Ադրբեջանը պատրաստվում է․ ստեղծվելիք իրավիճակի աշխարհաքաղաքական պատասխանատուներն Արևմուտքում են
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հայ-ադրբեջանական սահմանից անհանգստացնող լուրերը չեն դադարում։ ՀՀ Պաշտպանության նախարարությունը հրադադարի խախտման հերթական դեպքի մասին հայտնեց այսօր․ «ժամը 14:15-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաև ականանետ»։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում սա նմանատիպ վեցերորդ մամուլի հաղորդագրությունն է, որոնց զուգահեռ՝ Ադրբեջանի ՊՆ-ն է ապատեղեկատվություն տարածում իբրև թե հայկական կողմի խախտումների մասին։ Բացի այս, հարկ է նշել, որ Ադրբեջանը չի թաքցնում իր ծրագրերը։ Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ԶՈՒ հրամկազմի հետ օրերս հրավիրված խորհրդակցության ժամանակ հրահանգել էր իր ենթականերին՝ «ցանկացած պահի պատրաստ լինել առանց հապաղման և վճռականորեն կանխել հակառակորդի հնարավոր սադրանքները»։
Օրերս էլ Ադրբեջանը հետաձգեց այսօր Վաշինգտոնում մեկնարկելիք հայ-ադրբեջանական նախարարական բանակցությունների հերթական ռաունդը։ Սա ստանդարտ սցենար է այն դեպքում, երբ Ադրբեջանը պատրաստվում է փոքր կամ մեծ սադրանքի սահմանի ինչ-որ հատվածում։
Իրավիճակի առանձնահատկությունն էլ այն է, որ, ի տարբերություն նախկինի, ներկայումս և այս տարվանից սկսած հայ-ադրբեջանական սահմանը մոնիտորինգի են ենթարկում ԵՄ քաղաքացիական դիտորդները, որոնք սահմանին են տեղակայվել երկար ժամանակով։
Ի դեպ, Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթն օրերս հայտարարեց, որ ուրախ է փաստել, որ առաքելությունն առաջիկայում կընդլայնի իր գործունեությունը:
Մարտունիում հունիսի 1-ին ընդունելով Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի աշխատանքային խմբի ԵՄ պատվիրակությանը՝ ԵՄ քաղաքացիական առաքելության ղեկավար Մարկոս Ռիտերը հայտարարել էր, որ ԵՄ քաղաքացիական առաքելությունը պատրաստվում է նոր երեք լրացուցիչ դաշտային գրասենյակ բացել՝ Կապանում, Իջևանում և Եղեգնաձորում։
Ներկայացնելով առաքելության գործունեությունը՝ Ռիտերը, մասնավորապես, նշել էր, որ առաքելությունն իրականացրել է ավելի քան 300 պարեկություն Գորիսում, Ջերմուկում և Մարտունիում գտնվող իր դաշտային գրասենյակներից:
Վկայակոչելով Հայաստանի պաշտոնյաների հայտարարությունները՝ Ռիտերը նկատել էր. «Առաքելությունը նպաստել է իրավիճակի որոշակի կայունացմանը, այնուամենայնիվ, իրավիճակը մնում է անկայուն»։
Խնդիրն այն է, որ ՀՀ իշխանությունները, որոնք մերժեցին ՀՀ-ում ՀԱՊԿ առաքելության տեղակայումը՝ տարբեր պատճառաբանումներից ելնելով, տեղակայելով ԵՄ քաղաքացիական դիտորդներ, ամենևին բարձր պահանջներ չունեն ԵՄ դիտորդների հանդեպ, չեն ակնկալում հասցեական գնահատականներ, բավարարվում են, երբ ԵՄ դիտորդներն իրենց պարեկության ժամանակացույցը, գրաֆիկը նախապես փոխանցում են ադրբեջանական կողմին, դիվանագիտական կսմիթներ չեն հնչեցնում, երբ ԵՄ-ն հասցեական հայտարարություններ չի անում կամ չի անդրադառնում ադրբեջանական կողմի սադրանքներին։ Այդպիսի առաջին օրինակի ականատեսը դարձանք Տեղ գյուղի դեպքերով, երբ դիտորդները նախ իրադարձությունների ծավալման վայրում չէին այդ պահին, և հետո չեղան հասցեական հայտարարություններ, այլ դիտորդները հղում արեցին ՀՀ իշխանությունների հայտարարություններին՝ խուսափելով սեփական եզրակացություններից ու գնահատականներից։
Այս օրերին ևս ադրբեջանական կողմը խախտում է հրադադարը, հնչեցնում ապատեղեկատվություն, բարձրաստիճան զինվորականի կողմից հրապարակային սպառնալիք, սակայն ԵՄ-ն, որը ներկայումս հայ-ադրբեջանական, այսպես կոչված, բանակցությունների գլխավոր միջնորդն է, որը ներկայումս ձգտում է ռեգիոնում էլ ավելի մեծ ազդեցության՝ ՌԴ ազդեցության փոխարեն, որը տեղում՝ սահմանին, տիրապետում է իրավիճակին, որևէ կերպ չի անդրադառնում իրավիճակին, որը սովորաբար վերաճում է ավելի լայնամասշտաբ սադրանքի։ Այս դեպքում և՞ս ՀՀ իշխանությունները պատասխանատվությունը գցելու են Ռուսաստանի վրա, փորձելով ամեն կերպ արդարացնել եվրոպական կողմին։ ԵՄ-ն, որը ռեգիոնում Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրների հաշվին նոր ազդեցություն է ստացել և պատրաստվում է այն ընդլայնել, պատասխանատու չի՞ լինելու արդյոք ՀՀ-ի շուրջ ստեղծվող իրավիճակի և ՀՀ անվտանգային խնդիրների համար։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը մեզ հետ զրույցում ասաց, որ, ինչպես և կարելի էր կանխատեսել, ԵՄ դիտորդների տեղակայումը որևէ անվտանգային հարց Հայաստանի համար չի լուծել։
«Եթե խոսենք ԵՄ-ի համար աշխարհաքաղաքական հարցի մասին, ապա ԵՄ-ն իր համար նման հարց լուծել է, բայց ոչ Հայաստանը։ Ադրբեջանը, այո, գործում է ստանդարտ սցենարով, բայց այսօր հնարավոր նոր սադրանքներն ունենալու են աշխարհաքաղաքական ավելի լայն պատասխանատուներ ու իրավիճակի հասցեատերեր, քանի որ Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը՝ որպես այս իրավիճակի ուղիղ պատասխանատու, այլևս չկա, չի դիտարկվում, Հայաստանը հանել է այդ պատասխանատվությունը, անձամբ ստանձնելով և Արևմուտքի վրա դնելով պատասխանատվություն։ Հայաստանում նույնիսկ խոսում են ՀԱՊԿ-ը լքելու մասին։ Արևմուտքում շատ լավ են հասկանում իրավիճակը, սակայն, ինչպես մշտապես ասում եմ, Արևմուտքի համար Ադրբեջանն արժեքավոր գործընկեր է դարձել։ Ադրբեջանն իր կշիռը հասկանում է և այն կարողանում լավ խաղարկել։ Ցանկացած հասցեական հայտարարություն ի վնաս Ադրբեջանի՝ խնդիր է լինելու ԵՄ-Ադրբեջան հարաբերություններում, և ԵՄ-ն ակնհայտորեն դրանից խուսափում է։
Հայաստանն ինքն է հրավիրել այս առաքելությանը, ՀՀ-ն ինքն է բարձրացրել աշխարհաքաղաքական մրցակցությունը հայ-ադրբեջանական և Ղարաբաղյան հակամարտության գոտում, թե դա ինչ օգուտ է բերել ՀՀ-ին, պետք է գնահատեն ՀՀ-ում»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։
Ըստ նրա, եթե ԵՄ-ն պատրաստվում է առաքելության ընդլայնման ՀՀ տարածքում, նշանակում է, որ ՀՀ-ում գոհ են այդ առաքելության գործունեությունից, թեև այն անվտանգային ակնառու արդյունքներ չի ապահովում Հայաստանի համար և միայն զեկույցներ կազմելով ու ԵՄ ուղարկելով է զբաղված։
«Ես կարծում եմ, որ նույնիսկ դրական է, որ այս փուլում ՀԱՊԿ-ի նախաձեռնությունները մերժվել են, և իրավիճակն ունի հստակ հասցեատերեր, և այդ ցանկում ՌԴ-ի դերը նվազագույն է կամ նույնիսկ չկա։ Ռեգիոնում պետք է համոզվեն, թե ինչի են ունակ ԵՄ-ն, ԱՄՆ-ը, քանի որ Ռուսաստանին միշտ շատ են մեղադրել»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է հնարավոր զարգացումներին, ապա, վերլուծաբանի համոզմամբ, Ադրբեջանը գործում է իր սցենարներով և կարողանում է դրանք առաջ մղել։
«Երբ հարմար է՝ բանակցում է, երբ չի ցանկանում՝ չի բանակցում, չի ենթարկվում արտաքին ճնշումների։ Ինչպես նախկինում է դիմել սադրանքների, այսօր էլ կարող է դիմել, քանի որ որևէ միջնորդ իր անմիջական շահերը չի պատրաստվում վտանգել»,- նկատեց նա։