Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ալեքսեյ Օվերչուկին
Հայաստանիր Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Հանդիպմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հաղորդագրությունից, վարչապետը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը հագեցած է և կողմերն աշխատում են նաև 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետի իրականացման ուղղությամբ:
«Ինչպես Ձեզ հայտնի է, մենք հետաքրքրված ենք տարածաշրջանում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի բացմամբ, ապաշրջափակմամբ՝ հիմնելով կողմերի սուվերենության և իրավազորության վրա, որոնց տարածքներով այդ հնարավոր ենթակառուցվածքներն անցնում են: Վստահ եմ՝ այսօր կքննարկենք որոշ ասպեկտներ, ուրախ եմ այս առիթով հանդիպել Ձեզ»,- ասել է վարչապետը:
Ալեքսեյ Օվերչուկը նկատել է, որ օրերս Սոչիում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ վարչապետների բովանդակալից հանդիպումը և փաստել, որ երկկողմ փոխգործակցությունը հաջողությամբ զարգանում է: ՌԴ փոխվարչապետը նկատել է՝ ընթացիկ տարվա առաջին 5 ամիսների ընթացքում երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է 96 տոկոսով:
Հաջորդիվ զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տրանսպորտային և տնտեսական հաղորդուղիների ապաշրջափակման ուղղությամբ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների աշխատանքային խմբի շրջանակում տեղի ունեցած բանակցությունների արդյունքներին:
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են երկաթուղային հաղորդակցության վերականգնմանը, կողմերի սուվերենության և իրավազորության հիման վրա սահմանային ու մաքսային հսկողության իրականացմանը վերաբերող հարցեր:
Մինչ վարչապետի հետ հանդիպումը՝ ՌԴ փոխվարչապետը հանդիպում է ունեցել նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների շրջանակներում հայ-ռուսական հարաբերությունների արդիական հարցերը և ԵԱՏՄ ձևաչափում համագործակցության զարգացմանն առնչվող թեմաներ: