Պետդեպի տագնապալի հայտարարությունը՝ Քիշնևի հնգակողմ բանակցություններին ընդառաջ
Այսօր Մոլդավայի մայրաքաղաք Քիշնևում Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովի շրջանակում կկայանան հնգակողմ բանակցություններ Փաշինյան-Մակրոն-Միշել-Շոլց-Ալիև ձևաչափով։ Այս տեղեկատվությունը նախօրեին հաստատել է թե ԵԽ ղեկավարի մամուլի գրասենյակը, թե ՀՀ կառավարությունը։
ՀՀ կառավարության մամուլի հաղորդագրության համաձայն, Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, մայիսի 31-ից հունիսի 2-ն աշխատանքային այցով մեկնել է Մոլդավայի Հանրապետություն, որտեղ մասնավորապես Քիշնևում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովին և երկկողմ հանդիպումներ կունենա միջազգային գործընկերների հետ: ՀՀ կառավարությունը հաղորդել է նաև հնգակողմ հանդիպման մասին։
Այս հանդիպումը տեղի է ունենում բավականին ուշագրավ զարգացումների ու հայտարարությունների ֆոնին։
Օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Արցախի օկուպացված Բերձոր քաղաքում հայտարարել էր, որ «այսօր ոչ ոք չի խոսում Ղարաբաղի անկախության, ինքնավարության կամ որևէ այլ բանի մասին»:
«Վերջին ուղերձները, որ մենք ստանում ենք, հետևյալն են՝ ինչպիսի՞ն է լինելու նրանց «ղեկավարության» ճակատագիրը։ Արդյո՞ք նրանք համաներման իրավունք ունեն։ Իսկ ես ասում եմ՝ կտեսնենք»,- ասել էր Ալիևը՝ ակնհայտորեն և բաց տեքստով սպառնալով Արցախի իշխանություններին հատուկ օպերացիայով, ինչպես նաև դնելով պահանջներ Արցախի նախագահի ու ԱԺ-ի առջև։
Սրանով Ալիևն ըստ էության, ինչպես նախկինում, այս անգամ ևս լիովին հերքեց ՀՀ իշխանությունների պնդումները, թե ձևավորվելու է Բաքու-Ստեփանակերտ բանակցային միջազգային մեխանիզմ, որը քննարկելու է արցախահայության իրավունքների ու անվտանգության հարցը։
Ստացվում է, որ ՀՀ իշխանությունը նույնիսկ իր իջեցրած նշաձողն Արցախի կարգավիճակի հարցում չի կարողանում պահել, ստանալով այդ հարցում միջազգային աջակցություն։ Չէ՞ որ ՀՀ իշխանությունները տևական ժամանակ Արցախի կարգավիճակի հարցի փոխարեն՝ խոսում էին արցախահայության իրավունքների ու անվտանգության կարևորության և այն միջազգային երաշխիքներով ապահովելու մասին։ Ներկայումս նույնիսկ միջնորդների հայտարարություններով պարզ է դառնում, որ Ալիևի ու արցախահայության հարաբերություններին որևէ միջազգային դերակատար չի միջամտելու, ավելին, աչք է փակելու Ալիևի գործողությունների վրա, ինչպես ներկայումս ուղիղ, հրապարակային սպառնալիքների վրա։
ԵԽ նախագահ Շառլ Միշելն այս բանակցություններին ընդառաջ մի քանի թվիթերյան գրառմամբ հանդես եկավ, որոնցից մեկը վերաբերում էր երկխոսությանը։ «Ներկայումս վճռորոշ նշանակություն ունի Բաքվի և նախկին ԼՂԻՄ-ում բնակվող հայերի միջև երկխոսությունը նրանց իրավունքների և անվտանգության շուրջ։ Կարևոր է զերծ մնալ առավելապաշտական դիրքորոշումներից և ձգտել երկխոսության։ Ավելի քան 30 տարվա հակամարտություն, վերքերը բուժելը ժամանակ է պահանջում: Անհրաժեշտ են համարձակ որոշումներ»,- գրել էր Միշելը՝ չխոսելով կամ չակնարկելով այս հարցում որևէ միջազգային մասնակցություն։
Ավելի տագնապալի էր ԱՄՆ Պետդեպի տարածած հաղորդագրությունը․ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլերը հայտարարել էր, որ ամերիկյան վարչակազմը բավարարված է, որ «Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են»։ «Ինչպես ավելի վաղ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, Հարավային Կովկասում հնարավոր է հասնել խաղաղության։ Մենք վերջերս բարձր ենք գնահատել այն փաստը, որ վարչապետ Փաշինյանը հետամուտ է խաղաղությանը, և մենք ողջունում ենք Ադրբեջանի նախագահի վերջերս արված հայտարարությունը համաներման մասին (Լեռնային Ղարաբաղում)»,- նշել էր Միլերը։
Պետդեպարտամենտի այս անդրադարձը բացառիկ է, հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ ելույթ է ողջունում ԱՄՆ Պետդեպարտամենտը։ Օրերս Բերձորում Ալիևի ելույթը վերջնագիր ու սպառնալիք էր՝ ուղղված Արցախի իշխանություններին, և սա փաստորեն արժանանում է Պետդեպարտամենտի գովեստին։
Պետդեպի այս հայտարարությանն անդրադարձավ նույնիսկ ՀՀ ԱԳՆ-ն, որը հազվադեպ է Արևմուտքին ուղղված տեղին դիտարկումներ անում․
«Անհնար է չնկատել, որ Ադրբեջանի նախագահի՝ մայիսի 28-ին արված հայտարարությունները հստակ սպառնալիքներ էին պարունակում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության ու անկախության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի՝ իրենց հայրենիքում անվտանգ և արժանապատիվ ապրելու իրավունքի նկատմամբ, ինչի մասին հայկական կողմը բազմիցս ահազանգել է։ Կարծում ենք, որ Միացյալ Նահանգները, ելնելով ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության իր իսկ դավանած արժեքներից և տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված հանձնառությունից և ներգրավվածությունից, պետք է համարժեք արձագանքի այս հայտարարություններին՝ կանխելու Ադրբեջանի ղեկավարության՝ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ծավալապաշտական քաղաքականությունը և Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների նկրտումները»։
Եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը մեզ հետ զրույցում ասաց, որ, իհարկե, էական կարևորություն ունի, որ միջնորդները հավասարակշռված ու տեղին արձագանքեն իրավիճակներին, քանի որ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում կարևոր, սակայն նաև խոցելի փուլ է այն առումով, որ շատ ջանքեր են ներդրվել ներկայումս գրանցված առաջընթացի համար, ու դա պետք է պահպանել։
Ըստ նրա, պետք է կարողանալ իսկապես խաղաղության համար նախապայմաններ ստեղծել, ճիշտ արձագանքելով նաև սպառնալիքներին, քանի որ բոլոր խնդիրները լուծված չեն այսօր։
«Այստեղ դիվանագիտությունը մեծ գործ ունի անելու, Արևմուտքը, բոլորը շտապում են, որպեսզի այս դրական պահն օգտագործեն, բայց շտապողականությունը կարող է վնասել նաև, բաց թողնել կարևոր հարցեր։ Մյուս կողմից՝ արևմտյան առաջնորդները իրենց առջև մեծ խնդիրներ են տեսնում, կարևորում Ռուսաստանի հետ հակամարտությունը, որը ստվերում է բազմաթիվ ավելի փոքր թվացող խնդիրներ, ինչը, իհարկե, մեծ խնդիր է։
Տեսնում ենք, թե ինչպես է Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում Արևմուտքի ողջ ուշադրությունը սևեռել միայն այս ուղղությամբ, որից շատ այլ ռեգիոններ ինչպես շահում են, այնպես էլ շատ հարցեր տուժում են, չեն արժանանում համարժեք ուշադրության։ Մյուս կողմից՝ այս պատերազմի հետևանքով է, որ Արևմուտքը նման բարձր ներգրավվածությամբ է վերաբերվում հարավկովկասյան այս հակամարտությանը, ինչը վերջին տասնամյակների ընթացքում չենք տեսել։ Դժվար էր մի քանի տարի առաջ պատկերացնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները կհանդիպեն Ֆրանսիայի, Գերմանիայի ու ԵԽ նախագահի մասնակցությամբ։
Նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբում բոլոր արևմտյան միջնորդներին առաջնորդում էր Ռուսաստանն ու ՌԴ առաջարկները, սակայն իրավիճակը ռադիկալ կերպով փոխվեց։ ԵԱՀԿ Մինսկի խմբի էջը այս պահի դրությամբ փակվել է, և նախաձեռնությունն անցել է Արևմուտքին։ Սակայն Արևմուտքը ևս խնդիր ունի դիտարկելու հակամարտության բոլոր ասպեկտները և ոչ միայն՝ գլխավորները»,- ասաց նա։
Եվրոպացի վերլուծաբանն ասաց, որ ԵՀՔ-ի շրջանակում այս ընդլայնված կազմով հանդիպումը լավ առիթ է քննարկելու ծանր հարցերը։ Սակայն, ըստ նրա, սա ունի ավելի շատ քաղաքական նշանակություն Արևմուտքի համար իր ներգրավվածության տեսանկյունից, որքան կողմերի միջև դետալային հարցերը քննարկելու նշանակություն։
«Կարծում եմ՝ այդ հարցերն ավելի արդյունավետ քննարկման առարկա են դառնում հիմնական բանակցային հարթակներում, այս դեպքում՝ Բրյուսելում»,- նկատեց նա։