Հող հանձնողին հանձնենք փողին
Առնվազն երկու տասնամյակ հայկական քաղաքական կյանքի հիմնական մեխանիզմներից մեկը խարսխված էր արցախյան հարցի կարգավորման գործընթացում զիջումների անթույլատրելիության ու դրա համար հնարավոր պատժի սպառնալիքի վրա։
Եթե հակիրճ, քաղաքական կյանքն ընթանում էր «Հող հանձնողին հանձնենք հողին» պաթոսային կարգախոսով, որը, ի դեպ, ակտիվորեն գեներացվում ու տարածվում էր մեծ մասամբ նրանց կողմից, ովքեր այսօր գտնվում են իշխանության մեջ։ Իհարկե, այդ կարգախոսը դեմագոգիկ էր ու պարզունակ, համարժեք չէր տարածաշրջանային ու համաշխարհային զարգացումներին, հաշվի չէր առնում մեր նյութական, անվտանգային ու բանակցային հնարավորությունները, և այդպես շարունակ։ Դա, սակայն, այլ խոսակցության թեմա է։
Ավելի կարևոր է, որ Հայաստանում առնվազն մեկ-երկու սերունդ մեծացել ու քաղաքականության մասին պատկերացում է կազմել հենց այդ կարգախոսով։ Ու նաև այդ կարգախոսն էր, որ ղարաբաղյան հարցը փոխզիջումային տարբերակով լուծելու որևէ առաջարկ միանգամից դարձնում էր դավաճանական՝ սահմանափակելով նաև այն ժամանակվա իշխանությունների՝ մանևրելու հնարավորությունները, թեև, նույն այդ կարգախոսի գեներացմանը նպաստում էին նաև իշխանության բազմաթիվ թևեր։
Արդեն հինգ տարի է՝ Հայաստանում իշխանության են եկել մարդիկ, որոնց մեծամասնությունը, ի թիվս այլ քարոզչական կլիշեների, ազդվել է «Հող հանձնողին հանձնենք հողին» կարգախոսից ու հետագայում՝ արդեն ոչ թե հայրենասիրական, այլ խիստ քաղաքական մղումներով, դարձել է այդ կաղապարի տարածողը։ Մինչ իշխանության հասնելը։
Իշխանության գալուց հետո, սակայն, նախկին հայրենասերները կարճ ժամանակում դարձան ՀԱՅՐԵՆԱՎԱՃԱՌՆԵՐ և ոչ միայն հողին չհանձնեցին գլխավոր հող հանձնողին, այլև հաճույքով դարձան հող հանձնելու համահեղինակներն ու պատասխանատուները։ Արցախը նրանց համար քիչ թվաց, և հիմա նրանք նույնպիսի ջերմեռանդությամբ զբաղված են անկլավների հանձնումը փաթեթավորելով։
Նրանցից ոչ մեկը, բնականաբար, այլևս չի հիշում «հող հանձնողին հանձնենք հողին» մանթրան, չի հիշում ոչ թե երիտասարդական ամնեզիայի պատճառով, այլ որովհետև իշխանությունը նրանց համար փողը դարձրեց հողից ավելի սիրելի։ Եվ նրանք արագորեն վերափոխեցին կարգախոսը, որը չի հնչեցվում, բայց բովանդակային իմաստով ունի հետևյալ արտահայտությունը՝ «Հող հանձնողին հանձնենք փողին»։ Դրանով տոգորված՝ հիմա նրանք տքնում են կյանքի կոչել «խաղաղության օրակարգը», որի գլխավոր իրականացնող Նիկոլ Փաշինյանը երևի բոլորին կուրացրել է դրա ֆինանսական հետևանքներից բխող խոստումներով։ Եվ նրանք՝ միով բանիվ, հող հանձնողին հանձնել են ոչ թե հողին, այլ աշխարհաքաղաքական այն ավանտյուրային, որը, իրենց հաշվարկներով ապահովելու է փողով։
Նիկոլ Փաշինյանն Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել անցած տարվա հոկտեմբերին՝ Պրահայում, դրանից հետո տարբեր ձևակերպումներով դա կրկնել է Սոչիում, Բրյուսելում, Երևանում, ամենուր։
Անցած 6 ամիսների ընթացքում Հայաստանի պետական կառավարման համակարգից, բարձրաստիճան, միջին աստիճանի ու ցածրաստիճան հազարավոր պաշտոնյաների շարքերից ոչ միայն՝ 6, այլ անգամ 0.6 պաշտոնյա հրաժարական չի ներկայացրել՝ ի նշան Արցախից հրաժարվելու, մեր հայրենակիցներին ցեղասպանության դատապարտելու Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ անհամաձայնության։ Դա, մեծ հաշվով, այն է, ինչ պետք է իմանալ այսօր Հայաստանում տեղի ունեցողի մասին։
Երբ մահամերձ հիվանդի միմիկան կամ մատները թեկուզ աննշան շարժվում են, չնայած բժիշկների դատավճռին, հարազատները հույս են ապրում, որ նա կարող է փրկվել։ Հայաստանը, ահա, նման է այդ մահամերձ հիվանդին, որը, սակայն, անշարժացել է՝ անգամ թվացյալ որևէ նշան ցույց չտալով։ Հայաստանը գտնվում է մահամերձ երկրից մահացող երկիր փոխադրվելու ճանապարհին, որի ասֆալտապատմամբ հիմա զբաղված է Նիկոլ Փաշինյանը։
Հարություն Ավետիսյան