«Արարատը հայր առաջնորդ արխետիպն է. այնպես են անում, որ հայկական երազանքը չդառնա ծրագիր». Վանուհի Սիմոնյան
Մայիսի 22-ին Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում մեկ անգամ ևս անդրադարձավ Արարատ ու Արագած սարերին, նպատակը մեկն էր՝ ժողովրդին համոզելով՝ պարտադրել այն միտքը, որ հայերի համար ամենաբարձր հայկական լեռն Արագածն է։
«Խոսելով Արարատի ու Արագածի մասին, ես խոսում եմ Հայաստանի ինքնիշխան տարածք հանդիսացող տարածքի և ինքնիշխան տարածք չհանդիսացող տարածքի մասին։ Արագածը ՀՀ-ում է, Արարատը՝ ՀՀ-ում չէ, եթե խոսքը վերաբերվում է լեռանը, որովհետև քաղաքը ՀՀ-ում է։ Սա շատ պարզ բան է և, ի դեպ, Թուրքիայի պարագայում մենք ունենք հստակ գծագրված սահման, վա՞տ է դա, թե՞ լավ՝ իհարկե լավ է։ Իմ ասածի մեջ որևէ նոր բան չկա։ Երբ ես աշակերտների հետ հանդիպում եմ, խոսք է գնում աշխարհագրությունից, հարցնում եմ՝ երեխաներ, Հայաստանի ամենաբարձր լեռը ո՞րն է, և երեխաների կեսից շատը ասում է՝ Արարատը։ Թուրքիայում ասում են՝ Արարատը Թուրքիայի միջազգայնորեն ճանաչված տարածքի մեջ է, կարծում եմ՝ սա փաստ է։ Երեխաներն այս ամենը իմանում են դպրոցներ դասի գնալուց։ Հիմա, եթե այս երեխաները նման բան են ասում, արդյո՞ք սա նշանակում է, որ Հայաստանը Թուրքիայի տարածքային ամբողջականության նկատմամբ ունի տարածքային պահանջներ»,- վստահեցրեց Նիկոլ Փաշինյանը։
168.am-ի հետ զրույցում «Կէան կրթամշակութային կենտրոն» հ/կ հիմնադիր, ազգագրագետ Վանուհի Սիմոնյանը պատասխանելով մեր հարցին, թե հնարավո՞ր է, որ մի օր ոչնչացվեն այն բոլոր գրքերը, որտեղ գրված է Արարատ լեռան մասին, գովերգվում է լեռը, կամ հնարավո՞ր է, որ մի օր էլ որոշում կայացնեն ՀՀ զինանշանից հանել Արարատ լեռը, ասաց, թե Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ սպասելի է։
«Երեք տարի առաջ, երբ մարդկանց ասում էինք՝ Արցախը հանձնելու է, ավելին, հայկական գյուղերն էլ՝ հետը, միայն կույրը կարող էր այդ ամենը չնկատել, մարդկանց համար այդ ամենը չափազանցված էր։ Բայց այսօր մենք տեսնում ենք, որ այդ ամենը իրականություն է դառնում։ Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն է Հայաստանի ղեկավարը, թուրքական ցանկացած ծրագիր Հայաստանում ի կատար է ածվելու։
Ակնհայտ է, որ այս ամենը նպատակ ունի հայ ազգին զրկել իր ազգային երազանքից, քանի որ յուրաքանչյուր հայ ունի անթաքույց երազանք, որն ամեն հայի հետ է, դա Մեծ Հայքի գաղափարն է։ Թուրքը մեզանից մեր տունը խլել է և վախենում է, որ այդ երազանքը հայության համար կարող է դառնալ նպատակ, ու Թուրքիայի հնարավոր թուլանալու դեպքում, Հայաստանը կարող է կատարել իր նպատակը։ Այնպես են անում, որ հայկական երազանքը չդառնա ծրագիր, ու այն մեր ենթագիտակցությունից ջնջենք։
Արարատ լեռը մեր խորհրդանիշներից է և խորհրդանիշների մակարդակում կորսված հայրենիքի ետ բերելու երազանքն է։
Արարատը նաև մեր վերին ձգտումներն են, զարգացման ճանապարհն է, մեզ համար վերերկրային, կատարելության ձգտումն է»,- նշեց ազգագրագետը։
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ազգի համար իր խորհրդանիշները շատ կարևոր են, այս դեպքում Նիկոլ Փաշինյանը կպչում է այդ խորհրդանիշներից մեկին։
«Արարատն արխետիպով մեծ հայրն է, արական խորհրդանիշն է, օրինակ՝ Արաքսին ասում ենք՝ Մայր Արաքս, իսկ Արարատը հայր առաջնորդ արխետիպն է։ Այսինքն՝ այն, այսպես ասած, մեր աստվածությունն է ինչ-որ իմաստով։
Ինչ վերաբերում է զինանշանից Արարատը հանելուն, ապա Խորհրդային Միության արտգործնախարարներից մեկն այս հարցին շատ լավ է պատասխանել, ասել է՝ եթե Արարատը թուրքը պահանջում է հանել, իրենք էլ պետք է հանեն լուսինը, որովհետև այն համամարդկային է»,- եզրափակեց Վանուհի Սիմոնյանը։