Կարեն Անդրեասյանի՝ ԱԺ չգնալն ու Անի Մխիթարյանի ընտրության նվաստացուցիչ տապալումը
Մայիսի 24-ին Ազգային ժողովում (ԱԺ) քննարկում էին Վճռաբեկ դատարանի դատավորների հարցը: Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի թափուր տեղի համար առաջադրվել են Արմեն Դանիելյանը, Ելիզավետա Դանիելյանը, Արսեն Նիկողոսյանը, հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար՝ Կարեն Աղաջանյանը, Լիզա Գրիգորյանը և Կարեն Թումանյանը, իսկ քաղաքացիական պալատի թափուր տեղի համար առաջադրվել են Վահագն Թորոսյանը, Լիլիթ Խաչատրյանը և Անի Մխիթարյանը:
Ուշագրավ է, որ դատավորների թեկնածուներին ներկայացնելու էր եկել ոչ թե Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Կարեն Անդրեասյանը, այլ ԲԴԽ իրավաբան-գիտնական անդամ Վիգեն Քոչարյանը:
Լայն հանրության համար միգուցե սա նորմալ ընթացակարգ դիտվի. Երբ ԲԴԽ նախագահն արձակուրդում կամ գործուղման է, նրա փոխարեն հանդես է գալիս ԲԴԽ անդամներից որևէ մեկը… Բայց…
Եթե խոսքը գնար ինչ-որ սեմինարի, միջազգային կազմակերպության որևէ ներկայացուցչի հետ հանդիպման կամ միջգերատեսչական այս կամ այն միջոցառման մասին, թերևս հասկանալի կլիներ վերոգրյալը, սակայն բոլորովին այլ է Խորհրդարանի չներկայանալու պարագան:
Հազար գործուղում էլ լիներ, ամեն բան կարելի էր այնպես կազմակերպել, որ ժամկետների համընկնում չլինի, և Կարեն Անդրեասյանն ինքը կարողանա Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին ներկայացնել ԱԺ-ում:
Այստեղ կարելի է հիշել, որ, երբ մի անգամ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանն ԱԺ չէր գնացել, ՔՊ-ականները դա դարձրեցին դարի հարցը, հարցը տարան մինչև խորհրդարանական երկրում իշխանության բարձրագույն օրենսդիր մարմինն արհամարհելու դաշտ:
Հիմա Կարեն Անդրեասյանն ԱԺ չի գնում, ու ոչ ոք դրանից պատմություն չի սարքում: Հասկանալի է՝ ինչու… Բայց վերադառնանք ԲԴԽ նախագահի «գործուղման» ու ԱԺ չգնալու դեպքին:
Սա կարող է նշանակել երկու բան՝ կա՛մ դեմարշ Կարեն Անդրեասյանի կողմից, կա՛մ նրան հստակ հրահանգվել է չերևալ ԱԺ-ում:
Դեմարշի թեման առանձնապես արժանահավատ չի դիտվում, որովհետև նրա գլխավերևում փակցված նկարի մարդու հանդեպ Կարեն Անդրեասյանը դեմարշ անել չի կարող. Չի համարձակվի: Իսկ թե ինչո՞ւ կարող էին Կարեն Անդրեասյանին արգելել ԱԺ գնալ, լայն հանրությունը կիմանա շուտով:
Ակնհայտորեն Վիգեն Քոչարյանն իրեն կոմֆորտ զոնայում չէր զգում. Զգացվում էր՝ կաշկանդված է, նյարդային: Տպավորություն էր, որ հընթացս կրճատում է նախապես Կարեն Անդրեասյանի համար գրված տեքստը:
Կարեն Անդրեասյան-Նիկոլ Փաշինյան միջանձնային հարաբերությունների մեջ չենք ցանկանում մտնել, բայց ՎՃռաբեկ դատարանի դատավորների ընտրությունը մի անակնկալ էլ ուներ, որին ոչ ոք չէր սպասում, չէր սպասում նաև անակնկալի գլխավոր հերոսը՝ ԲԴԽ նախկին անդամ, Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածու Անի Մխիթարյանը:
Այն պարագայում, երբ ՔՊ-ն 67 կողմ ձայներով Վճռաբեկի համապատասխան պալատների դատավորներ ընտրեց Ելիզավետա Դանիելյանին և ԴԱՀԿ նախկին պետ Սերգեյ Մեղրյանին, հրապարակայնորեն բոյկոտեց Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թեկնածուի թափուր տեղի համար ընտրությունը, թեպետ մինչ ընտրությունը բոլորը վստահ էին՝ ՔՊ-ի թեկնածուն Անի Մխիթարյանն է, և հենց նա էլ կընտրվի:
Անի Մխիթարյանը, ով մինչ Կարեն Անդրեասյանի՝ ԲԴԽ նախագահ դառնալը, բավականին անկախ դատավորի համարում ուներ, և հենց դրանով առանձնանում էր մյուսներից, անվերապահորեն ընդունել էր Կարեն Անդրեասյանի «կրոնը», ցավալիորեն դարձել ԲԴԽ-ի կոնսենսուսային տրամաբանության բաղադրիչ մասը: Պատճառը բոլորն էին հասկանում. ավարտվում էր Անի Մխիթարյանի պաշտոնավարման ժամկետը ԲԴԽ-ում, և ապագան դասավորելու խնդիր կար, ինչի երաշխիքները Անի Մխիթարյանին Կարեն Անդրեասյանը տվել էր՝ Վճռաբեկ դատարանի դատավորի պաշտոնի տեսքով:
168.am-ի տեղեկություններով՝ Անի Մխիթարյանին խոստացել էին անգամ Վճռաբեկի քաղաքացիական պալատի նախագահի պաշտոնը, բայց ՔՊ-ն ցուցադրաբար բոյկոտեց վերջինիս ընտրությունը:
Այն, որ դա անակնկալ է եղել Անի Մխիթարյանի համար, ակնհայտ է, այլապես վերջինս ԱԺ չէր գնա, մասնակից չէր դառնա այդ խայտառակությանը: Մեր տեղեկություններով՝ ԲԴԽ նախկին անդամը բավականին ծանր է տարել ու տանում իր ընտրության տապալումը, որովհետև ակնհայտորեն ստորացուցիչ էր այն, ինչ տեղի ունեցավ, բայց ամեն ինչ իր գինն ունի, այդ թվում՝ Կարեն Անդրեասյանի ու Նիկոլ Փաշինյանի անձնական ամբիցիաների բավարարմանն ուղղված «կողմ» քվեարկությունների անբաժան մաս դառնալը:
Թե ինչու այդպես վարվեցին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցի մտերիմ Անի Մխիթարյանի հետ, դժվար է ասել: Միգուցե պատճառը կարելի է փնտրել Կարեն Անդրեասյանի՝ ԱԺ չգալու հետ: Միգուցե կա այլ պատճառ, և, օրինակ, ՔՊ-ական ազդեցիկ մի պատգամավոր չի ցանկացել Անի Մխիթարյանին տեսնել Վճռաբեկում:
Եվ վերջում:
Երբ ապրիլի 6-ին 168.am-ը լուր հրապարակեց, որ հնարավոր է՝ Կարեն Անդրեասյանն առաջիկայում հրաժեշտ տա իր պաշտոնին, վերջինս այնպես կորցրեց ինքնատիրապետումը, որ ԲԴԽ խոսնակի անունից, թաքնվելով երիտասարդ կնոջ թիկունքում ու վերջինիս դարձնելով թիրախ, խայտառակ հերքման տեքստ հրապարակեց ԲԴԽ ֆեյսբուքյան էջում, որը հաջորդ օրը՝ ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության ժամանակ, դարձավ լայն ու լուրջ քննարկման առարկա:
Կարեն Անդրեասյանը, այնուամենայնիվ, թող այդքան հանգիստ չլինի, որովհետև մինչև վերջին վայրկյանն Անի Մխիթարյանն էլ էր համոզված, որ ինքը Վճռաբեկ դատարանի դատավոր է դառնալու: