Ադրբեջանը և Թուրքիան ավելացրել են համատեղ զորավարժությունների թիվը. պատերազմի՞ են պատրաստվում

2021 թվականի հունիսի 15-ին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները ստորագրել էին «Շուշիի հռչակագիրը»՝ այն անվանելով պատմական փաստաթուղթ, որն «օրինականացրեց» երկու երկրների դաշնակցային հարաբերությունները:

2023 թվականի հունիսի 13-ին Բաքվում Ալիևը և Էրդողանը մամուլի համար համատեղ հայտարարության շրջանակում վերահաստատել են «Շուշիի հռչակագրի» կամ 2 տարի առաջ կնքված ռազմավարական դաշինքի կարևորությունը: Ավելին, Թուրքիայի նախագահը հայտարարել է Շուշիում հյուպատոսություն բացելու պատրաստակամության մասին, որը, ըստ նրա, մեսիջ է լինելու ամբողջ աշխարհին, հատկապես՝ Հայաստանին:

Ժամանակակից աշխարհում առաջին պլանում ուժի գործոնն է

Իսկ «Շուշիի հռչակագիրը» ենթադրում է փոխադարձ ռազմական օգնություն և սերտ համագործակցություն ռազմարդյունաբերության ոլորտում: Փաստաղթղթում, մասնավորապես, նշվում է.

Կարդացեք նաև

– Երրորդ պետության կողմից սպառնալիքի կամ ագրեսիայի դեպքում՝ Ադրբեջանի ու Թուրքիայի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության կամ անվտանգության նկատմամբ, կողմերն անցկացնելու են համատեղ խորհրդակցություններ՝ այդ սպառնալիքը կամ ագրեսիան վերացնելու համար։ Կամ հանդես են գալու նախաձեռնություններով՝ ՄԱԿ-ի կանոնադրության սկզբունքներին ու նպատակներին համապատասխան, և միմյանց անհրաժեշտ օգնություն են տրամադրելու՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն։ Այդ օգնության ծավալն ու ձևը որոշվելու է անհետաձգելի քննարկումների ընթացքում, որոշում է կայացվելու պաշտպանական կարիքների ապահովման համատեղ միջոցառումների իրականացման և ԶՈՒ-ի ուժային և հրամանատարական կառույցների համակարգված գործունեության կազմակերպման վերաբերյալ:

Կողմերը շարունակելու են համատեղ ջանքերը երկու եղբայրական երկրների ԶՈՒ-ի բարեփոխման և արդիականացման ուղղությամբ՝ ժամանակակից պահանջներին համապատասխան:

– Կողմերը խրախուսելու են անձնակազմի փոխանակումը՝ միտված պաշտպանունակության ամրապնդմանը, ռազմական անվտանգությանը, ինչը ենթադրում է նաև համատեղ զորավարժությունների անցկացում: Խրախուսվելու է նաև ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա սերտ համագործակցությունը զենքի և զինամթերքի կառավարման ոլորտում՝ ապահովելով համապատասխան կառույցների կոորդինացված գործունեությունը:

Այս տրամաբանության մեջ հունիսի 13-ին Էրդողանի հետ համատեղ ասուլիսում Ալիևը շեշտել է, թե թուրք-ադրբեջանական միությունը շատ կարևոր է տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման առումով: Նա նաև հայտնել է, որ 2023-ին նախատեսված է թուրք-ադրբեջանական 16 զորավարժություն, որից 6-ն արդեն անցկացվել են:

«Ժամանակակից աշխարհում առաջին պլան է մղվել ուժի գործոնը: Ցավոք սրտի, միջազգային իրավունքը չի աշխատում: Մենք տեսանք, որ 30-ամյա օկուպացիայի ժամանակահատվածում բանակցություններն ու քննարկումները ոչ մի արդյունք չտվեցին: Ուստի մենք շարունակելու ենք համատեղ գործողությունները, որոնք էլ ավելի կամրապնդեն մեր ուժերը տարածաշրջանում և աշխարհում»,- ասել է Ալիևը՝ հայտնելով, որ Էրդողանի հետ քննարկումներ են ունեցել նաև ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ ծրագրերի շուրջ:

Հավելենք, որ 2022 թվականին Թուրքիան և Ադրբեջանը 12 համատեղ զորավարժություն են անցկացրել, 2023-ի համար, փաստորեն, նախատեսվել է ավելին:

Իսկ թուրք-ադրբեջանական տանդեմն անվտանգային առումով միշտ կարևորել է նաև օկուպացված Ակնայում՝ Աղդամում ռուս-թուրքական մոնիտորինգի կենտրոնի գործունեությունը: Դեռ ամենասկզբից մասնագետները նշում էին, որ այն, այսպես ասած, ֆորմալ կառույցի տպավորություն է թողնում, և, որ դրա հետ կապված, ամենայն հավանականությամբ, հեռուն գնացող նպատակներ կան:

Ի դեպ, ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել էր 2021-ի հունիսին Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագիրը՝ նշելով, որ թեև թուրք-ադրբեջանական հռչակագրում առանձին կետով նշվում է, որ այդ փաստաթուղթն ուղղված չէ երրորդ կողմի դեմ, այնուհանդերձ, դրա ողջ բովանդակությունը թիրախավորում է հայ ժողովրդին: Իշխող կուսակցությունը ԱԳՆ-ի հայտարարությունը համարել էր բավարար արձագանք, ուստի խորհրդարանական ընդդիմության՝ Շուշիի հռչակագիրը դատապարտող հայտարարությանը ՔՊ-ն չէր միացել:

Մոսկվան և Բաքուն անհրաժեշտության դեպքում միմյանց ռազմական օգնություն են տրամադրելու

Այս համատեքստում հիշեցնենք, որ 2022-ի փետրվարին էլ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը Կրեմլում ստորագրել էին ՌԴ և Ադրբեջանի դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը:

Փաստաթղթում նշվում է, որ կողմերը կառուցում են իրենց հարաբերությունները դաշնակցային համագործակցության, փոխադարձ հարգանքի, պետական ինքնիշխանության, երկու երկրների տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության, ինչպես նաև՝ միմյանց ներքին գործերին չմիջամտելու, փոխշահավետության, կոնֆլիկտների խաղաղ կարգավորման, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքների հիման վրա:

«Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանական Հանրապետությունը պատրաստակամություն են հայտնում անհապաղ խորհրդակցություններ անցկացնել այնպիսի իրավիճակի ծագման դեպքում, որը, կողմերից մեկի կարծիքով, կարող է վտանգ ներկայացնել խաղաղությանը, խաթարել խաղաղությունը կամ ազդել կողմերից մեկի անվտանգության շահերի վրա, ինչպես նաև նման իրավիճակի վտանգի դեպքում՝ դրա կարգավորման նպատակով»,- նշվում է հռչակագրում։

Ըստ ռուս-ադրբեջանական այս փաստաթղթի, կողմերը պետք է զարգացնեն իրենց ռազմաքաղաքական համագործակցությունը՝ ելնելով իրենց ազգային շահերից, ոչ թե ընդդեմ 3-րդ երկրի:

«Անվտանգությունն ապահովելու, խաղաղությունն ու կայունությունը պահպանելու համար Ռուսաստանի Դաշնությունը և Ադրբեջանական Հանրապետությունը կարող են դիտարկել ՄԱԿ-ի կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի գործող միջազգային իրավական պարտավորությունները»,- նշվում է հռչակագրի տեքստում։

Փաստաթղթում, բնականաբար, չեն անտեսվել Ադրբեջան-Ռուսաստան ռազմատեխնիկական համագործակցության հարցերը, և անգամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ ապաշրջափակման հարցերը:

Իսկ մինչև 44-օրյա պատերազմից հետո նման շահավետ հռչակագրեր էր ստորագրում և փորձում թուրքական մոդելի բանակ ստեղծել, հայկական կողմը բանակի ուժերի վերականգնման հարցում անգործության էր մատնված հետպատերազմյան ժամանակաշրջանում, չի կարողացել բարելավել նաև դաշնակիցների հետ հարաբերությունները, լուծել զենքի խնդիրը՝ չնայած ամեն պատեհ առիթի խոսել է պրոֆեսիոնալ բանակի անհրաժեշտության մասին, դրան զուգահեռ՝ հանրությանը փորձել համոզել, թե իրենց խաղաղության դարաշրջանի տեսլականն այլընտրանք չունի, թեպետ դրա ձախողումից Փաշինյանն ինքն է բազմիցս խոսել, որ խաղաղության պայմանագիրը չի կարող կանխել նոր պատերազմը:

Բայց միևնույն է՝ շարունակում է հանրությանը վախեցնել նոր պատերազմով և վստահեցնել, որ իր խոստացած խաղաղությունն անհրաժեշտություն է:

Տեսանյութեր

Լրահոս