Բաժիններ՝

Եթե Արցախից ՀՀ որևէ բուհ ընդունվեն, կմտածենք, թե երեխաներն ուսումն ինչպե՞ս շարունակեն. Յուրի Քարամյան

ՀՀ բուհերի արցախցի դիմորդները ստեղծված իրավիճակից ելնելով՝ ներբուհական քննությունները կհանձնեն Արցախում: Մայիսի 8-ին ավարտվել է բուհերի ընդունելության հայտագրման փուլը:

Արցախի Հանրապետության Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Յուրի Քարամյանը 168.amի հետ զրույցում հայտնեց, որ դիմորդները հայտագրվել են և՛ Հայաստանի, և՛ Արցախի բուհերում:

«Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելու պատճառով Հայաստանում հունվար-փետրվարին կազմակերպվող 2023/2024 ուստարվա բուհերի ընդունելության առաջին փուլի քննություններին արցախցի դիմորդները չկարողացան գնալ Գորիս և այնտեղ հանձնել միասնական քննությունները։ Հաշվի առնելով որոշ դիմորդների ցանկությունը, մենք միջնորդել էինք, որպեսզի քննություն հանձնեն ՀՀ տարածքում: Որոշվել էր Գորիս քաղաքը, բայց բոլորին զգուշացրել էինք, որ կարող է ճանապարհը փակ լինել: Հիմա քննությունները հանձնելու են այստեղ: Ընդունելությունը հիմնականում կազմակերպվում է  էլեկտրոնային տարբերակով: Եթե ՀՀ որևէ բուհ ընդունվեն, կմտածենք, թե երեխաներն ուսումն ինչպե՞ս շարունակեն»,- նշեց Յուրի Քարամյանը:

Արցախի ԳԹԿ տնօրենի փոխանցմամբ՝ ՀՀ բուհերում Արցախի համար կան հատկացված տեղեր՝ 60 անվճար և 30 վճարովի:

Կարդացեք նաև

«Դիմորդները 101-ն են՝ 90 տեղի համար: Մեծամասնությունն ընտրել է Երևանի պետական բժշկական համալսարանը, ապա՝ ԵՊՀ-ն: Նախընտրել են «Իրավագիտություն», «Օտար լեզվու» (անգլերեն) «Ինֆորմատիկա», «Կիրառական մաթեմատիկա», «Տեղեկատվական տեխնոլոգիաներ», «Ֆինանսներ» բաժինները: Հիմնականում քիչ են ընտրել «Քիմիան», «Մաթեմատիկան», «Կենսաբանությունը», «Աշխարհագրությունը»: Այս տարի քիչ է նաև դիմորդների քանակը «Հայոց պատմություն», «Հայոց լեզու և գրականություն» բաժիններում: Արցախում ևս անվճար տեղերը քիչ չեն. Օրինակ, բնագիտական առարկաների դեպքում, եթե 25 տեղ է հատկացված, 10-ն անվճար է: «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» բաժիններում ընդհանրապես 10 հոգի էլ չի ընդունվում»,- նշեց Յուրի Քարամյանը:

Նա հայտնեց նաև, որ Արցախում դիմորդների ընդհանուր թիվը 572 է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս