Սնունդ՝ հայրենիքի դիմաց
Տնտեսական «դրախտ»՝ անվտանգային դժոխքում
Նիկոլ Փաշինյանի իշխանության քարոզչությունը հիմնված է տնտեսական ձեռքբերումների ներկայացման, դրանց՝ իրականից բազմապատիկ մեծ նշանակություն հաղորդելու ու որպես հետևանք՝ «լավ կյանքի» կեղծ պատրանք ստեղծելու վրա։ Անձամբ Նիկոլ Փաշինյանը, նրա կառավարության բոլոր անդամները առիթը բաց չեն թողնում թմբկահարելու «աննախադեպ» տնտեսական աճը, տնտեսական ակտիվության ցուցանիշի ավելացումը, զբոսաշրջիկների ու կապիտալի ներհոսքը, ասֆալտապատվող ճանապարհներն ու վերանորոգվող դպրոցները, և այդպես շարունակ…
Քարոզչությունն այդ, իհարկե, բութ է ու կացնային, ինչպես այն ներկայացնող դեմքերի մեծ մասը, և չի խորանում թմբկահարվող ցուցանիշների կառուցվածքի, դրանք պայմանավորած օբյեկտիվ ու սուբյեկտիվ գործոնների և բազմաթիվ այլ երևույթների վրա, որոնք, բացի զգայական հրճվանքից, նաև ուղեղի աշխատանք են պահանջում։ Քարոզչությունն ու քարոզիչները, հասկանալի է՝ նման խնդիր չունեն, նրանց նպատակն է՝ հանրության ուղեղը լվանալ այնպես, որ պրոպագանդայի միջին վիճակագրական սպառողն ամեն օր մտածի՝ «այսքան ուրախ կյանքը մեր ընկեր Նիկոլն է տվել»։
Փաշինյանական այս քարոզչության առանձնահատկություններից մեկը կամ գլխավորն այն է, որ կենտրոնանում է միայն իրականության դրական կամ որպես դրական ներկայացվող կողմերի վրա՝ խորամանկորեն անտեսելով կամ լղոզելով նույն իրականության բացասական, գոյաբանական սպառնալիքի հասնող կողմերը։ Այդ տրամաբանությամբ՝ ներկայացնելով հայկական «տնտեսական դրախտը»՝ Նիկոլ Փաշինյանը կամ չի խոսում «անվտանգային դժոխքի» մասին, որում գտնվում է Հայաստանը, կամ խոսելիս դա բարդում է բոլորի վրա, բացի իր վարած խայտառակ քաղաքականությունից։
Այսինքն՝ տնտեսական հաջողություններն իրենն են, ապահովվել են իր շնորհիվ (իրականում դրանք առավելապես արտաքին գործոններով, ռուս-ուկրաինական հակամարտությամբ, Հայաստան տեղափոխվածների ու դրամական միջոցների հոսքով պայմանավորված ժամանակավոր զարգացումներ են), իսկ, ահա, երբ խոսքն արտաքին սպառնալիքների, Հայաստանի՝ մազից կախված անվտանգության, Արցախի հանձնման մասին է, մեղավոր են բոլորը՝ տուրբուլենտ աշխարհը, միջազգային խառը իրադրությունը, փլվող աշխարհակարգը, հայի բախտը, վերջին հաշվով։
Տնտեսական հաջողություններով, պայմանականորեն ասած՝ ասֆալտով հասարակության բթացմանն ու այդ բթացմամբ անվտանգային խնդիրների մասին չմտածելուն ուղղված իշխանական քարոզչության հիմքում դրված է «սնունդ՝ հայրենիքի դիմաց» սկզբունքը։ Այդ քարոզչությունը, թեև ոչ ամբողջությամբ, այդուհանդերձ, դեռևս աշխատում է․ քաղաքացիների առնվազն մի հատված Արցախից հրաժարումն ու անվտանգային խնդիրների առկայությունն արդարացնում է տնտեսական հաջողություններով։
Այս էժանագին քարոզչությունը շարունակելու է գործել այնքան ժամանակ, քանի դեռ հասարակության՝ ոչ թե ստամոքսով, այլ ուղեղով առաջնորդվող հատվածն իշխանությանը չի հակադրել «հայրենիք՝ սնունդի փոխարեն» կոնցեպտը։ Դրա արտահայտման ձևերն ու ձևաչափերը կարող են տարբեր լինել, թեև ընդհանուր առմամբ հանգում են էլիտաների կողմից այդ մոտեցումը ներկայացնելուն։ Բայց այդ կոնցեպտը կարող է կենսունակ լինել և իրապես հակադրվել իշխանության սպառողական մոտեցմանը՝ միայն այն դեպքում, երբ դա լինի ոչ թե սոսկ գեղեցիկ կարգախոս, այլ իրական պատրաստակամություն, այդ թվում՝ զրկանքներ կրելու պատրաստակամություն, պատրաստակամություն՝ ապրելու ընդհուպ «հայրենիք՝ առանց սնունդի» բանաձևով։
Սակայն հասարակությունից նման զոհողություն պահանջելուց առաջ այդպիսի պատրաստակամություն պետք է հայտնեն էլիտաները, որոնց ներկայացուցիչների մեծ մասն իրականում իշխանության «սնունդ՝ հայրենիքի դիմաց» քարոզչության ոչ միայն սպառողն է, այլ ամենամեծ շահառուն։
Հարություն Ավետիսյան