«Երբ ամեն ինչ սպառվել է, դրսից էլ ոչ մի բանի հույս չկա, քեզ մնում է վերջին ընտրությունը…»
Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լավ, մի քանի հազար տարվա բաց, դասագրքային ճշմարտություններով հանդեձ՝ մի՞թե այդքան դժվար է գիտակցել, որ՝
✅ երբ թշնամիդ տասնամյակներով ու հարյուրամյակներով բացահայտ ու, թույլ տվեք ասել, ազնվորեն հուշում է, որ քեզնից քո երկիրն է ուզում, քո մահը ու գրեթե ամեն օր գործնականում էլ ցույց է տալիս իր պատրաստակամություն,
✅ երբ աշխարհաքաղաքական փոփոխություններին զուգահեռ նվազում են քո ռեսուրսները և ավելանում են թշնամիներիդ ռեսուրսները,
✅ երբ թուլության, արժեքավոր բան չառաջարկելու պատճառով չունես իրական դաշնակից, իսկ եղածներին էլ քո թշնամիներն ավելի շատ առաջարկելու բան ունեն,
քո միակ, բառիս բուն իմաստով՝ ՄԻԱԿ տարբերակը ներքին ներուժը համախմբել է (բացահայտել, բազմապատկել, ուղղորդել), այլ ոչ թե ամեն օր, ամեն ելույթով, ամեն բառով, ամեն քայլով, տգիտության ու անբարոյականության ամեն մի նոր ինքնահաստատումով եղած ներուժը պառակտելը, լաչառությամբ մարդկանց միմյանց դեմ հանելը, բանական մարդկանց կրքեր քարոզելը կամ այլ կերպ՝ միջավայրից վանելը, հուզական մարդկանց խավարամտությամբ տոգորելը կամ այլ կերպ՝ անգիտակից դարձնելը։
Սա բարդ խնդիր չի, մի քանի անհայտով բանաձև չէ, նույնիսկ անհայտ չունեցող հավասարում է։
Երբ ամեն ինչ սպառվել է, պատրանքներդ փոշիացել են, առասպելներդ չեն աշխատում, դրսից էլ ոչ մի բանի հույս չկա, քեզ մնում է վերջին ընտրությունը՝ չլինել կամ լինել, իսկ լինելու
ՄԻԱԿ ճանապարհը ներքին ներուժը համախմբելն է։
Սա մեկ, բայց առանձնահատուկ կարևորության գիտակցում է, որ, անկախ միմյանց չսիրելու աստիճանից, պիտի ունենանք բոլորս։
Ինչքան շուտ գիտակցենք, այնքան քիչ կկորցնենք ու այնքան շատ կվերականգնենք․․․
Հ․Գ․ Դրա համար եմ ասում՝ #սկզբիցպետքէսկսենք ․․․»։