Վստահ եմ, արցախցին կշարունակի պայքարը. Արցախցինե՛ր, հավատացեք՝ ձեր պապերի նախաձեռնած պայքարն ավարտվելու է հաղթանակով. Արթուր Աղաբեկյան

Մայիսի 22-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հստակ հայտարարեց, որ ճանաչելով Ադրբեջանի 86.600 քկմ տարածքային ամբողջականությունը, ճանաչում է նաև Արցախն Ադրբեջանի կազմում։ Ավելին՝ այդ տարածքի մեջ են մտնում նաև, այսպես կոչված, «անկլավները»։ Դրանից հետո Փաշինյանը տարբեր հարթակներում կրկնեց նույն միտքը՝ ընդգծելով, որ Հայաստանը պաշտպանում է իր 29.800 քկմ տարածքը և ճանաչում Ադրբեջանի 86.600 քկ-ը։ Դրան զուգահեռ՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանի նպատակը արցախահայությանը ցեղասպանելն է։

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո Արցախի պաշտոնական տեսակետը՝ նման հայտարարությունն անընդունելի համարելու վերաբերյալ, չուշացավ, սակայն ՀՀ իշխանությունները շարունակում են առաջ տանել Նիկոլ Փաշինյանի թեզերը։

Ի վերջո, ի՞նչ քայլեր է անհրաժեշտ իրականացնել՝ Արցախը փրկելու համար։

168.am հետ զրույցում Արցախի հերոս, Արցախի Հանրապետության նախկին փոխվարչապետ, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանն ասաց, որ հայ հանրությունը, առավելևս՝ արցախահայությունը, չի ընդունել Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին։

Կարդացեք նաև

«Ցավոք, ես այս պահին Արցախում չեմ, բայց տեղեկատվությունը, որը հասնում է ինձ՝ ակնհայտորեն ապացուցում է պայքարելու կամքը։ Վստահ եմ, եթե արցախցին չընդունելով այն «ճշմարտությունները», որոնք այսօր բարձրաձայնում են Հայաստանի, Ադրբեջանի իշխանությունները, ինչո՞ւ չէ, նաև միջազգային հանրությունը, կշարունակի պնդել, և վստահ եմ, որ պնդում է՝ իր պայքարը կավարտվի հաղթանակով։ Եթե արցախցին հավատալով այն ամենին, ինչը ձեռք է բերել այս տարիների ընթացքում՝ ազատությանն ու պայքարին, որ 30 տարի ապրել է, իսկ այս 30 տարիների ընթացքում էլ նոր սերունդ է ծնվել, ապա նրա այդ պայքարը միանշանակ պսակվելու է հաղթանակով»,- նշեց Արթուր Աղաբեկյանը։

Նա միաժամանակ կոչով դիմեց արցախահայությանը.

«Պինդ եղեք, շարունակեք պայքարը։ Հավատացեք՝ ձեր պապերի ու ծնողների կողմից նախաձեռնած պայքարը միանշանակ ավարտվելու է հաղթանակով։ Եվ այն իրականությունը, որն այսօր ներկայացնում են իբր թե որպես վերջնական՝ չկա ու չի կարող նման բան լինել, և չի տեղավորվում բանականության մեջ։ Եվ չի կարող լինել նման շարունակություն, ինչն այսօր փորձում են համոզել մեր ժողովրդին։ Վստահ եմ՝ այս պայքարը մի նոր պատուհան ու դուռ է բացելու, որը հնարավորություն է տալու արցախցուն հասնել իր այն նպատակին, որի համար նա ապրել է իր հողում այս տարիների ընթացքում»։

Տեսանյութեր

Լրահոս