Բաժիններ՝

Գանձակի դպրոցի ֆիզիկայի դասասենյակն կրում է հերոս Տարոն Սարգսյանի անունը

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցի ֆիզիկայի դասասենյակն այսուհետ կրում է նույն դպրոցի նախկին աշակերտ, Հայոց բանակի կապիտան, Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Տարոն Ահարոնի Սարգսյանի անունը։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ դասասենյակի անվանակոչության եւ բացման արարողությանը մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի եւ Գավառի համայնքապետարանի աշխատակիցներ, Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցի ուսուցիչներ եւ աշակերտներ, հերոսի ծնողները եւ հարազատները։

Դասասենյակի բացման պատիվը տրվեց հերոսի ծնողներին՝ Ահարոն եւ Զինա Սարգսյաններին։ Այնուհետ Տարոն Սարգսյանի անվան ֆիզիկայի դասասենյակում կազմակերպվեց հիշատակի ցերեկույթ՝ նվիրված հերոսի անցած կյանքին ու մարտական ուղուն։ Դպրոցի տնօրեն Անուշ Բարսեղյանի եւ աշակերտների ներկայացմամբ՝ Տարոն Սարգսյանը ծնվել է 1994 թվականին, Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում, ավարտել Գանձակի թիվ 2 միջնակարգ դպրոցը, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանը եւ Ռուսաստանի Դաշնության Ռյազան քաղաքի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ինստիտուտը։ Ուսումն ավարտելուց հետո ծառայության է անցել Պաշտպանության բանակում, Արցախի Հադրութի շրջանում։ Նրա ծառայության երրորդ տարում պայթեց Արցախյան 44-օրյա պատերազմը։

«Տարոնը պատերազմի բռնկման ժամանակ գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, վերապատրաստման մեջ։ Դաժան լուրը լսելուն պես նա շտապեց վերադառնալ հայրենիք՝ գիտակցելով այն օրհասական իրավիճակը, որ սպառնում էր իր ծառայակից ընկերներին, մարտական դիրքերին, հայրենի աշխարհին։ Հայրենիք վերադառնալուց հետո նա, թեեւ մարտնչում էր ամենավտանգավոր դիրքերում, բայց ծնողների եւ հարազատների հետ հեռախոսով խոսելիս հավատացնում էր, թե ամեն ինչ ընթանում է հանգիստ ու խաղաղ։ Նա հերոսի մահով ընկավ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը, վիրավոր ընկերներին թշնամու ձեռքն անցած տարածքներից դուրս բերելիս։ Անասելի ցավի հետ մեկտեղ մենք հպարտ ենք, որ նման խիզախ ու հայրենասեր աշակերտ ենք ունեցել»,-ներկայացրեց դպրոցի տնօրենը։

«Մենք գլուխ ենք խոնարհում հերոսածին ծնողների եւ մեր հերոսի, հայրենի հողի պաշտպանության համար մարտնչած բոլոր հերոսների առաջ։ Ապրողներիս միակ մխիթարությունը, թերեւս, այն է, որ յուրաքանչյուրս մեր տեղերում ջանադիր աշխատանքով շենացնենք ու հզորացնենք մեր հայրենիքը, հանուն որի լուսավոր ապագայի ընկան մեր քաջարի տղաները»,-նշեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։

«Տարոնի նման հերոսների շնորհիվ միայն կանգուն մնաց մեր հայրենիքը, նրանց կյանքի ու արյան գնով է, որ այսօր մենք շարունակում ենք ապրել ու արարել։ Եվ ես համոզված եմ, որ Տարոնի օրինակով այս դպրոցի աշակերտները կբռնկվեն հայրենասիրությամբ, կդառնան մեր հայրենիքի համար պիտանի մարդիկ»-նշեց Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը։

Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետ Կարեն Զազյանի հավաստմամբ՝ առաջիկայում Տարոն Սարգսյանի անվան ֆիզիկայի դասասենյակը մարզպետարանի կողմից կկահավորվի դպրոցական անհրաժեշտ գույքով։

Խոսրով Խլղաթյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս