Արագածավանի երեկն ու այսօրը. Վարդի թերթիկներից, մատաղացու գառից մինչև Նիկոլ Փաշինյանի աջակից ՔՊ-ական պաշտոնյայի կողմից ծեծված համագյուղացի
Երեկ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում միջադեպ էր գրանցվել, ինչից հետո երեկոյան արագածավանցիները մի քանի ժամով փակել էին ճանապարհը՝ կանգնեցնելով մեքենաների երթևեկությունը և պահանջելով, որպեսզի պատժվի Արագածավանի կոմունալ վարչության պետ ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը։ Միջադեպն առաջացել էր այն բանից հետո, երբ ՔՊ-ականն իր մեքենան տարել է ավտոլվացման կետ, որպեսզի լվանա, աշխատակցի սպասարկումը, ով առողջական որոշակի խնդիրներ ունի, Սուրեն Թորոսյանի «հավանությանը չի արժանացել», որի արդյունքում էլ նա հարվածել է տղային և նրա աչքերին գազ փչել։
«Այս ամենը ՔՊ-ի «ձեռքբերումն» է, ինչպես «սևն ու սպիտակը» սարքեցին, այնպես էլ հիմա մարդկանց են ծեծում, ով ՔՊ-ական չէ, ինչի այս մարդիկ, իրենցից բացի, այլ մարդու ճանաչո՞ւմ են։ Բերեցին, արտոնյալ դարձրեցին, գոնե այդ ՔՊ-ականը տառ ճանաչի, տառաճանաչ լինի, այդ մարդը հայերեն տառերը չի ճանաչում։ Սա հո առաջինը չէ, երկրորդը չէ, և այս ամենը լավ բանի չի բերի։ Ծեծի ենթարկված տղան անչափահաս չէ, բայց ունի առողջական խնդիրներ»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր արագածավանցի մեր զրուցակիցը։
Նա նաև փոխանցեց, որ բողոքի ակցիան ծեծված տղայի հարազատները չեն իրականացրել, այլ գյուղացիները, քանի որ տղայի հայրը Ռուսաստանում է, Արագածավանում մայրն է։
ՔՊ-ական Սուրեն Թորոսյանը, ով Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի Ջրօգտագործողների ընկերության վերահսկողության պետն է, առաջին անգամ չի աչքի ընկնում նման վայրենի վարքագծով:
Այսօր տեսանյութ տարածվեց, որում նույն այդ ՔՊ-ական պաշտոնյան հպարտորեն հայտարարում է, թե ինչպես է վարվել արցախցի 7-ամյա երեխայի հետ:
«Կայնել եմ, դուռը բացել եմ չոլի մեջ, ասել եմ՝ իջի արա»,- իր իսկ ձայնագրած տեսանյութում ասում է նա՝ հպարտանալով, որ արցախյան բարբառով խոսող, տնից-տեղից զրկված, հայրենիք կորցրած, Թալինում հաստատված, ֆուտբոլի գնացող երեխային, ում ճանապարհին էր տեսել ու կանգնել, որ տեղ հասցնի, իջեցրել է մեքենայից միայն նրա համար, որ վերջինս համարձակվել է ասել՝ արցախցի է, Հայաստանում է գտնվում, որովհետև «դավաճան Նիկոլը հողերը տվել է»:
Ուղիղ երկու տարի առաջ՝ 2021թ. հունիսի 8-ին, խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ, Արագածավանում վարդի թերթիկներ էին շաղ տալիս Նիկոլ Փաշինյանի վրա:
Մարիաննա Մելոյան անունով կինն էր վարդի թերթիկներ շաղ տվող, Նիկոլ Փաշինյանին համբուրող արագածավանցին, ով հայտարարել էր, որ հարցազրույց չի տալիս 168.am-ին:
Արագածավանում նաև գառ էին մորթում Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակ:
Այսօր Արագածավանում փողոց են փակում՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկարվող, նրա հետ խնջույքների մասնակցող Սուրեն Թորոսյանի:
168.am-ի հետ զրույցում ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացրեցին, որ հունիսի 7-ին՝ ժամը 21:50-ին 1999թ. ծնված Արագածավան գյուղի բնակիչը ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է տվել, որ ժամը 19:00-ի սահմաններում Արագածավան գյուղում գտնվող ավտոմեքենաների լվացման կետի մոտ ծագած վիճաբանության ժամանակ իր համագյուղացին գազաբալոնով գազ է փչել իր վրա և փայտով հարվածներ հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածք: «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ նույն օրը՝ ժամը 23:40-ին, նշված անձը Արագածավան բնակավայրից հայտնաբերվել, ձերբակալվել և բերվել է ոստիկանության բաժին և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել Թալինի քննչական բաժին»,- ասացին ՆԳՆ ոստիկանությունից:
Իսկ քիչ առաջ էլ Քննչական կոմիտեի (ՔԿ) մամլո խոսնակ Գոռ Աբրահամյանը տարածեց հաղորդագրություն, որում ասվում էր՝ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
«2023թ. հունիսի 8-ին, ժամը 00:15-ին, Ս․ Թ․-ն ոստիկանության աշխատակիցների կողմից ներկայացվել է Թալինի քննչական բաժին:
Որոշում է կայացվել հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինիս ձերբակալելու մասին:
Ա․ Ս․-ն ճանաչվել է տուժող»,- գրել էր Գոռ Աբրահամյանը: