ Հայաստանին շրջանցել պատժամիջոցները

Համատարած սահմանափակումների պայմաններում, ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո Հայաստանին հաջողվել է մեծածավալ մատակարարումներ իրականացնել Ռուսաստան, երբեմն անուղղակիորեն շրջանցելով նաև պատժամիջոցները և մատակարարելով պատժամիջոցների տակ գտնվող ապրանքներ։ Դրան մեծապես նպաստել են ոչ միայն ստեղծված բարենպաստ պայմանները, այլև իշխանությունների նկատմամբ Արևմուտքի ունեցած չափից դուրս բարյացակամ վերաբերմունքը։ Աչք են փակել նման երևույթների վրա՝ հնարավորություն տալով իշխանություններին, իրենցից անկախ, «համաշխարհային մակարդակի» տնտեսական աճեր նկարել՝ խաբելով հասարակությանը։

Սակայն Հայաստանին տրված ժամանակը կարծես մոտենում է ավարտին։

Վերջին շրջանում Արևմուտքում ու ԱՄՆ-ում ավելի հաճախակի են սկսել խոսել հայկական ընկերությունների կողմից պատժամիջոցները շրջանցելու միջոցով Ռուսաստան մատակարարումներ իրականացնելու վերաբերյալ։

Դա ուղղակի զգուշացում է, ինչը նշանակում է, որ առաջիկայում Հայաստանը ևս կարող է հայտնվել թիրախում։

Ճիշտ է, եվրոպական երկրներն առայժմ չեն կարողանում համաձայնեցնել պատժամիջոցների հերթական փաթեթը, որը լինելու է պատժամիջոցները շրջանցելու դեմ, բայց դա չի նշանակում, թե առաջիկայում ևս չի հաջողվելու համաձայնության հասնել։ Ու այդ պարագայում Հայաստանը լինելու է այն երկրներից մեկը, որն ուղղակիորեն զգալու է պատժամիջոցների ազդեցությունը։

Դա, անշուշտ, արտահայտվելու է որոշ ապրանքների մատակարարումների դադարեցման կամ սահմանափակումների կիրառման տեսքով։ Առայժմ չեն բարձրաձայնում, բայց նման սահմանափակումներ, հատկապես՝ էլեկտրատեխնիկայի առումով, կարծես արդեն կան։

Խոսքն ապրանքների մասին է, որոնք Հայաստանում չեն արտադրվում, բայց մեծ քանակներով ներմուծվում ու արտահանվում են Ռուսաստան՝ մեծացնելով Հայաստանի ու Ռուսաստանի արտաքին առևտրի ծավալները։

Օրինակ՝ մեքենա-սարքավորումների արտահանումը Հայաստանից այս տարվա չորս ամիսներին ավելացել է 15 անգամով։

Անցած տարի էլ ավելացել էր 12 անգամով՝ 56 միլիոնից հասնելով 695 մլն դոլարի։

Այս տարվա առաջին չորս ամսում Հայաստանից 368 միլիոնի մեքենա-սարքավորումներ է արտահանվել, բնականաբար, հիմնականում՝ Ռուսաստան։

Սակայն Հայաստանի արտաքին առևտուրն աճում է ոչ միայն՝ արտահանումների, այլև՝ ներմուծումների հաշվին։ Խոսքն այս դեպքում բոլորովին էլ այլ երկրներից ներմուծելու և Ռուսաստան արտահանելու մասին չէ։

Տպավորություն է, որ պատժամիջոցների պայմաններում ռուսական արտադրության որոշ ապրանքներ այլ երկրներ արտահանվում են հենց Հայաստանի միջոցով։

Ըստ ամենայնի, դրա հետ է կապված նաև այն, որ Հայաստանի արտահանման մեջ կտրուկ ավելացել է առանձին ապրանքների տեսակարար կշիռը։

Դա վերաբերում է, առաջին հերթին՝ թանկարժեք և կիսաթանկարժեք քարերին, թանկարժեք մետաղներին և դրանցից պատրաստված իրերին։ Այս խմբում ընդգրկված ապրանքները դարձել են Հայաստանի արտահանման առաջատարը՝ անցնելով նույնիսկ հանքահումքային ապրանքներին, որոնք տարիներ շարունակ ամենամեծ ծավալն են ունեցել մեր արտահանման մեջ։

Ռուսաստանի տնտեսության տարբեր ոլորտների նկատմամբ սահմանված պատժամիջոցներից հետո, անցած տարի թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանումը Հայաստանից հանկարծակի ռեկորդային աճ ունեցավ, հասավ գրեթե 1 մլրդ դոլարի՝ ավելանալով 3 անգամով և ընդամենը 33 միլիոնով զիջելով հանքահումքային ապրանքների արտահանմանը։ Դրանք ապրանքներ են, որոնց արտահանումը կապված չէ ռուսական շուկա իրականացվող մատակարարումների հետ։ Այդ ապրանքները Հայաստանից գնացել են այլ երկրներ։

Այս տարի արդեն թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտահանման ծավալն անցել է նույնիսկ հանքահումքային ապրանքներին։

Չորս ամսում արտահանումը կազմել է 508 մլն դոլար՝ նախորդ տարվա համեմատ ավելանալով 3,9 անգամով կամ 378 մլն դոլարով։ Նախորդ տարվա նույն շրջանում այս ապրանքների արտահանումը կազմել էր ընդամենը 130 մլն դոլար։

Թեև Հայաստանում կա թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի արտադրություն, այնուհանդերձ, ծավալները մեծ չեն։ Ոլորտի պոտենցիալը երևում է անցած տարվա 130 միլիոնի մեջ, որը մեկ տարվա ընթացքում, նույնիսկ մեծ ցանկության դեպքում, չէր կարող այդքան ընդլայնվել։ Պետք է ենթադրել, որ արտահանման այս հսկայական աճի մի մասը եղել է այլ երկրների հաշվին, որը պարզապես իրականացվել է Հայաստանի միջոցով։

Զարմանալի չէ, որ տարեսկզբի չորս ամիսներին թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի, թանկարժեք մետաղների և դրանցից պատրաստված իրերի ներմուծումը Հայաստանը նախորդ տարվա 90 միլիոնից հասել է 444 մլն դոլարի։

Կա՞ այստեղ ռիսկ Հայաստանի համար։ Իհարկե կա, և դա ևս կարող է արտահայտվել պատժամիջոցների տեսքով։

Պատժամիջոցները շրջանցելու երրորդ երկրների փորձերն արգելափակելու եվրոպական երկրների հերթական փաթեթը կարող է ներառել նաև նման երևույթների նկատմամբ հսկողական միջոցների ուժեղացումը, ինչը ևս ուղղակի հետևանք է ունենալու Հայաստանի արտաքին առևտրի միտումների վրա։ Թեև առանց դրա արդեն այդ միտումները նկատվում են։ Արտահանման և ներմուծման բարձր աճերն առայժմ պահպանվում են, բայց նախկին տեմպերն այլևս չկան։ Դա ակնհայտ է հատկապես Ռուսաստանի պարագայում։

Արտահանման աճի տեմպը Ռուսաստան սկսել է նստել։ Եթե եռամսյակի տվյալներով՝ նախորդ տարվա ծավալը 4,9 անգամով էր գերազանցվել, ապա արդեն չորս ամիսների արդյունքում գերազանցումը 3,8 անգամ է։

Նույնիսկ, եթե Հայաստանին հաջողվի նույն մեխանիզմներով ու միջոցներով շարունակել սպասարկել ռուսական շուկան, միևնույն է, առաջիկայում արտաքին առևտրում այլևս նախորդ տարվա անակնկալ աճերը չեն լինելու։ Դրանք գնալով սեղմվելու են, և դեռ հարց է, թե տարեվերջին մինչև ուր կարող են հասնել։

Կենտրոնական բանկն արդեն գուժում է, որ այս տարի արտահանումն ու ներմուծումը նվազելու է։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս