Հաղթական քայլերթից՝ թուրքական մարշ․ Փաշինյանը պատրաստում է ռեքվիեմը

Իշխանության լեգիտիմության մասին դատողությունները հիմնականում կառուցվում են երկրի ղեկավարի, իշխող քաղաքական ուժի վարկանիշներն արտահայտող ցուցանիշներով։

Նիկոլ Փաշինյանի վարկանիշը, օրինակ, այդ ցուցանիշներով հասել է գրեթե հատակին՝ ամերիկյան հանրապետական ինստիտուտի՝ IRI-ի՝ մարտին հրապարակած հարցումներով, այն ընդամենը 14 տոկոս էր, իսկ անցած շաբաթ հրապարակված մեկ այլ հետազոտության համաձայն՝ 18.8 տոկոս։

Բայց շատ ավելի կարևոր է, թե ինչ է թաքնված այս ցուցանիշների հիմքում, ի՞նչն է մարդկանց ստիպում ընդամենը 5 տարի առաջ 90 տոկոսից ավելիի հավանություն ստացող Փաշինյանի վարկանիշն այսօր գետնին հավասարեցնել։

Իշխանության լեգիտիմության իրական պատկերը ստանալու համար, բացի անհատական վարկանիշներից, կարևոր են նաև ածանցյալ ցուցանիշները, որոնք արտահայտում են նրա նկատմամբ հանրության ավելի խորքային վերաբերմունքը։ Այդ իմաստով չափազանց կարևոր են պետության համար տվյալ իրավիճակում գերակա, առաջնային համարվող հարցերում իշխանության վարած քաղաքականության նկատմամբ հանրային տրամադրություններն արտահայտող ցուցանիշները։
Հայաստանի, հայկական իրականության ամենաառաջնային խնդիրն Արցախի հարցն է, արցախահայերի ճակատագիրը։ Հետևաբար՝ այդ ուղղությամբ իշխանության վարած քաղաքականության հանդեպ հանրային վերաբերմունքը լավագույնս արտահայտում է, թե որքանով է հասարակությունը կիսում կամ ընդդիմանում իրականացվող քայլերին։

Կարդացեք նաև

Օրեր առաջ «Gallup International» միջազգային կազմակերպության Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերությունը հրապարակել է վերջին սոցիոլոգիական հարցումները, որոնց համաձայն՝ հարցվածների 82 տոկոսը դեմ է արտահայտվել Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Ըստ նույն հետազոտության, հարցվածների 86 տոկոսը որևէ կերպ չի պատկերացնում արցախահայերի ապագան Ադրբեջանի կազմում։

Այսինքն՝ Արցախի հանդեպ անտարբերության մեջ մեղադրվող հայ հասարակությունն այդուհանդերձ խիստ համարժեք է անվտանգային խնդիրների, արցախահայերի ճակատագրի հանդեպ կատարվող արկածախնդիր քաղաքականության գնահատման հարցում և գրեթե ամբողջությամբ մերժում է Նիկոլ Փաշինյանի կողմից վարվող արցախակործան քաղաքականությունը։

Սա կարևոր է ոչ միայն այն առումով, որ երկրի իշխանությունն իրականացնում է հասարակական կարծիքին արմատապես հակադրվող քաղաքականություն, այլ որովհետև, Արցախի մասին յուրաքանչյուր հայտարարություն կատարելիս, «խաղաղության օրակարգը» թմբկահարելիս՝ Նիկոլ Փաշինյանը հղում է անում «ժողովրդին»՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե ինքն արտահայտում է հասարակության կամքը։
Այս ցուցանիշները, ի թիվս այլ կարևոր արձանագրումների, վկայում են հայկական քաղաքական իրականության կարևորագույն ախտի մասին։ Հայաստանում տոտալ տապալման է ենթարկվել հանրային պատվերի ինստիտուտը։

Իշխանությունը ոչ միայն դադարել է հանդես գալ՝ որպես հանրային պատվերը իրացնող, այլ գործնականում իրականացնում է այդ պատվերին ամբողջությամբ հակադրվող  քաղաքականություն։ Իսկ դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հիմքում հակաժողովրդական է, հակաժողովրդական լինելով՝ հակաժողովրդավարական է, որովհետև հանրության պատվերին հակադրվող իշխանությունը չի կարող լինել ժողովրդավարական՝ ըստ սահմանման։

Իրականում Նիկոլ Փաշինյանը կատարելապես խեղաթյուրել է «իշխանությունը պատկանում է ժողովրդին» գաղափարը, որն այդքան հաճախ սիրում է կրկնել, որովհետև նա խլել է ժողովրդին պատկանող իշխանությունը և այսօր իրականացնում է ժողովրդի կարծիքին ամբողջությամբ հակադրվող քաղաքականություն։ Նա ժողովրդի իշխանությունը խլել է մեծագույն խաբեությամբ, որովհետև 2021 թվականի ընտրություններում ներկայացրել է հենց Արցախյան հարցում միանգամայն այլ քաղաքականություն իրականացնելու խոստումներ (Շուշիի, Հադրութի դեօկուպացիա, «անջատում հանուն փրկության» սկզբունքի իրացում և այլն), և ստանալով իշխանությունը՝ այսօր կատարում է լրիվ հակադիր քայլերը։
Հայ հասարակությունը Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանին պատվիրել է Վերդիի «Հաղթական քայլերգը», բայց նա կատարում է Մոցարտի «Թուրքական մարշը» և ամեն ինչ անում է Արցախի ճակատագիրը որևէ «ռեքվիեմով» ավարտելու համար։

Հասարակությունն ահա, այսօր կանգնած է երկընտրանքի առաջ՝ կամ հարմար դիրքավորվել ռեքվիեմն ունկնդրելու նպատակով, կամ անել ամեն ինչ՝ սեփական քաղաքական պատվերը զրոյացրած իշխանության «կարապի երգի» կատարման համար։

Դրա համար անհրաժեշտ է ձևակերպել նոր քաղաքական պատվեր՝ անկախ նրանից, թե ովքեր են այն իրացնելու պոտենցիալ հավակնորդները։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս