Հայաստանում հիմնվում է Պտղի բժշկության կենտրոն

Հունաստանի հետ համագործակցությամբ Հայաստանում հիմնվում է Պտղի բժշկության կենտրոն։ Աշխատանքներն իրականացվում են Հայաստանի առողջապահության նախարարության, Հունաստանի արտաքին գործերի նախարարության և Պտղի բժշկության հիմնադրամի միջև ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։ Պտղի բժշկության կենտրոնի հիմնման նպատակն է խթանել հղի կանանց մասնագիտացված խնամքի աշխատանքները, նվազագույնի հասցնել թե մայրական, թե մանկական մահացությունը։ ՀՀ առողջապահության նախարարության Միջազգային հարաբերությունների վարչության պետ Արմեն Մելքոնյանը նշեց, որ ծրագիրը գործնական փուլում է։ Այժմ սկսվում է մասնագետների վերապատրաստման գործընթացը։

«Հունական կողմը մեզ տրամադրել է դասընթացավարներ, որոնք մայիսի վերջին Հայաստանում էին։ Հունաստանը նաև մեզ նվիրաբերեց գերժամանակակից ուլտրաձայնային երկու սարք։ Առաջիկայում դասընթացները կշարունակվեն,»,-ասաց Արմեն Մելքոնյանը։

Ըստ հուշագրի՝ առաջիկայում երկամյա ծրագրով Հայաստանից մասնագետներ կմեկնեն Մեծ Բրիտանիա վերապատրաստման համար։ Նրանք ստանալու են պտղի բժշկության լիարժեք մասնագիտացում։ ՀՀ ԱՆ Մոր և մանկան առողջության պահպանման վարչության առողջապահության գլխավոր կազմակերպիչ Նանե Մնացականյանի խոսքով՝ մոր և մանկան առողջությունը Հայաստանում միշտ էլ գերակա է եղել։ Այսօր տարբեր բուժհաստատություններում այդ ուղղությամբ մասնագիտական ծառայություններ մատուցվում են, իսկ այս նոր կենտրոնը լինելու է նեղ մասնագիտական, մեկ աստիճան բարձր բուժհաստատություն՝ ունենալով նաև նոր ծառայություններ։

«Այս ծրագրերն այնպես չէ, որ ամբողջությամբ նորություն են մեզ համար։ Հղիների հսկողությունն այսօր էլ իրականացվում է, կատարվում են հղիության ընթացքի սքրինինգներ։ Այս նոր կենտրոնը հնարավորություն է տալու որակապես բարելավել տվյալ ոլորտը։ Մենք էլ պետք է միջազգային չափանիշներին համահունչ շարժվենք՝ բարելավելով մեր ունեցած ծառայությունները»,-ասաց Նանե Մնացականյանը։

Պտղի բժշկության կենտրոնը հիմնվում է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում։ Կենտրոնի ծննդատան մանկաբարձական բաժանմունքի ղեկավար Կարեն Ջուլհակյանը նշեց, որ խնդիր է դրված մեր երկրում այնպիսի մասնագետների պատրաստել, որ վերջիններս էլ իրենց հերթին կարողանան վերապատրաստել մյուսներին։ Կենտրոնը ոչ միայն ախտորոշելու է ներարգանդային արատներ, այլև կանխարգելելու է հղիության ժամանակ զարգացող հիվանդությունները, որոնք կարող են հղիների ու պտղի կյանքի համար վտանգավոր լինել։

«Նախատեսվում է ներդնել նաև պտղի ներարգանդային վիրաբուժությունը, ինչը քաղաքակիրթ զարգացած երկրներում լայնորեն կիրառվում է։ Դեռ արգանդում կարելի է պտղին վիրահատել ու այդ ելքերը լինում են ավելի լավը, քան երբ երեխան ծնվում է»,-ասաց Կարեն Ջանիբեկյանը։

ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ Էդուարդ Համբարձումյանը, կարևորելով Պտղի բժշկության կենտրոնի ստեղումը, նշեց, որ փորձում են ինստիտուցիոնալ մոտեցում ցուցաբերել այս հարցում։

«Բարձր որակավորում ունեցող դիագնոստիկ մասնագետներ մենք ունեցել ենք և ունենք, բայց սա դեռ պտղի բժշկություն չէ, սա պտղի դիագնոստիկա է։ Նոր կենտրոնը գալիս է լրացնելու, ամբողջացնելու ծառայությունների շրջանակը։ Մասնավորապես, զբաղվելու է պտղի բուժական, վիրաբուժական գործունեությամբ։ Այսինքն՝ պտուղը դառնում է բուժառու։ Մենք նաև համապատասխան կրթական ծրագիր ենք մշակում»,-ասաց Էդուարդ Համբարձումյանը։

Մասնագետներն ընդգծեցին, որ ծառայությունները չեն կենտրոնացվելու Երևանում։ Նպատակ կա այն հասանելի դարձնել մարզերին, թե վերապատրաստելով տեղի մասնագետներին, թե աջակցելով մարզային բուժհաստատություններին։

Տեսանյութեր

Լրահոս